Նորություններ

Ավետիսյանների հարազատների՝ Կոստանյանին ներկայացրած վերջնաժամկետը լրացել է

Գյումրիում դաժանորեն սպանված Ավետիսյանների հարազատներն, ինչպես հայտնի է, վերջնաժամկետ էին ներկայացրել ՀՀ դատախազ Գեւորգ Կոստանյանին, որը լրացավ երեկ: Սպանված ընտանիքի բարեկամներն օրեր առաջ Գյումրիում բողոքի ցույցով ներկայացել էին Շիրակի մարզի դատախազություն եւ պահանջում էին, որպեսզի դատախազ Գ. Կոստանյանը ներկայանա Գյումրի: Նրանք հայտարարում էին, որ եթե իրենց բոլոր հարցերին պատասխան չտրվի, իրենք պատրաստվում են սկսել նստացույց, նույնիսկ հասնել ՀՀ նախագահական նստավայր: Ինչպես հայտնի է, ավելի ուշ սպանված ընտանիքի հարազատներին ընդունել են ոստիկանությունում, նրանց հետ զրուցել, որից հետո դիմում են ներկայացրել ՀՀ դատախազ Գ. Կոստանյանին:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում սպանված տանտիրուհու՝ Հասմիկ Ավետիսյանի քույրերից մեկը ներկայացրեց, որ չնայած իրենց նշած ժամկետն ավարտվել է, բայց բողոքի ցույցեր կամ այլ գործողություններ առայժմ չեն նախատեսում: Նրանք սպասում են ՀՀ դատախազ Գ. Կոստանյանի պատասխանին, որից հետո կորոշեն իրենց անելիքը:

Այսօր՝ փետրվարի 27-ին՝ ժամը 14:00-ին, բողոքի ցույց են նախատեսել մի խումբ ՀՀ քաղաքացիներ ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց: Նրանք իրենց համերաշխությունն են հայտնում սպանված ընտանիքին ու բարեկամներին եւ հայտարարում, որ «Գյումրիի ողբերգությունը միայն Ավետիսյանների և գյումրեցիների խնդիրը չէ…»:

Back to top button