Նորություններ

Բակո Սահակյանը սկզբում համաձայնել էր, որ մենք մեկնեինք Արցախ եւ այդ իրազեկումն անեինք ուղիղ եթերով. Սեֆիլյան

Հունվարի երեսունմեկին Բերձորում տեղի ունեցած միջադեպի եւ դրան նախորդած ու հաջորդած զարգացումների մասին է այսօր հրավիրված մամլո ասուլիսում խոսել Հիմնադիր խորհրդարանի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Նա նախ հայտարարեց. «Ինչ տեղի ունեցավ, դա պետք չէ վերագրել արցախցուն, այդ վայրենությունը, որ կատարվեց մեր նկատմամբ, արցախցին կապ չունի: Շատերը կփորձեն օգտագործել այդ դեպքերը եւ ավելի սեպը խորացնել ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի միջեւ, սակայն արցախցին կապ չունի»,- ասաց Սեֆիլյանը: Նա նշեց, որ մինչեւ դեպքը տեղի են ունեցել մի շարք այլ գործողություններ: Ըստ Ժ.Սեֆիլյանի՝ երբ իրենք որոշել էին ավտոերթ իրականացնել դեպի Արցախ, դրանից երկու օր առաջ իրենց հետ են կապվել Ստեփանակերտից:

«Մինչեւ այդ, այն օրվանից, որ մենք դրել էինք շրջանառության մեջ, որ մեկնում ենք Արցախ, դրանից հետո նրանց կողմից կառավարվող մի քանի գրչակ սկսել էին սեւացնել մեր շարժումը, անհիմն վիրավորանքներ հասցնել, եւ դա գեղի մակարդակի տեղեկատվական հարձակում էր, որը սկսվել էր մեր վրա: Երբ տեսան, որ դրանք արդյունք չեն տալիս, փորձեցին համոզել, որ հրաժարվենք ավտոերթից: Դեպքից երկու օր առաջ Արցախում Վահան Բադասյանի ներկայությամբ տեղի ունեցավ հանդիպում տեղի ոստիկանապետի հետ, որը խնդրում էր, որ մենք մտափոխվենք, ես ասեցի, որ հնարավոր չէ: Նա փորձում էր կոմպրոմիս առաջարկներ անել, մի քանի անգամ է տեղի ունեցել այդ զանգը, նա ասեց, որ խոսել է Բակո Սահակյանի հետ, եւ նա համաձայնել է այն մտքին, որ մենք մեկնենք Արցախ եւ իրազեկումը անենք ուղիղ եթերով, եւ այդ ուղիղ եթերի բովանդակության հետ կապված մեզ հրավիրեցին, որպեսզի պայմանավորվենք»,- պատմեց Սեֆիլյանը:

Նա նշեց, որ չնայած վստահ չլինելով, բայց հրավերն ընդունել եւ մեկնել են Արցախ: «Բնական է, երբ հասանք տեղ, Բակո Սահակյանը բացահայտ ստեց եւ ասեց, որ նման խոստում չի տվել: Սկզբնական շրջանում նա փորձում էր հիմնավորել, թե ինչու մենք չպետք է մեկնենք Արցախ, բայց մենք ունեինք հակափաստարկներ: Բակո Սահակյանը խոստովանեց, որ իրենք երկար տարիներ երազում են մտնել ԵՏՄ, մեզ համար ցավալի էր լսել այսպիսի միտք, այն, որ ազատ Արցախում գալիս է մի չինովնիկ եւ ասում է, որ իրենք երազում են մտնել ԵՏՄ, ՀՀ կարողացել է, եւ Արցախը չի կարողացել, եւ նրանք հնարքներ են ման գալիս, որպեսզի կարողանան մտնել ԵՏՄ»,- շարունակեց բանախոսը:

Առանձին հանդիպումից հետո, Սեֆիլյանի խոսքով, տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում, որտեղ ներկա էր ԱԱԾ պետը, փոխվարչապետը, դատախազը եւ այլն: «Այդ հանդիպումից մի անգամ եւս մենք համոզվեցինք, որ գործ ունենք կառավարման օղակի հետ, որը երբեք ադեկվատ չի: Այդ ընթացքում նրանք անընդհատ փորձում էին համոզել, խնդրել, որ ավտոերթը չեղյալ համարենք: Բոլորին ես ճանաչում էի պատերազմից, ուրիշ հարց էր, որ նրանցից շատերը խաղաղ պայմաններում չկարողացան դիմակայել նյութականին:

Խնդրեցին, որ մենք մտափոխվենք եւ հրաժարվենք ավտոերթից, տխուր էր, որ գեներալ կոչեցյալները, որ նստած էին մեր դիմաց, նրանք անձնական կարծիք չունեին, այլ ասում էին մտքեր, որոնք պետք է դուր գային Բակո Սահակյանին, ով գտնվում էր ոչ թե մի կամ երկու աստիճան բարձր, այլ հարյուր աստիճան: Նրանք քծնողական ոճով փորձում էին արտաբերել մտքեր, որ շեֆը չնեղանա: Նրանք քծնում էին նաեւ Սերժ Սարգսյանին, որ այստեղ Երեւանում նստած խանին դուր գա: Այնտեղ տեղի չի ունեցել բանավեճ, այնտեղ մարդիկ չէին, որոնք ունեին սեփական կարծիք, մենք հարգեցինք նրանց անցած ուղին, չնայած, որ խաբելով էին մեզ հասցրել: Մենք բաժանվել ենք առանց ասելու, որ հրաժարվելու ենք ավտոերթից»,- պատմեց Սեֆիլյանը: Նա ասաց, որ այդ օրը երեկոյան Ստեփանակերտում իրենց համախոհների հետ հանդիպել են եւ որոշել են հետաձգել ավտոերթը:

«Օրեր անց մենք հայտարարեցինք, որ հետաձգել ենք ավտոերթը, իսկ հունվարի սկզբից էլի խղճուկ ինֆորմացիաներ տարածեցին, Արցախում սկսեցին տարածել մեր մասին ապատեղեկատվություն, թե մենք գնում ենք կատարելու հեղաշրջում, հայաստանցի զինակոչիկներին հավաքելու եւ հետ բերելու, նպատակ ունենալով մոլորեցնելու ժողովրդին, հրեշացման պրոցես են ցանկացել իրականացնել եւ դրանք կատարել են պետական ամենաբարձր մակարդակով: Միայն այս փաստը նկատի ունենալով՝ մենք կարող ենք ասել, որ այն, ինչ կատարվեց, դա կազմակերպվել է Բաղրամյան քսանվեցի հրահանգով, թե հավանությամբ, այդքան էլ էական չէ: Տեղի է ունեցել պետական հանցագործություն»: Այս ամենն արդեն իսկ սկիզբն էր, որը շարունակվեց հունվարի երեսունմեկին: «Մենք Գորիսը անցել էինք, երբ տեղեկացանք, որ Ստեփանակերտից մեր համախոհները, որոնք ուղեւորվել էին Բերձոր, նրանք այդտեղ հարձակման էին ենթարկվել, ծեծվել եւ բերման ենթարկվել, հետո բաց թողնվել, եւ մեր համախոհները նրանց տեղափոխել էին հիվանդանոց: Այդ ժամանակ ես հասկացա, որ ճանապարհը մեզ համար փակ է լինելու: Իմ համար սակայն դա բավարար չէր, եւ փաստը պետք է արձանագրեի տեղում, դրա համար առաջ շարժվեցինք»,- ասաց Սեֆիլյանը:

«Հիշեցի պատերազմի օրերը, թե ինչպես են ծուղակ դնում, դիպուկահարներ շարում, ոստիկանները ճանապարհները փակել են, գռաժդանսկի թափթփուկներ կային, ինձ համար հասկանալի էր այդ ամենը, փաստը ֆիքսելուց հետո անմիջապես հետ շրջվեցի: Այնտեղ կար մի փոխգնդապետ, նա զեկուցեց, թե ինչու են արգելում մեր մուտքը Արցախ: Մենք օրենքից էինք հարցնում, եւ նրանք բնականաբար չէին կարող պատասխանել, ես անմիջապես շրջվել եմ եւ հրահանգել եմ հետ վերադառնալ: Այդ ժամանակ էլ հարձակումը սկսվել է, եւ ինձ հարվածել են թիկունքից, ես այդ ընթացքում էլ հորդորել եմ արագ հետ վերադառնալ: Ես եթե անգամ մեքենայից չիջնեի, այդ նույնը տեղի ունենալու էր, հրագանգ կար, որ ջարդեն, փշրեն, նույնիսկ կարող էր սպանություն տեղի ունենար»,- պատմեց Ժիրայր Սեֆիլյանը:

Սեֆիլյանը նաեւ որոշ մանրամասներ պատմեց իր եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ տեղի ունեցած հանդիպումից: Սեֆիլյանն ասաց, որ Օհանյանի հետ առաջին հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի վերջին, եւ այդ օրը ոչ մի խոսակցություն չի եղել ավտոերթի մասին, այլ իրենք խոսել են ներքաղաքական խնդիրներից: Իսկ երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել ավտոերթից երկու օր առաջ: «Այդ հանդիպումները եղել են անպաշտոն, եւ ի թիվս այլ հարցերի՝ մենք անդրադարձել ենք նաեւ ավտոերթին, եւ նա ինձ փոխանցել է Բակո Սահակյանի խնդրանքը, որ մենք մտափոխվենք, եւ ես ասեցի, որ ոչ»,- ասաց Սեֆիլյանը: Նա հունվարի երեսունմեկին տեղի ունեցածը համեմատեց մարտյան ողբերգական իրադարձությունների հետ՝ նշելով, թե միակ տարբերությունն այն է, որ բարեբախտաբար զոհեր չեղան:

Back to top button
Close