Նորություններ

Համաշխարհային բանկից մասնագետներ կհրավիրվեն, որպեսզի ասեն, թե «Նաիրիտի» ապագան ինչպե՞ս են տեսնում

Ինչպես արդեն հրապարակել էր ԳԱԼԱ-ն, այսօր «Նաիրիտ» գործարան ՓԲԸ աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց` պահանջելով, որպեսզի վճարեն իրենց 18 ամվսա աշխատավարձերը: Արդեն տեղեկացրել էինք, որ գործարանի աշխատակիցներից մի քանիսին ընդունել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Հանդիպման ընթացքում «Նաիրիտի» աշխատողները, դիմելով վարչապետին, ասացին՝ իրենք  հասկանում են, որ հսկայական գումարների պարտք է կուտակվել, եւ միանգամից ամբողջը վճարել հնարավոր չէ, հետեւաբար առաջարկեցին փուլերով կատարել վճարումները:
Ի պատասխան Հովիկ Աբրահամյանն ասաց, որ կառավարությունը չաշխատող գործարանի տնօրենին 2 միլիոն 600 հազար դրամ աշխատավարձ վճարելուն դեմ է: «Հիմա դուք ինձ հորդորում եք, պահանջում եք, ասում եք, գիտեք ինչ, մեր պարտքերը փակեք: Ես գտնում եմ, որ դա ճիշտ եք ասում, որ պահանջում եք ձեր աշխատավարձը, բայց ոչ վարչապետից կամ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարից»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ աշխատողներն ունեն տնօրենների խորհուրդ, որը եւ պետք է պատասխանի:

«Կառավարությունն ուզում է աջակցել: Ես ձեզ անցած հանդիպման ժամանակ էլ ասեցի, որ մեկ ամվսա աշխատավարձը կվճարվի: Դուք նաեւ ասում եք ամբողջ աշխատավարձը փակեք.. ․ ժամանակի ընթացքում, ինչպես որ նոր ձեւակերպեցիք: Հիմա դուք պետք է հասկանաք, որ այդ գումարները բյուջեով չկան, գործարանը հիմա չի աշխատում»: Կառավարության ղեկավարի խոսքով՝ իրենք խնդրել են Համաշխարհային բանկին, որպեսզի մասնագետներ հրավիրեն, որպեսզի ասեն, թե «Նաիրիտի» ապագան ինչպես են տեսնում եւ հասկանան՝ կա՞ն հնարավորություններ գործարանը վերագործարկելու ուղղությամբ, թե՞ ոչ:

Վերջում հայտարարվեց, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին կվճարվի ոչ թե մեկ, այլ երկու ամսվա աշխատավարձային պարտքը: Հետագա պարտքերի մասին պայմանավորվածություն չկա: Չի բացառվում, որ գործարանի աշխատակիցները դիմեն դատարան:

Back to top button
Close