Նորություններ

«Ժառանգությունը» խստորեն դատապարտում է ազատամարտիկների նկատմամբ կատարվող ահաբեկչական գործողությունները

Այսօր առավոտյան դիմակավորված անձինք իր իսկ տան դիմաց դաժան ծեծի են ենթարկել ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ Սուրեն Սարգսյանին: Նա լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Իսկ երկու օր առաջ, ինչպես տեղեկացրել էին լրատվամիջոցները, բռնության էին ենթարկվել նույն «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամներ՝ Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանն ու «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։

«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է ազատամարտիկների նկատմամբ կատարվող այսօրինակ ահաբեկչական գործողությունները եւ պահանջում է անհապաղ բացահայտել ու պատժել հանցագործներին: Հակառակ դեպքում սա կհամարենք  իշխանությունների կողմից հովանավորվող հաշվեհարդար այն քաղաքացիների հանդեպ, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ընդդեմ երկրում տիրող անօրինականությունների, ամենաթողության ու օրեցօր վատթարացող սոցիալ-տնտեսական իրավիճակի:

Մարդու իրավունքների պաշտպանության, ինչպեսեւ Արցախի անկախության հանրաքվեի տարեդարձի այս օրը, «Ժառանգություն» կուսակցությունը սույն ոտնձգությունները գնահատում է որպես ներկա չընտրված իշխանությունների՝ դրությունը շտկելու անզորության, մարդու ազատ խոսքի իրավունքի ոտնահարման, այլակարծության մերժման արտահայտություն, որը սպառնում է վարչախմբի՝ բիրտ ուժով ու կեղծիքով տիրացած աթոռին:

«Ժառանգություն» կուսակցությունն այս դեպքերի առնչությամբ իր զորակցությունն է հայտնում արդար պայքարի ելած բոլոր քաղաքացիներին, ազատամարտիկներին` կոչ անելով միասնական լինել ապօրինի իշխանությունների դեմ պայքարում եւ իրապես ազատ, անկախ ու իրավական Հայաստան կառուցելու գործում:

 «Ժառանգություն» կուսակցության

Back to top button
Close