Մեկնաբանություն

Նոր Հայաստանի անարդար արդարությունը

Տարիներ շարունակ իշխանությունը տարբեր մեթոդների՝ ընտրակեղծիքների, ճնշումների, ընտրակաշառքի և այլնի շնորհիվ զավթած նախորդ իշխանությունների ժամանակ ամենաշատ քննարկվող թերություններից մեկն էր արդարության դեֆիցիտը: Երկրում ստեղծվել էր մի իրավիճակ, երբ օրենքը և արդարադատության համակարգը հասարակության կյանքը համակարգող գործիքներից վերածվել էին իշխանական էլիտային և հարուստ խավին սպասարկող «փայտիկների»: Թեկուզ և ամորֆ, ամեն մեկի պատկերացրած արդարության պահանջը, կարծես թե, օդում էր անգամ զգացվում: Եվ այս հանգամանքը ևս իր մեծ դերակատարումն ունեցավ ապրիլյան հեղափոխության մեջ:

Իշխանափոխությունից հետո, երբ ժողովուրդը կարծես թե արթնացել է երկար քնից և զգացել իր իրական ուժը, արդարության գաղափարը սկսեց իր միսն ու արյունը ստանալ: Եվ պարզվեց, որ ամեն մեկս արդարության, օրենքի և առհասարակ պետության մասին մեր շատ սուբյեկտիվ պատկերացումներն ունենք (ինչը, իհարկե, բնական է):

Պարզվեց նաև, որ հասարակության մի ստվար զանգվածի ներկայացուցիչների կարծիքով արդարությունն այն է, երբ՝

•հանդուրժում են միայն այն մտքերը, որոնք անձամբ կիսում են, իսկ մնացածները պետք է կա՛մ համաձայնեն, կա՛մ լռեն, այլապես հեղափոխության և, ինչն ավելի կարևոր է, հայ ժողովրդի թշնամի են և պետք է անհապաղ վտարվեն երկրից (վտարման ուղղությունը, հավանաբար, պետք է լինի Թուրքիա կամ Ադրբեջան).

•գործող իշխանությունների քայլերում տեսնում ես միայն դրականը, իսկ անգամ կառուցողական բնույթի քննադատությունը դիտարկվում է միայն ու միայն նախորդ ռեժիմի շահերի սպասարկման (ընդ որում՝ փողի դիմաց) համատեքստում, և երրորդ տարբերակ այստեղ լինել չի կարող.

•դատական գործընթացը և դատական համակարգի գործունեությունը տեղավորվում է միայն ու միայն վերոնշյալ ներկայացուցիչների՝ արդարության մասին պատկերացումների սահմաններում.

•ոչ մեկը չպետք է ավելի լավ ապրի կամ ավելի հարուստ լինի, քան տվյալ խմբի ներկայացուցիչը, հակառակ պարագայում անհասկանալի է՝ որտեղից են գոյանում ավելի հարուստ մարդու ֆինանսական միջոցները, իսկ եթե անհասկանալի է, ուրեմն ապօրինի են:

Սրանք, իհարկե, գրոտեսկային ոճով գրված տողեր են: Խնդիրը, սակայն, նրանում է, որ, ցավոք, հեղափոխությունից հետո երկրում տիրող էյֆորիան գրոտեսկային էլեմենտներով է հեղեղել նաև իրական կյանքը: Եվ երկրում ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որը, կարծես թե, ապացուցում է, որ Թոմաս Հոբսի՝ «Homo homini lupus est» (Մարդ մարդուն գայլ է) սկզբունքի վրա կառուցված տեսությունը Հայաստանում իր ապացույցն է գտնում:

Ապացուցվում է այն պատճառով, որ հասարակությանը չեն բացատրում՝ ինչ է և ինչի համար է օրենքը, պետությունը, ընտրական գործընթացը: Մարդկանց ասում են՝ դուք եք որոշում և որոշելու: Եվ մարդիկ որոշում են: Եվ ամեն մեկը որոշում է այնպես, ինչպես հարմար է գտնում տվյալ պահին և իր սեփական շահերից ելնելով:

Մինչդեռ պետության և իշխանության հիմնական գործառույթներից է անել այնպես, որ հասարակությունում արդեն առկա կոնֆլիկտները հնարավորինս արագ լուծում ստանան, իսկ հնարավոր կոնֆլիկտների համար բարենպաստ հող չստեղծվի: Բացի այդ, պետությունը պարտավոր է լուծել նաև տարբեր խավերի միջև առկա կոնֆլիկտը:

Գործող իշխանությունների կողմից, սակայն, ինչպես տեսնում ենք, արվում է ճիշտ հակառակը: Խրախուսվում է «գործ տալու» մշակույթը, այլակարծության հանդեպ անհանդուրժողականությունը, միաբևեռ քաղաքական դաշտի ընկալումը, պերմանենտ բողոքների ակցիաների մշակույթը և այլն: Չբացատրելով պատգամավորական մանդատի և առհասարակ ընտրությունների իմաստը, մարդկանց արհեստականորեն ստիպում են անընդհատ ակտիվություն ցուցաբերել պետության խնդիրները լուծելու հարցում, ինչն իմաստազրկում է թե՛ պետության, թե՛ իշխանությունների անհրաժեշտությունը: Չէ որ, էլ ի՞նչ իմաստ ունի մեր աշխատավարձից հարկեր վճարել, որպեսզի բարձրաստիճան պաշտոնյաներն աշխատավարձ ստանան, եթե երկրի խնդիրները պետք է մեր ուսերից կախվեն, և լուծումները մենք առաջարկենք:

Նման իրավիճակը, սակայն, վաղ թե ուշ հանգեցնելու է նրան, որ մարդիկ հոգնելու են թե՛ իշխանությունների գործառույթները հասարակության վրա բարդելուց, թե՛ պերմանենտ քաղաքական և հասարակական ակտիվությունից, թե՛ անկայուն իրավիճակից, երբ ամեն օր երկրի տարբեր ծայրերում բողոքների ալիքներ են: Եվ նորից դուրս են գալու փողոց՝ պահանջելու այնպիսի իշխանություններ, որոնք կսկսեն աշխատել և արդարացնել իրենց աշխատավարձը, կսկսեն պատասխանատվություն կրել արած և չարած գործերի և որոշումների համար: Մի խոսքով՝ իրականացնել իրենց գործառույթները, որպեսզի հասարակության յուրաքանչյուր անդամ վերջապես հնարավորություն ստանա կենտրոնանալ իր անձնական գործերի և մասնագիտական խնդիրների վրա:

Նինա Մարգարյան

Ավելին
Back to top button