Նորություններ

Իմպիչմենտի ձեւաթղթի տակ 3 պատգամավոր է ստորագրել.Սերժ Սարգսյանը խորհրդարանում լիարժեք վստահությունից է օգտվու՞մ

ԱԺ քառօրյայի սկզբին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը հանդես է եկել ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին ՀՀ ԱԺ որոշման նախագծով և նախաձեռնել է, որպեսզի այդ քայլն արտահերթ կարգով քննարկվի առաջիկա քառօրյայի նիստերի ժամանակ:

Հարցն արտահերթ կարգով քառօրյա մտնելու համար անհրաժեշտ է 44 պատգամավորի ստորագրություն. այս պահին  սակայն ստորագրել են միայն երեք պատգամավոր: Չնայած որ բոլոր խմբակցություններին որոշման նախագիծն ուղարկվել էր, Փաշինյանը ևս մեկ անգամ անձամբ դիմեց պատգամավորներին՝ հորդորելով ստորագրել ձևաթուղթը:

«Նրանք, ովքեր պաշտպանում են Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու փաստը, կոչ եմ անում միանալ նախաձեռնությանը: Ասեմ, որ որոշման նախագիծը սպառիչ ու համապարփակ չեմ համարում և պատրաստ եմ քննարկել նախագծի բովանդակության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկներ»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքին արձագանքեց ԱԺ պատգմավոր Արտաշես Գեղամյանը. «Եթե 131 հոգուց երեք հոգի է ստորագրել, դա նշանակում է, որ ՀՀ նախագահի քաղաքականությունն այս դժվարին պահին, երբ տարածաշրջանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, օգտվում է լիարժեք վստահությունից ԱԺ –ի կողմից»:

Հիշեցնենք՝ նախագծի տակ ստորագրելու ժամկետը լրանում է ժամը 13:00-ին:

Back to top button
Close