Նորություններ

Եթե մենք չենք դատապարտում, ապա ինչու՞ պետք է պահանջենք այլ պետություններից՝ դատապարտել Հայոց ցեղասպանությունը

ԱԺ-ում շարունակվում է  հերթական քառօրյան: Նիստի սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ներկայացնելով օրակարգը, հայտարարեց, թե  քանի որ Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների և այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն չի ստացել, այն օրակարգ ընդգրկելու մասին հարցը  կքննարկվի առանձին քվեարկության արդյունքում:

«Կխնդրեի ինձ պարզաբանում տրամադրել՝ վերջիվերջո ՀՀ ԱԺ-ն երբ պետք է ճանաչի այլ ազգերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Եթե իմ օրինագիծը որակով չէր, որը բազմիցս նշվել է, խնդրում եմ՝ պարզաբանեք՝ երբ է ձեր կուսակցությունը կամ դուք երբ եք ճանաչելու և դատապարտելու Օսմանյան կայսրությունում այլ ազգերի ցեղասպանությունը: Եթե մենք որպես անկախ պետություն չենք դատապարտում, ապա ինչու պետք է պահանջենք այլ պետություններից դատապարտել Հայոց  ցեղասպանությունը»,-ասաց Զարուհի Փոստանջյանը:

Իր արտահերթ ելույթի իրավունքից օգտվեց նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը․ «Այո, գաղափարը ողջունելի է, և մեծամասնությունը գտնում է, որ Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականությունը պետք է դատապարտել: Ես էլ քննարկել եմ  թե՛ ասորական, թե՛ հունական համայնքների հետ, գաղափարը ողջունելի է, բայց այն ձևաչափը, որը դուք էիք ներկայացրել, այնտեղ կան փաստագրական ոչ ճիշտ մեկնաբանություններ, և այո, ես իմ գործընկերների հետ նախաձեռնելու եմ  մոտ ապագայում և  հայտարարությամբ ենք հանդես գալու ԱԺ-ում»:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները ևս նշեցին, որ նախագիծը վերամշակման կարիք ունի, ուստի Փոստանջյանը հայտարարեց, որ կսպասի խմբակցությունների առաջարկներին՝ նախագիծը փոփոխելու համար:

Back to top button
Close