Նորություններ

Ո՞ւմ համար խախտեցին օրենքը. ԱԺ-ից պարզաբանում են

Ինչպես արդեն հրապարակել էր ԳԱԼԱ-ն, երեկ ՀՀ ԱԺ-ում ռուսական մթնոլորտ էր տիրում: Հայ-ռուսական բարեկամական ակումբում տեղի էր ունեցել  «Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը. արձագանքը համաշխարհային մարտահրավերներին» թեմայով նիստ, որի ընթացքում ներկաները խոսում էին  բացառապես ռուսերենով: Ի դեպ, բարեկամական ակումբի նախագահ Արգինե Թումանյանը հայտարարել էր, որ գիտի, որ Հայաստանի պետական լեզուն  հայերենն է, բայց ժամանակի սղության պատճառով թարգմանություններ չեն լինի:

Այլ կերպ ասած՝ ռուս պաշտոնյաների ժամանակը խնայելու համար ԱԺ-ում Լեզվի մասին օրենքը խախտեցին:

Կատարվածի առնչությամբ պարզաբանում է ներկայացրել ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

Պարզաբանումը ներկայացվում է ամբողջությամբ. «ՀՀ Ազգային ժողովի գրադարանում գործող «Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբ»-ն ունի հասարակական կազմակերպության կարգավիճակ, այն դուրս է Ազգային ժողովի գործունեության դաշտից:Ակումբը չի ֆինանսավորվում պետական բյուջեից, աշխատակիցները չեն համարվում Ազգային ժողովի աշխատակիցներ: Ազգային ժողովի առնչությունն ակումբի հետ սկսվում և ավարտվում է միայն տարածքն անհատույց տրամադրելով: Ղեկավարման, կազմակերպչական և բովանդակային հարցերում ակումբն ամբողջությամբ անկախ է, առնչություն չունի ՀՀ Ազգային ժողովի հետ` անկախ այն հանգամանքից, որ Հայ-ռուսական ակումբի անվան մեջ օգտագործվել է «խորհրդարանական» բառը: Ինչ վերաբերում է թարգմանության բացակայությանը, ապա այս դեպքում էլ ակումբը որոշումներն ինքնուրույն է ընդունում: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ակումբն Ազգային ժողովի աշխատակազմին չի դիմել թարգմանություն ապահովելու խնդրանքով: Այսպիսի շփոթությունից հանրությանն ու լրատվության միջոցների ներկայացուցիչներին հետագայում զերծ պահելու նպատակով հարկ է նաև նկատել, որ, ի տարբերություն այս ակումբի, խորհրդարանական կառույցը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովն է:

Հավելեմ, որ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի դրույթների ենթադրյալ խախտումներն այս դեպքում Ազգային ժողովին վերագրելը ոչ իրավաչափ է, ոչ էլ տրամաբանական»:

Հարց է առաջանում՝ եթե ակումբը որեւէ կապ չունի խորհրդարանի հետ, ապա ինչու է այն գործում հենց ԱԺ շենքում: Ստացվում է՝ նույն հաջողությամբ հասարակական տարբեր կազմակերպություններ կարող են դիմել եւ աշխատասենյակ խնդրել Ազգային Ժողովի աշխատակազմից եւ միջոցառումներ ու քննարկումներ անցկացնել տարբեր լեզուներով:

Հիշեցնենք, որ ակումբը հիմնվել էր մեկ տարի առաջ՝ 2013 թվականի դեկտեմբերի 3-ի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցից մեկ օր հետո:

Back to top button
Close