Ցուցարարները փորձում էին շրջել ոստիկանական մեքենան եւ վիճակը անկառավարելի է դառնում

Ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառում: Քիչ առաջ Գյումրու կենտրոնում ուժեղ պայթյուններ եղան, որոնք ուժեղ լույս են արձակում: Իսկ ցուցարարները քար են շպրտում ոստիկանների ուղղությամբ:
Ինչպես փոխանցում է ԳԱԼԱ-ի թղթակիցը, ուժեղ պայթյուններից որոշ ցուցարարներ տուժել են: Նրանց հագուստներն են այրվել…Ոստիկանները մահակներով հարվածում են, անգամ մեկ քաղաքացի կորցրել է գիտակցությունը: Հավանաբար 4-5 հոգու էլ տեղափոխվել են հիվանդանոց: Ձայնային հատուկ միջոցներ են կիրառում ժողովրդին հանդարտեցնելու համար: Գյումրեցիները մի պահ ոստիկանների մեքենայի վրա են հարձակվել, փորձում էին շրջել մեքենան: Հետո պարզվեց, որ ներսում ԱԺ պատգամավոր Զ. Փոստանջյանն էր, ով բարձրախոսով կոչ էր անում դադարեցնել բողոքի գործողությունները:
Ցուցարարները ավելի ագրեսիվ են դառնում, երթին մասնակցում են նաեւ սպանված ընտանիքի հարազատները, հատկապես նրանք բավականին բորբոքված են: ԱԺ պատագամավորներ Զ. Փոստանջյանը, Մարտուն Գրիգորյանը զրուցում են նրանց հետ, համոզում, հորդորում, որ «մեզ նոր Մարտի մեկ, նորից արյուն թափել պետք չէ»: Բանն այն է, որ գյումրեցիները եւ հատկապես սպանված ընտանիքի հարազատները չեն հավատում, որ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող անձը Գյումրիում է: Նրանք կարծում են, որ արդեն իսկ Պերմյակովին տեղափոխել են Մոսկվա: «Դատախազը խոստացավ, որ մեզնից մարդ է գնում ֆոտո ու վիդեո են բերում, որ մենք համոզվենք, որ այդ սրիկան, այդ լակոտը ստեղ է…»,-պահանջում են նրանք:
ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հորդորեց բնակիչներին գնալ եւ ակցիան շարունակել դատախազության շենքի դիմաց՝խոստանալով, որ ինքն ու Զարուհի Փոստանջյանը կգնան եւ կստուգեն՝այնտեղ է արդյոք այդ անձը, թե նրան տարել են: Որի մասին տեղյակ կպահեն գյումրեցիներին: Բողոքի ակցիան հիմա շարժվում է դեպի դատախազություն: