Ա. Մանուկյանը դեռ հիվանդանոցում է, որոշ տեղեկությունների համաձայն նրա վրա հարձակվողը ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի վարորդներից է

Ընդդիմադիր ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, ով անհայտ անձի կողմից հարձակման ենթարկվեց դեկտեմբերի 11-ի երեկոյան՝ իր տան շքամուտքի մոտ, մինչեւ այժմ գտնվում է հիվանդանոցում: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեց ընդդիմադիր պատգամավորի որդին՝ Արեն Մանուկյանը: Պատգամավորը գտնվում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, քանի որ ուղեղի ցնցում է ստացել եւ տեսողության հետ կապված խնդիրներ ունի, անհրաժեշտ է, որ մի քանի օր եւս գտնվի բժիշկների հսկողության տակ:
Ինչպես ավելի վաղ հրապարակել էր ԳԱԼԱ-ն, ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանի դեմ իրականացված հարձակման դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ասել էր, որ կա տեսանյութ, որն առգրավվել է, այդ տեսանյութն ուղարկվել է փորձաքննության, քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում:
Այսօր առավոտյան արդեն ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ կասկածյալ կա՝ 1973 թ. ծնված Արշակ Սվազյանը, ով դեկտեմբերի 14-ին, ժամը 7.30-ի սահմաններում Երևանի Ծովակալ Իսակովի 30 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն:
ilur.am-ի տեղեկություններով Արշակ Սվազյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) վարորդներից է եղել, վարել է ԱԺ պետհամարանիշերով մեքենա:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանին հարցրինք, թե հարձակման ենթարկված մյուս ընդդիմադիր գործիչների եւ ազատամարտիկների նկատմամբ հարձակումների վերաբերյալ գործերից ինչ բացահայտումներ կան: Սոնա Տռուզյանն ասաց.
«Բոլոր գործերով նախաքննությունը շարունակվում է, եւ քննության արդյունավետությունից ելնելով քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ տարբեր վարչական շրջանների քննչական բաժիններում քննվող քրեական գործերը կենտրոնացվել են Երեւան քաղաքի քննչական վարչությունում, այդ բոլոր գործերով տրվել է ոստիկանության օպերատիվ հետախուզական ստորաբաժանումներին համապատասխան հանձնարարություններ՝ ակտիվացնելու օպերատիվ որոնողական միջոցառումները»: