Նորություններ

Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգ, զինվորական հանդերձանք, պայուսակ եւ կոշիկներ

Գյումրիում դաժան սպանություն կատարելու մեջ կասկածվող հետախուզվող ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը Չիտա քաղաքից է: Նա գրանցված է սոցիալական ցանցերից մեկում: Ըստ այդ տեղեկությունների՝ նա ամուսնացած չէ, սովորել է գիշերօթիկ դպրոցում:

Կան նաեւ խոսակցություններ, որ կասկածյալի եղբայրը Ռուսաստանում սպանության համար դատապարտված է, ներկայում գտնվում է անազատության մեջ:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ԳԱԼԱ-ի հետ զույցում փոխանցեց, որ զինծառայողը ինքնաձիգը, հագուստը, զինվորական պայուսակը թողել է տանը, ուր կատարել է ոճրագործությունը:

«Դեպքի վայրում հայտնաբերվել է AKC տեսակի ինքնաձիգ, որը իր տեսակով նույնն է, ինչ կրել է այդ զինծառայողը: Դեպքի վայրում կա նաեւ հագուստ, կոշիկներ եւ զինվորական պայուսակ: Ինքնաձիգի հետ կապված ասեմ, որ տանը մնացածը եւ այն, ինչ կրել է տվյալ զինծառայողը, արտաքինից նույնն է: Իհարկե հետագայում նաեւ կնշանակվի փորձաքննություն, բայց արտաքինից արդեն երեւում է, որ նույնն է»:

Մեր այն հարցին, թե այս պահին հետախուզվող անձը զենք կրո՞ւմ է, թե ոչ, դատախազը պատասխանեց, որ չի կարող ասել: Նշենք, որ Գյումրիում խուճապային տրամադրություններ են: Մարզի դատախազն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ կրակոցների մասին տարբեր ահազանգեր է ստանում ոստիկանությունը, սակայն իրավապահները այդ տեղեկությունները չեն հաստատում: «Բոլոր վայրերում եղել են մեր ոստիկանական խմբերը, կրակոցի հետ կապված ոչ մի ինֆորմացիա չի հաստատվել»,-ասաց Րաֆֆի Ասլանյանը:

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է արդեն Գյումրուց հեռացել է փնտրվող անձը, Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ ինքը չի կարող ասել:

Ավելին
Back to top button