ՄեկնաբանությունՎճարովի

«Քաղաքական վարձկանների» հարատևությունը

Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կարծես ստվերում թողեց ներքաղաքական մի հիշարժան իրադարձություն: Քաղաքական ռեանիմացիայի է ենթարկվում բոլորովին վերջերս՝ 2017 թվականի ԱԺ ընտրություններում ընդամենը 3.7 % տոկոս քվե ստացած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը: Սահմանադրական դատարանի հայտնի որոշման «բերկրանքը» դեռ չվայելած՝ անմիջապես հետևեց հիասթափությունը. Վանաձորում կնքվեց տեղական կոալիցիա՝ ՀՀԿ-ՀՎԿ ձևաչափով: Փաստորեն գործի դրվեց բազմաքայլ մի կոմբինացիա: Սկզբում հաղթանակ շնորհվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը ՍԴ որոշման տեսքով, հետո արդեն գործի դրվեց «քաղաքական վաշխառուների» փոխպայմանավորվածությունը: Արդյունքում՝ երեկվա թունդ ընդդիմադիրները, այլոց, իրենց բառերով ասած, «անբարոյական» անվանողները քաղաքական ռենեգատության փորձված մեթոդներով Վանաձորում եկան իշխանության: Երիցս ճիշտ է Արթուր Մեսչյանը, որ երգում է «միայն այն չի վաճառվում, որ ոչ կանգնում է, ոչ ընկնում, որ ոչ լողում է, ոչ թռչում, միայն այն չի վաճառվում: Մնացածը վաճառվում են անաստված այս աշխարհում»:

Ինչո՞ւ են և՛ ատում, և՛ սիրում «քաղաքական վարձկաններին»

«Քաղաքական վարձկան» արտահայտությունը «քաղաքական անբարոյականների» ժամանակակից մեկնաբանությունն է: Որպեսզի այն կոպիտ չհնչի, որոշեցինք փոխակերպել ու ձևափոխել հայտնի այդ արտահայտությունը: Ի դեպ, ուսումնասիրելով բազմաթիվ աղբյուրներ, չկարողացանք հայտնաբերել բոլոր ժամանակների քաղաքական բառամթերքի մաս կազմող, եզրույթ դարձած այդ արտահայտության ակունքը և հեղինակին: Սակայն պարզ է՝ այն միշտ կիրառվել է ճիշտ այն ժամանակ, քաղաքական հաղորդակցության այն դեպքերում, երբ սաստիկ ու սուր, անհաշտ ու կտրուկ ձևակերպումներով հանդես եկող քաղաքական դերակատարները նահանջել են իրենց հռչակած սկզբունքներից: Ընդ որում, ոմանց համար այդ նահանջը քաղաքական շնչառություն ապահովող գործոն եղել և, ավելին, դարձել է քաղաքական ավանդույթ:

/LimiteText/

Այդպիսի քաղաքական ավանդույթ ձևավորողներից է հայաստանյան քաղաքական հնաբնակ ուժերից մեկը՝ նախկին ՕԵԿ-ը: Այժմ այն ռենեյմինգ, բայց ոչ ռեբրենդինգ արած «Հայկական վերածնունդ» կուսակցությունն է: Նոր շրջանի իր խաղն այդ ուժը ցուցադրեց նախ Գյումրիում՝ 2017 թվականի ՏԻՄ ընտրություններից հետո, երբ առաջինը «ճեղքեց» քաղաքական 3 ուժերի բոյկոտի շղթան: Ամիսներ անց այդ կուսակցությունը հանրապետության երրորդ քաղաքում ՝Վանաձորում, ՀՀԿ-ի սիրահոժարությամբ, «տարավ» փոխքաղաքապետի պաշտոնը: ՀՀԿ-ն իր մեկ «զոհով» ճեղքեց «քվորումային շրջափակումը» ու ապահովեց քաղաքական «հանդարտություն»:

Մամուլում անդադար շրջանառվում են ՀՎԿ առաջնորդին առաջիկայում Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու լուրերը: Կարելի է ենթադրել, որ քաղաքական «սիրելի վարձկան» դառնալու թեման կրկին արդիական է քաղաքական այս ուժի համար: Հնարավոր է՝ տարածվող լուրերն առաջիկայում կհամապատասխանեն իրականությանը: Կստացվի, որ տվյալ քաղաքական միավորման, ըստ տարածված կարծիքի, «ծնող» համարվող երկրի այսօրվա առաջին դեմքը տեր է կանգնում իր «ձախողված» զավակին: Կարելի է մտածել նաև, որ քաղաքական տեխնոլոգիաներից օգտվելով՝ ինքը՝ քաղաքական ուժն է տարածում այդ տեղեկատվությունը՝ թեժացնելով իր նկատմամբ ուշադրությունը և դիմելով քաղաքական փոքր շանտաժի:

1997 թվականին երիտասարդ ՕԵԿ-ի ծնունդը ոչ թե քաղաքական, այլ մրցակցային անհրաժեշտություն էր: Այժմ, երբ «Հայկական վերածնունդը», մեծ հաշվով, «քաղաքական աուտսայդեր» է, փորձ է արվում նրան «ոտք-ոտք» առաջ բերել: Բայց մի՞թե հայաստանյան քաղաքական «պատաշարում» բաց մնացած «նիշա» կա: Բոլորը, կարծես, դասավորված են: Մի՞թե քաղաքական «արբիտրները» համարում են, որ քաղաքական նմանօրինակ ուժը դեռևս պահանջարկ ունի, հատկապես 2008 թվականից հետո, երբ հասարակությունը հերթական անգամ հիասթափվեց ՕԵԿ-ից:

Առաջիկա քաղաքական վերադասավորումները, զարգացումներն ու պաշտոնաբաշխումները շատ իրողություններ և անդրկուլիսային խաղեր կբացահայտեն: Առաջին ազդակները կգան հասարակական կարծիքի գեներատորներից: Եթե պետք լինի «սիրել տալ» այդ ուժին, այդպես էլ կանեն, եթե պետք լինի հակառակն «ապացուցել», ապա ատելության մաղձն ու չարաբանությունները կթափվեն լայն խողովակից: Բայց, մեծ հաշվով, իշխանության համար կարևոր չէ հանրային կարծիքը, կարևորը քաղաքական «արբիտրի» քիմքին հաճո պահվածքն է, նրա՝ պաշտոնը պահելու «ստրախովկաները», վիրավորված ինքնասիրությամբ «ընդդիմադիրների» քաղաքական ամբիցիաներն այս գլխից բավարարելը՝ հանուն իր՝ «արբիտրի» հետագա հանգիստ պաշտոնավարման:

«Քաղաքական վարձկանների» սերնդափոխությունը

Հանուն ճշմարտության պետք է ասել, որ մեզանում քաղաքական քամելիոնությունները շատ են, բազմաբնույթ: Կոալիցիաներում «ներս ու դուրս» անող, «դեմ ըլլալով՝ կողմ» արտահայտվողները, գործող իշխանությունների հետ համաձայնվողները, վարիացիաներով ակցաներ կազմակերպողները, մեկ իշխանություն, մեկ էլ՝ իրենց այլընտրանքային ուժ հորջորջողները, ըստ էության, քաղաքական «անարժեքություն» են քարոզում: Եթե հիշենք 2015 թվականի ՀՀԿ-ԲՀԿ «բառային ճանկռտուքները» և այժմյան «փոխադարձ սիրո» արտահայտումները, ապա պարզ կդառնա՝ քաղաքական սկզբունքայնության բացակայությունը, առկա խնդիրների մասին քաղաքական անհրաժեշտությամբ պայմանավորված տարփողելը քաղաքական երաշտ է առաջացրել Հայաստանի քաղաքական դաշտում:

«Վարձկանության» գաղափարաբանությունը մեզանում փոխանցվում է սերնդեսերունդ: Եթե վերլուծենք քաղաքական կուսակցությունների և ուժերի կազմերը, այդ կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչների, «հաճախորդների» ելույթները, կտեսնենք՝ հարափոփոխ դիրքորոշումները, հռչակած սկզբունքներից հրաժարվելը դարձել են կուսակցական ուղեգիծ: «Իշխանություն», «իշխանության կարծիք» կամ «իշխանության դիրքորոշում» հասկացությունները միայն իշխանության սեփականությունը չեն այլևս:

Հիշում եմ՝ իշխանության ներկայացուցիչներից մեկի հետ հարցազրույցիս ժամանակ, խոսելով «այո»-ի և «ոչ»-ի հանրաքվեի մասին, վերջինիս կողմից հնչեց հետևյալ կարծիքը. «Հիմա մեզանից բարձր «այո»-ի համար գոռում է ԲՀԿ-ն»:

Ընդ որում, այդ ժամանակ, եթե հիշում եք, նշյալ քաղաքական ուժն ապրում էր իր «լքվածության» ծանր ժամանակները: Ստացվում է, որ եթե որևէ բնագավառում քարոզվում է սերնդափոխության անհրաժեշտության մասին, ինչը, ըստ քարոզիչների, առաջընթացի երաշխավորն է, ապա քաղաքական դաշտում նոր անձերի «ռասկրուտկան» արդյունք չի տալիս՝ եկողը վարակվում է ավագի քաղաքական անսկզբունքայնությամբ ու պոպուլիզմով: Նշանակում է՝ որակապես նոր դաշտ է պետք, քաղաքական նոր դավանանք, նոր ու ազնիվ մարդիկ քաղաքականության մեջ:

 

Լիլիթ Աղեկյան

Ավելին
Back to top button