2015-ը պետք է լինի խաղաղության տարի ԼՂ-ի համար․ Ջ․Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերյան իր էջում գրել է. «2015 –ը պետք է լինի խաղաղության և հակամարտության կարգավորման տարի Լեռնային Ղարաբաղի համար։ Բռնության վերսկսումը պատասխան չէ»։
Հիշեցնենք, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ՊԲ սահմանային դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել էին զինծառայողներ Կարեն Գրիգորյանը և Վարդան Մկրտչյանը և վիրավորվել է զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը։
Ավելի ուշ `հունվարի 4-ին, ադրբեջանական կողմը մեղադրել է հայկական զինուժին շփման գծի Աղդամի հատվածում ադրբեջանական գյուղերը հրետակոծելու մեջ։ Այս տեղեկատվությունը, սակայն Ռազմինֆոյի հետ զրույցում հերքել էր ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։