ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ինչպես են տոնում Սուրբ Ծնունդը տարբեր երկրներում

Սուրբ Ծնունդի տոնակատարության հետ կապված շատ երկրներ եւ անգամ քաղաքներ ունեն իրենց առանձնահատուկ ավանդույթներն ու սովորույթները:

Բեթղեհեմ

Այստեղ տոնը սկսվում է մայրամուտից շատ առաջ: Պաղեստինում քրիստոնեական տոներին հատուկ կարեւորություն է տրվում: Արաբ մահմեդականները Սուրբ Ծնունդին հաճախակի են գալիս Բեթղեհեմ` քրիստոնյաներին իրենց հարգանքն արտահայտելու համար: Ձիթենյաց լեռան վրա, որտեղ գտնվում է Սուրբ Ծննդյան եկեղեցին, ծիսակատարությունը սկսվում է երգեցողությամբ: Տաճարում արարողությունը մատուցում են միանգամից մի քանի քահանաներ տարբեր լեզուներով: Տաճարի շուրջը հավաքվում են տասնյակ հազարավոր մարդիկ:

Ավստրիա

Տոնից մոտ չորս շաբաթ առաջ Ավստրիայում սկսվում է Սուրբ Ծննդյան գալստյան շրջանը եւ ակնկալությունները` կապված տոնակատարությունը նշելու հետ: Այդ ժամանակ տները զարդարում են հատուկ պսակով, որի վրա դրվում են չորս մոմեր: Սուրբ Ծննդյան պահքի առաջին կիրակին վառվում է մեկ մոմ, երկրորդի ժամանակ` երկու, երրորդ կիրակի օրը վառվում է երեք մոմ, իսկ Սուրբ Ծննդյան նախօրեին` գալստյան վերջին կիրակին վառվում են բոլոր չորս մոմերը:

Անգլիա

Անգլիայում Սուրբ Ծնունդը մի իսկական ընտանեկան տոն է: Այդ օրը բոլորը հավաքվում են հայրական տանը, միմյանց նվերներ նվիրում եւ աչքի անցկացնում ընտանեկան լուսանկարները: Ավանդական կերակրատեսակ է համարվում հնդկահավը հաղարջի սոուսով եւ պուդինգը: Իսկ խմում են այդ օրը բացառապես թեյ կամ կոնյակ: Անգլիայում Սուրբ Ծննդյան սեղանի զարդը համարվում է տոնական տորթը: Այստեղ ընդունված է տունը զարդարել փշարմավի ճյուղերով, ինչը խորհրդանշում է բարեկեցություն, եւ սպիտակ ճագոմով, ինչը նշանակում է հյուրընկալություն եւ պտղաբերություն:

Արգենտինա

Սուրբ Ծնունդն Արգենտինայում եւս ընտանեկան տոն է: Որպես կանոն, ընտանիքի բոլոր անդամները հավաքվում են նրանցից որեւէ մեկի տանը, եւ երեկոյան ժամը 22-ին նստում են սեղանի շուրջ: Ժամը 24-ին հանդիսավոր ձեւով բացվում է խնձորի գինին կամ շամպայնը, հազվադեպ դեպքերում երիտասարդները ճայթուկ են պայթեցնում: Ոմանք գնում են եկեղեցի` ժամերգության: Սուրբ Ծննդյան սեղանին ավանդական Ensalada rusa-ն է, ինչը նման է օլիվյեին եւ ինչով հպարտանում են արգենտինացիները:

Հայաստան

Հայկական եկեղեցին հավատարիմ է մնացել հին կարգին եւ Քրիստոսի ծննդյան օրը նշում է հունվարի 6-ին: Այդ օրը Հայ եկեղեցին նշում է նաեւ Քրիստոսի մկրտության օրը: Սուրբ Ծննդյան նախօրեին երեկոյան մատուցվում է պատարագ, որը կոչվում է ճրագալույցի պատարագ: Այդ օրը հավատացյալները մոմ են վառում եկեղեցում եւ այն իրենց հետ տանում տուն` այն լուսավորելու եւ Սուրբ Ծննդյան տոնին նախապատրաստվելու համար: Հաջորդ օրը` հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Ծննդյան պատարագ: Որին հաջորդում է Քրիստոսի մկրտության  արարողությունը եւ ջրի օծումը: Ավանդաբար այս օրը հայկական ընտանիքների սեղանին մատուցվում է բրնձով, չամիչով փլավ, ձուկ եւ կարմիր գինի:

Գերմանիա

Ըստ հին ավանդության, 11-րդ ամսվա 11-ին, ժամ 11անց 11 րոպեին Գերմանիայում սկսվում է Սուրբ Ծննդյան տոնակատարությունը, որը հայտնի է որպես «տարվա հինգերորդ եղանակ»: Քաղաքների հրապարակներում կազմակերպվում են տոնավաճառներ, որտեղ հավաքվում են հազարավոր մարդիկ: Նրանք գրկախառնվում են, խմում են տաք գլինտվեյն, պարում են եւ երգում: Գերմանիայում ընդունված է նվիրել «Սուրբ Ծննդյան աստղ»: Հարյուր տարի առաջ այս բույսը բերվել է Մեքսիկայից. Ռուսաստանում այն կոչվում է իշկաթնուկ: Ճիշտ խնամքի դեպքում Սուրբ Ծնունդին կանաչ թփի վրա գունագեղվում է վառ կարմիր կամ վարդագույն պսակիկը, որը հիշեցնում է աստղ: Նվիրում են նաեւ երեքնուկ խեցամանի մեջ` ի նշան երջանկության:

Հունաստան

Չնայած Հունաստանն ուղղափառ երկիր է, սակայն Սուրբ Ծնունդը նշում է արեւմտյան աշխարհի հետ միասին` դեկտեմբերի 25-ին: Այն նշվում է յուրաքանչյուր ընտանիքում, ընտանեկան շրջանակներում: Զարդարվում է տոնածառը, տոնական սեղանին դնում են զանազան մրգեր, ընկույզ, թուզ, չամիչ, եւ այլն: Իսկ գլխավոր տեղը սեղանին հատկացվում է հնդկահավին: Սովորաբար Սուրբ Ծնունդին այստեղ միմյանց նվիրում են հագուստ, գրքեր, կենցաղային իրեր, պարզապես ծրարով գումար, եւ իհարկե խաղալիքներ երեխաների համար:

Back to top button
Close