Տնտեսական

Ամբողջ աշխարհում բենզինի գինը նվազել է. ՌԴ-ն եւ Հայաստանը՝ բացառիկների շարքում

Համաշխարհային շուկայում նավթի գները նվազում են ժամ առ ժամ, վերջին հրապարակումների համաձայն ICE Լոնդոնի ֆոնդային բորսայում Brent տեսակի նավթի գինը 1 բարելի դիմաց կազմում է 65.48 ԱՄՆ դոլար, իսկ Նյու Յորքի բորսայում WTI տեսակի նավթի գինը կազմում է 62.43 ԱՄՆ դոլար, ինչը վերջին 6 տարիների ընթացքում ամենացածր ցուցանիշն է:

Համեմատության համար ասենք, որ 2014թ. հունիսի 20-ին Brent տեսակի նավթի գինը կազմում էր 114.71 դոլար, իսկ WTI տեսակինը՝ 107.26 դոլար: Ընդհանուր առմամբ համաշխարհային շուկայում նավթի գինը նվազել է  42-43%-ով:

Այս ամենին զուգահեռ, ամբողջ աշխարհում նավթի գնանկման պատճառով բենզինի գինը նվազել են 5-25%-ով, օրինակ այս տարվա հուլիս-դեկտեմբեր ամիսների կտրվածքով Նյու-Յորքի բորսայում բենզինի 1 գալոնի արժեքը նվազել է մոտ 30%-ով, 3,33 դոլարից մինչև 2,22 դոլար:

Իսկ ՌԴ-ում, որը զբաղեցնում է 2-րդ տեղը ընդերքից նավթի արդյունահանման ծավալներով, AI-95 տեսակի բենզինի գինը փոփոխվել է հետևյալ կերպ, հունիսին կազմել է 33,5 ռուբլի, իսկ այսօր՝ 35-38 ռուբլի, Հայաստանում՝ 480-520 դրամ:

980Այս ամենից կարելի է եզրակացնել, որ տնտեսության մեջ բնական գործընթացները և դրանց հետևանքները իրար հակասում են: Ինչպե՞ս կարող է գրեթե բոլոր երկրներում նավթը և դրա ածանցյալը` բենզինը, արժեզրկվել, իսկ Հայաստանում և ԱՊՀ երկրներում վաճառվեն նույն գներով կամ անգամ ավելի թանկ: Նավթ արտահանող երկրներում բենզինը մի քանի անգամ ավելի ցածր գնով է տրամադրվում ներքին շուկային կամ բնակչությանը, օրինակ Վենեսուելայում բենզինի 1 լիտրը վաճառվում է 0,02 դոլարով կամ մոտ 9 դրամով, Սիրիայում՝ 0,05 դոլարով կամ 22 դրամով, Սաուդյան Արաբիայում 0,16 դոլարով կամ մոտ 70 դրամով, Թուրքմենստանում, Քուվեյթում, Ալժիրում և Իրանում 0,22-0,26 դոլարով կամ 100-115 դրամով: Նավթ արտահանող երկրների շարքում բացառություն է կազմում Նորվեգիան, որտեղ ամենաթանկ բենզինն է վաճառվում՝ մոտ 3 անգամ ավելի թանկ, քան ՌԴ-ում, և 2 անգամ ավելի թանկ, քան Հայաստանում: Դա հիմնականում բացատրվում է տվյալ երկրի քաղաքացիների վճարունակության մակարդակով. Նորվեգիայում միջին աշխատավարձը կազմում է 5-6 հզր. եվրո, ինչը  մոտ 10 անգամ ավելի է ռուսաստանցիների եւ մոտ 20 անգամ հայաստանցիների միջին աշխատավարձից:

benzin_krymՃիշտ է ՌԴ տնտեսությունը բավականին մեծ կորուստներ է կրում նավթի գնի անկման պատճառով, դա չի նշանակում, որ մենաշնորհային դիրքում գտնվող նավթային ընկերությունների շահույթները պետք է ապահովվի բնակչության հաշվին: Այս մոտեցումը հատուկ է հետխորհրդային երկրներին:

ՌԴ-ում այսօր բենզինի 1 լիտրը վաճառվում է միջինը 35-38 ռուբլով, ինչը կազմում է 295-320 դրամ (ըստ ԿԲ միջին փոխարժեքի, 1 RUB = 8.43 AMD), իսկ Հայաստանում բենզինի գինը կազմում է 480-520 դրամ, եւ դա չի տեղավորվում տրամաբանության շրջանակներում, քանի որ նույնիսկ հաշվի առնելով բոլոր հավելյալ ծախսերը (ճանապարհածախս, հարկեր, և այլն) այն չպետք է գերազանցեր 430 դրամի սահմանագիծը:

Back to top button
Close