Նորություններ

«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ բողոքող առեւտրականները դարձյալ ՀՀ կառավարության շենքի դիմաց են (ԼՐԱՑՎԱԾ)

Փետրվարի մեկից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխություններին դեմ արտահայտվող փոքր ու միջին ձեռներեցները այսօր դարձյալ հավաքվել են ՀՀ  կառավարության շենքի դիմաց:
Նրանց պահանջը դարձյալ նույնն է՝ կասեցնել օրենքը:

Հիշեցնենք, երեկ մի քանի ժամ շարունակված ակցիայի ընթացքում, ինչպես և նախորդող օրերին, ցուցարարներին որևէ պաշտոնյա չընդունեց ո՛չ նախագահականում, ո՛չ կառավարությունում:

Իշխանությունները պնդում են, որ օրենքի պահանջը՝ այն է 100 տոկոս պարտադիր փաստաթղթավորումը, նպատակ ունի ստվերից դուրս բերել խոշոր բիզնեսին:

Ցուցարարները պնդում են, որ սա ծուղակ է իրենց համար:

Բողոքի ակցիայի ժամանակ առեւտրականներն անդադար վանկարկում են. «Հովի՛կ, հեռացի՛ր, Հովի՛կ, դու՛րս արի»: Սակայն կառավարության շենքից առայժմ ոչ մի պաշտոնյա դուրս չի եկել՝ ցուցարարներին լսելու:

Լրացված 12:04

Ակցիան ՀՀ կառավարության շենքի դիմաց շարունակվում է: Առայժմ ցույցի մասնակիցներին ՀՀ կառավարությունից ոչ ոք չի լսել: Ցուցարարներից մեկը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, թե օրենքը, որի դեմ իրենք հիմա բողոքում են, զավեշտ է: Ըստ նրա՝ օրենքով ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը պարտավորեցնում է ինքն իրեն՝ փաստաթուղթ տալ փոքր ու միջին ձեռնարկատերերին:

«Օրինակ, ո՞վ կարող է փաստաթուղթ պահանջել «Մեգաֆուդ»-ից, իրենք այս ամենն անում են մեզ ծուղակը գցելու համար, Հովիկ Աբրահամյանը չի կարող պարտադրել Գագիկ Խաչատրյանին, որ «Մեգաֆուդը» փաստաթուղթ տա, մե՞զ է խառնում»,- դժգոհում են ցուցարարները:

Առեւտրականները նաեւ ասում են, որ եթե շարունակեն իրենց արհամարհել, մասսայական բոլոր առեւտրականները կհրաժարվեն իրենց ձեռնարկություններից. «Ամեն ինչ կհանձնենք իրանց՝ բոլորս միասին, պայմանավորվածություն կա, ամենայն լրջությամբ հայտարարում ենք»:

Ցուցարարները հայտարարել են, որ իրենց պահանջները չկատարելու դեպքում, կառավարության շենքի դիմաց անժամկետ նստացույց կհայտարարեն:

Լրացված 12:44

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց անող առեւտրականներից 10-15 հոգու: Նրանք գնացել են հանդիպման՝ ներկայացնելու առեւտրականների պահանջը, իսկ մյուս ցուցարարները սպասում են կառավարության շենքի դիմաց:

10721394_767152906708781_1234065924_n

10966843_767137376710334_384834364_n10956159_767137373377001_830203453_n

Back to top button