Նորություններ

ՀՀ կառավարության նիստում քննարկում են բողոքի ցույց անող առեւտրականների պահանջը

ՀՀ կառավարությունում հանդիպում կկազմակերպվի բողոքի ակցիաներ անցկացնող տարբեր տոնավաճառների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նրանց կողմից բարձրացրած հարցերը: Այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:Վերջինս  առաջարկեց ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Միրումյանին ներկայացնել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի շուրջ տնտեսվարողների հետ նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Վ. Միրումյանն ասաց, թե նոր օրենքը, որն ընդունվեց նախորդ տարվա հունիսին, նախատեսում էր փոխզիջումային տարբերակ: Մասնավորապես, շեշտակիորեն նվազեցվեց հարկային բեռը՝ սահմանելով փաստաթղթավորման պարտադիր պահանջ: «Օրենքի կիրառումը նախորդ տարվա հոկտեմբերի մեկից տեղափոխվեց մինչ փետրվարի մեկը, ինչը պայմանավորված էր չկարգավորված հարցերով, որոնք գործընթացի իրականացումը դժվարացնում էին: Կային բազմաթիվ տնտեսվարողներ, ովքեր ՀՀ-ի տարածքից դուրս կատարում էին ապրանքային ձեռքբերումներ, սակայն տեղափոխությունը կատարում էին մասնագիտացված կազմակերպության միջոցով, ովքեր փաստաթղթով չէին աշխատում: Կառավարությունն այդ նպատակով ընդունեց նոր նախագիծ, որով կարգավորվեց այդ խնդիրը: Մյուս հարցը վերաբերում էր գույքագրման սահմանված ձևին, որն ըստ տնտեսվարողների, մատչելի չէր: Մենք վերանայեցինք նաև այդ ձևը և էականորեն հեշտացվեց ապրանքների գույքագրման կարգը, որը պետք է ներկայացվի ընդամենը մեկ անգամ՝ ներկայացնելով ապրանքախմբի անվանումը և քանակը»,- նշեց Միրումյանը:

Ֆինանսների փոխնախարարի խոսքով՝ հաջորդ հարցը վերաբերում էր օրենքի շուրջ իրազեկման խնդիրներին: Վ.Միրումյանի խոսքով՝ այս ընթացքում հասարակական կազմակերպությունները բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել տնտեսվարողների հետ, իրազեկել նրանց գործընթացը կազմակերպելու համար:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այսօր կազմակերպվելու է հանդիպում տնտեսվարողների հետ՝ հավելելով, թե կառավարությունը նրանց հետ ինչ պայմանավորվել էր, կատարել է: Ապա նա հարցրեց Միրումյանին, թե կա՞ն նոր պահանջներ առեւտրականների կողմից: Ի պատասխան փոխնախարարն ասաց, թե իրեն հայտնի չէ:

Հավելենք, որ այս պահին ՓՄՁ-ների ներկայացուցիչները հավաքվել են կառավարության շենքի առջև:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքով առաջարկվում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոսի, միաժամանակ, տնտեսավարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ: Օրենքն ուժի մեջ պետք է մտներ 2014 թվականի նոյեմբերից 1-ից, սակայն բողոքի ակցիաներից հետո օրենքի գործողության ժամկետը հետաձգվեց մինչև փետրվարի 1-ը։ Նոր փոփոխությամբ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում տնտեսվարողը նախազգուշացվելու է, երկրորդ անգամ՝տուգանվելու 20 հազար դրամով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Ավելի վաղ գործադիրի ներկայացուցիչները նշում էին, որ օրենքն ուղղված է խոշոր բիզնեսին  հարկային դաշտ բերելուն:

Back to top button