Նորություններ

Աբրահամյանն առեւտրականներին կպատասխանի երկուշաբթի

Փետրվարի մեկից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխություններին դեմ արտահայտվող փոքր ու միջին ձեռներեցները այսօր դարձյալ հավաքվել են ՀՀ կառավարության շենքի դիմաց: Նրանց պահանջը նույնն է՝ կասեցնել օրենքը: Հիշեցնենք, երեկ մի քանի ժամ շարունակված ակցիայի ընթացքում, ինչպես և նախորդող օրերին, ցուցարարներին որևէ պաշտոնյա չընդունեց ո՛չ նախագահականում, ո՛չ կառավարությունում:

«Իջնեն ի՞նչ ասեն, ասեն՝ լավ ենք անում, որ ձեզ դնում ենք կացինի տակ»,-ասում է բողոքի ակցիայի մասնակից Արմեն Խաչատրյանը:

Իշխանությունները պնդում են, որ օրենքի պահանջը, այն է՝ 100 տոկոս պարտադիր փաստաթղթավորումը, նպատակ ունի ստվերից դուրս բերել խոշոր բիզնեսին: Ցուցարարները պնդում են, որ սա ծուղակ է իրենց համար:

«Իրենք շատ լավ գիտակցում են՝ ովքեր են այդ խոշոր հարկատուները, որոնք չեն գալիս և չեն էլ կարող իրենց բերել հարկային դաշտ, որովհետև թող ինչ-որ մեկը կանգնի ասի, որ «Մեգաֆուդը» աշխատում է թղթով, որ «Մեգաֆուդը» չի պատկանում Խաչատրյան Գագիկին: Այնինչ մենք տեսնում ենք՝ մաքսային և հարկային մարմինները ղեկավարվում են մեկ մարմնի, այն է՝ ֆիննախի կողմից, որը ինքը կանգնած է այս օրենքի ընդունման հիմքում, և այդ մարդիկ ուզում են բերել խոշոր բիզնեսը հարկային դա՞շտ»,- հարցադրում է անում ձեռներեց Արմեն Խաչատրյանը:

Ստացվում է, օրինակ, Գագիկ Խաչատրյանը, ում առևտրականները այս օրենքի «կնքահայր» են անվանում, նման փոփոխությամբ պարտադրում է փոքրին, որպեսզի իրենից փաստաթուղթ պահանջեն: Զավեշտը, սակայն, այստեղ այլ է, բարձրաձայնում են փոքր ու միջին ձեռներեցները:

«Ու հետո պարտադրում է, որ մենք գնանք հարկայինի աշխատողին մատնացույց անենք, որ ֆիննախին պատկանող հիմնարկը, օրինակ, մեզ թուղթ չի տալիս»,- ասում է ակցիայի մասնակիցը:

Իրենց պահանջը լիովին արդար համարելով՝ բողոքի ակցիայի մասնակիցները կառավարության շենքի դիմաց «կասեցում» էին վանկարկում, և քանի որ նրանց պահանջը անարձագանք մնաց, սկսեցին անդադար բղավել. «Հովի՛կ, դու՛րս արի», իսկ «Հովի՛կ, հեռացի՛ր» վանկարկման հետ ոչ բոլորն էին համաձայն, ասում էին՝ պետք չէ քաղաքականացնել:

Ավելի ուշ բողոքի ակցիայի մասնակիցները միասնական որոշում ընդունեցին. եթե կառավարությունից դրական պատասխան չստանան, ապա բոլորով, միաժամանակ, կառավարությանն են հանձնելու իրենց անհատ ձեռներեցների գրքույկները: Այլ ելք չեն տեսնում, փոփոխված օրենքով աշխատելն էլ անհնարին են համարում:

Որոշ ժամանակ անց մի քանի ժամ շարունակ բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների մոտ իջավ կառավարության դիմում-բողոքների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը և հորդորեց ցուցարարներին կազմել 10-15 հոգանոց պատվիրակություն, որը կբարձրանա վարչապետի մոտ պահանջները քննարկելու համար: Պնդումները, թե թող Հովիկ Աբրահամյանը ինքն իջնի, ապարդյուն անցան, և մոտ 10 հոգուց բաղկացած խումբը բարձրացավ վերև: Վարչապետի հետ հանդիպումը ավելի քան երկու ժամ տևեց:

Այդ ընթացքում կառավարության շենքի մոտ եկան ԲՀԿ խմբակցության պատգամավորներ: ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանն ասում է, որ ինքը ևս դեմ է փոփոխություններին: Եթե փոքր ու միջին ձեռներեցները աշխատեն ամբողջական փաստաթղթավորմամբ, ապա կունենան շրջանառության ծավալի աճ և կսկսեն հարկվել ոչ թե շրջանառության, այլ ավելացված արժեքի հարկով:

«Եթե նրանք հայտնվում են ԱԱՀ-ի դաշտում, դա նույնն է, որ շրջանառության հարկի 8 տոկոսով աշխատեն, սա իհարկե նույնն է, որ ոչ ոք այս բեռի տակից չի կարող դուրս գալ: Դրա համար մենք ասում ենք, որ թող տարի ու կես, 2 տարի մենք փորձենք կամավոր, նաև եղած 3,5 տոկոսը պահպանենք, և կյանքը ցույց կտա, թե որ ճանապարհով ենք գնում»,- ասում է Միքայել Մելքումյանը:

Պատգամավորները խոստացան երկուշաբթի օրը ԱԺ նիստի սկզբում առաջարկել, որպեսզի հրավիրվի արտահերթ խորհրդակցություն, որին կմասնակցի նաև ֆինանսների նախարարը: Պատգամավորների հեռանալուց հետո կառավարության շենքից դուրս եկան Հովիկ Աբրահամյանի պատասխանն ստանալու համար նրա մոտ բարձրացած քաղաքացիները: Նրանցից ոմանց տրամադրվածությունը փոխվել էր ու իրենց համար նոր բացահայտումներ էին արել.

«Էնքան եմ ոգեշնչվել պարոն Աբրահամյանից, որ հասկացա էն, որ պարոն Աբրահամյանը մեր կողմից է»:

Ներկաները թյուրիմացաբար կարծեցին, թե Աբրահամյանը հայտնել է օրենքը կասեցնելու որոշման մասին, բայց ոչ, պարզվեց՝ վարչապետը խոստացել է հարցը քննարկել կառավարության մյուս անդամների հետ:

Աբրահամյանը կառավարության մյուս անդամների հետ հարցը քննարկելուց հետո երկուշաբթի մինչև ժամը 18:00 առևտրականներին կտեղեկացնի իր որոշման մասին: Իսկ կառավարությանը ներկայացված պահանջները հետևյալն են՝ կիրառել կամավորության սկզբունք, բարձրացնել շրջանառության հարկի շեմը, դադարեցնել հարկային մարմինների կողմից կամայական ստուգումները:

Back to top button