«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ բողոքողները նախագահական նստավայրի դիմաց են

Այս պահին լարված իրավիճակ է ՀՀ Նախագահական նստավայրի դիմաց: Փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ բողոքող հարյուրավոր ցուցարարներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Բաղրամյան 26-ի դիմաց:
Առեւտրականների պահանջները նույնն են՝ կասեցնել փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները: Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ոչ միայն մայրաքաղաքի տարբեր տոնավաճառների աշխատակիցներ, այլ նաեւ մարզերից եկած առեւտրականներ: Չնայած նախագահականի մոտ ոստիկանների աննախադեպ հսկողությանը, ակցիայի մասնակիցներին հաջողվել է հատել հանդիպակաց փողոցն ու մոտենալ նախագահական նստավայրի ճաղավանդակներին:
Ոստիկանները հորդորում են ակցիայի մասնակիցներին հեռանալ, սակայն վերջիններս շարունակում են պահանջել «կասեցում»: