Միջազգային

Ավելի քան 23 մարդ է ձերբակալվել Թուրքիայում՝ երկրի ղեկավարության դեմ դավադրություն կազմակերպելու կասկածանքով

Թուրքական ոստիկանությունը կիրակի օրը 23 մարդ է ձերբակալել՝ ներառյալ լրատվամիջոցների աշխատակիցների, երկրի ղեկավարության դեմ դավադրություն կազմակերպելու կասկածանքով, հաղորդում է Անադոլու գործակալությունը: Ոստիկանության տվյալներով՝ հատուկ օպերացիայի արդյունքում 8 մարդ ձերբակալվել է Ստամբուլում, իսկ մնացածը երկրի տարբեր շրջաններից, նաեւ Վանից եւ Էրզրումից: Ձերբակալվածների թվում է նաեւ «Samanyolu» հեռուստաընկերության ղեկավար Գիդայաթ Կարան, այդ հեռուստաընկերության պրոդյուսերներ Սալիխ Ասլանը եւ Էնգին Կոչը, հեռուստածրագրերի սցենարիստ Մակբուլ Չամը: Փաստաբան Թուրգայ Բալաբանի խոսքերով՝ նրանց մեղադրում են «արտասահմանյան» դավադրության մեջ:

Ձերբակալվածների թվում է նաեւ Էրզրում գավառի ոստիկանության բարձրաստիճան սպա, որի անունը գաղտնի է պահվում: Մյուս ձերբակալվածների մասին դեռեւս տեղեկություն չի հաղորդվում: Հայտնվում է, որ ոստիկանությունն ունի 32 մարդկանց ձերբակալելու թույլտվություն:

Ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել նաեւ «Zaman» թերթի ստամբուլյան խմբագրությունում, իսկ նրա աշխատակիցների ձերբակալությունների մասին դեռ տեղեկություն չկա: Թերթի խմբագրության մոտ հավաքվել են մի քանի հարյուր աշխատակիցներ եւ պարբերականի ընթերցողներ, ովքեր խոսքի ազատության պաշտպանության կոչեր են վանկարկում:

Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերին Թուրքիայում անցկացվել է հակակոռուպցիոն օպերացիա, որից հետո երկրում տեղի ունեցան ոստիկանության աշխատակիցների մասսայական ձերբակալություններ: Նրանցից շատերին մեղադրում են իսլամական աստվածաբան Ֆեթուլահ Գյուլենի ոչ պաշտոնական կազմակերպության անդամ լինելու մեջ, ով ապրում է ԱՄՆ-ում եւ իբր թե այնտեղից հովանավորում եւ ֆինանսավորում է այն: Թուրքիայի նախագահ Էրդողանի կարծիքով Գյուլենը ձգտում է տապալել թուրքական կառավարությունը:

Back to top button