Նորություններ

Ավետիսյանների հարազատներին ինֆորմացիոն բլոկադայի մեջ պահելն օրենքի կոպտագույն խախտում է

Հունվարի 12-ին գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակված որոշ փորձաքննությունների արդյունքներ ստացվել են: Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել  են, որ արդյունքների մասին առաջիկայում կտեղեկացնեն:

Նշենք, որ փորձաքննությունները կարող են տալ շատ հարցերի պատասխաններ. հանցագործը մենա՞կ է գործել արդյոք, բոլորը սպանվել են նո՞ւյն ինքնաձիգից, թե՞ ոչ, ինքնաձիգի վրա եղե՞լ է արդյոք խլացուցիչ եւ այլն…

Ավետիսյանների հարազատները տեղյակ են, որ համապատասխան մարմիններն այսօր արդեն կարող են ցանկության դեպքում հրապարակել որոշակի մանրամասներ սպանության գործից: Նրանք հորդորում են չթաքցնել այդ ամենը եւ չպատճառաբանել, թե այդ տեղեկությունները նախաքննական գաղտնիք են պարունակում:

«Տուժողների իրավահաջորդներն իրավունք ունեն իմանալ: Մեզանից թող ոչ մի բան չպահեն: Թող բաց տեքստով հայտարարեն, թե ինչ են պարզել: Հիմա գոնե իրավունք չունեն ասել, թե մենք տեղյակ չենք: Հիմա պատասխան կա ձեռքներին, թող ասեն՝ ինչ է գրված այդ պատասխաններում»,-ասում են հարազատները:

 Ռուբեն Մարտիրոսյան
Ռուբեն Մարտիրոսյան

Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը, սակայն, հայտարարում է՝ ոչ թե պետք է պահանջեն, որ հրապարակվեն այդ արդյունքները, այլ դրանց պատճենները համապատասխան մարմինները պարտավոր են տրամադրել իրենց: Ավելին, պետք է ոչ թե ասեն իբրեւ թե փորձաքննության որոշ արդյունքներ են հայտնի, անցել է այնքան ժամանակ, որ բոլոր փորձաքննությունների արդյունքները պետք է պարզ լինեին, ասում է իրավապաշտպանը:

«Այս պահին պետք է լինեն ե՛ւ դիակների դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները, ե՛ւ դատաձգաբանական, ե՛ւ դատահետքաբանական զենքի փորձաքննությունը, ե՛ւ հագուստների, ե՛ւ դատաքիմիական, դատակենսաբանական եւ այլ փորձաքննությունների արդյունքները: Ըստ օրենքի՝ նախաքննական մարմինը պարտավոր է ծանոթացնել տուժող կողմին այն որոշումների հետ, որոնց հիման վրա նշանակվել են փորձագիտական եզրակացություններ: Վերջում, երբ որ փորձագիտական եզրակացությունները պատրաստ են, պարտավոր են ծանոթացնել տուժող կողմին այդ եզրակացությունների հետ: Ոչ թե հրապարակել կամ չհրապարակել, այլ իրենք պարտավոր են տուժող կողմին ներկայացնել այդ փորձագիտական եզրակացությունների պատճենները: Ես հարց եմ տալիս՝ ինչու՞ են տուժողի իրավահաջորդները պահանջում հրապարակել: Տուժողի իրավահաջորդները, ավելի կոնկրետ նրանց ներկայացուցիչները, փաստաբանը պետք է պահանջեն իրենց ներկայացնել փորձագիտական եզրակացությունների պատճենները»:

Իրավապաշտպանը կարծում է, որ պետական մակարդակով է արվում է ամեն ինչ՝ հարազատներին ինֆորմացիոն բլոկադայի մեջ պահելու համար:

«Հայաստանի իշխանությունները ռիսկ չեն անում թփրտալ: Փորձագիտական եզրակացությունները նախաքննական գաղտնիքներ չեն: Չի կարող փորձագիտական եզրակացությունը լինել նախաքննության գաղտնիք: Տուժող կողմերն իրավունք ունեն ծանոթանալ փորձագիտական եզրակացությունների հետ: Դա օրենքն է ասում: Ես ձեզ կարող եմ իմ վարույթում գտնվող 20 սպանության գործ թվարկել, որոնք բոլորը նախաքննության ժամանակ տուժող կողմին են տվել փորձագիտական եզրակացությունների պատճենները: Դա ոչ միայն չի արգելվում, այլ նաեւ կրկնում եմ՝ պարտադիր է: Տուժող կողմը պետք է իմանա այդ ամենի մասին: Պետք է իմանա՝ ի՞նչ հագուստների փորձաքննություն է կատարվել, հագուստների վրա ի՞նչ արյան հետքեր են հայտնաբերվել, հայտնաբերվե՞լ են, թե՞ ոչ: Մենք այսօրվա դրությամբ չունենք ոչ մի ուղղակի փաստ: Մենք ընդամենը խոսում ենք Պերմյակովի մասին որպես մարդասպան՝ ռուսական կողմի հուշումով: Իսկ եթե ուրի՞շ մարդ է մարդասպանը…»,- հարցնում է իրավապաշտպանը:

Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարում է, որ այսօր ստեղծված են արհեստական խոչընդոտներ: Ժամանակն անցնում է, սակայն որեւէ կոնկրետ բան մեզ հայտնի չէ. «Ամեն ժամ մենք կորցնում ենք, իսկ օրենքը ոտնահարվում է»: Ասում է՝ տուժող կողմերի իրավահաջորդների փաստաբանը, ներկայացուցիչները պետք է ազնվորեն աշխատեն՝ առանց երկակի խաղերի, հարազատներն էլ պետք է հետեւողական լինեն: Եթե որեւէ մեկը թերանում է իր գործում, բացարկ հայտնեն:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների հարազատները երկօրյա ժամանակ են տվել գլխավոր դատախազին, որ նա պատասխանի իրենց հուզող հարցերին: Փետրվարի 23-ին նրանք Շիրակի մարզի դատախազությունում՝ դատախազ Րաֆֆի Ասլանյանի հետ հանդիպման ժամանակ նշեցին, որ այլեւս չեն պատրաստվում նստել եւ սպասել, թե քննչական կոմիտեն ինչը նպատակահարմար կգտնի ասել իրենց, ինչը՝ ոչ:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում հարազատները փոխանցեցին, որ իրենք կսպասեն եւս մեկ օր եւ դուրս կգան փողոց՝ պայքարի:

«Կոստանյանը երեւի ասելիք չունի, դրա համար չի գալիս: Որովհետեւ պատասխան չունի, չգիտի՝ ինչ է ասելու, դրա համար չի գալիս: Վաղը կսպասենք մինչեւ ժամը երկուսը, եթե եկավ, եկավ, չեկավ, մենք ցույցեր ենք անելու»,- ասաց ընտանիքի ազգականներից մեկը:

Back to top button