Նորություններ

Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտնելու գործընթացին միացողներ չեղան

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտնելու փաստաթղթի տակ չի ստորագրի ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց պատճառը. «Փաշինյանի նախագծին ծանոթացել եմ ընդամենը մամուլում: Նախ կարծում եմ, որ նման խնդիրները պետք է շատ մանրակրկիտ քննարկվի նաեւ ընդդիմության ֆորմատով: Հետեւաբար չեմ միանում, կարծում եմ՝ բացատրությունների կարիք չկա, հետո առիթ կլինի կխոսենք»:

Խաչատուր Քոքոբելյան
Խաչատուր Քոքոբելյան

Քոքոբելյանն ասաց, որ իմաստ չի տեսնում միանալ այդ գործընթացին, քանի որ իր խոսքով նման գործընթացները ոտքի վրա չեն անում, եւ պետք է, որ քննարկումների փուլ լիներ: Իսկ որպես չմիանալու պատճառ ԱԺ պատգամավորը նշում է Նիկոլ Փաշինյանի նշած նախագծում ԵՏՄ անդամակցության փաստի բացակայությունը:

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը չեն միանա նաեւ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորները: Խմբակցության դիրքորոշումը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը: «ՕԵԿ-ն արդեն իր դիրքորոշումը հայտնել է, ՕԵԿ-ը չի միանա՝ մի քանի հանգամանքից ելնելով»,- ասաց Շահգելդյանը՝ նշելով,

Մհեր Շահգելդյան
Մհեր Շահգելդյան

որ չեն միանում նախ այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը գնացող նախագահ է, եւ որ այլեւս այդ պաշտոնում առաջադրվել չի կարող, եւ բացի այդ, ըստ Մհեր Շահգելդյանի, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի հավակնում նաեւ վարչապետի պաշտոնին:

«Ըստ էության, ակտիվ քաղաքականությունից դուրս է գալիս: Երկրորդ խնդիրն այն է, որ մենք վեց տարի աշխատել ենք Սերժ Սարգսյանի հետ կոալիցիոն գործընկերության շրջանակներում, եւ այս տեսանկյունից նույնպես բարոյական չենք համարում միանալ այս գործընթացին»,- ասաց ՕԵԿ-ական պատգամավորը:

 Տիգրան Ուրիխանյան
Տիգրան Ուրիխանյան

Իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մենք այն բոլոր մտահոգությունները և երկրում առկա վիճակի նկատմամբ վերաբերմունքը, որն արտահայտել է իր նախագծով պատգամավոր Փաշինյանը, կիսում ենք և ընդունում ենք։ Սա առաջին։ Երկրորդ՝ վիճակը իրատեսականորեն հետևյալն է՝ նրա համար, որպեսզի գործընթացը հասնի ավարտին, անհրաժեշտ է երկփուլանոց գործողություն՝ առաջին փուլում 66 ձայնի ապահովմամբ, երկրորդ փուլում՝ 88 ձայնի ապահովմամբ։ Ստացվում է, որ այդ նախաձեռնությունն ապահովելու է ընդամենը մեկ քայլանոց գործողություն և այդ իսկ քայլով ավարտվելու է անհաջողությամբ։ Դրա վերաբերյալ Բարգավաճ Հայաստանը, գտնելով, որ անհրաժեշտ են, այո՛, գործողություններ, որոնք կտանեն ՀՀ–ն արմատական, ռադիկալ փոփոխությունների ճանապարհով, կբերեն համակարգային փոփոխություն, կբերեն իշխանափոխության, նոր որակի իշխանության ձևավորման, կապահովեն հրաժարականներ, կիրականացվի այդ գործընթացը համաժողովրդական շարժման է՛լ ավելի ընդլայնման և մարդկային ռեսուրսի ուժգին ազդեցության ճանապարհով, որ դրա համար թույլատրելի ենք համարում Սահմանադրությամբ սահմանված բոլոր թույլատրելի ճանապարհները, այդ թվում՝ հանրահավաքներ, զանգվածային ազդեցության տարբեր այլ միջոցներ, նստացույցեր, ժողովրդական ազդեցություն դրսևորելու բոլոր հնարավոր ձևերը՝ իշխանափոխությանն ու հրաժարականներին այդ թվում և առաջին հերթին հասնելու համար։ Բայց դրա համար մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է ուժերը մեկտեղել և ուզում ենք նշել, որ մեր դռները բաց են, մենք ողջունում ենք ցանկացած մասնակցություն, այդ թվում այն մարդկանց մասով, ովքեր կիսում են, և ինչպես ասացի, մենք էլ ենք գնահատում այդ մոտեցումը, այն մտահոգություններն ու խնդիրները, որոնք սույն նախագծում ներառված են»։
Հավելենք, որ այսօր ժամը 13.30-ին ԱԺ 240 սենյակին հարակից նախասրահում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով «Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ:

ՀՅԴ-ն եւս չի միանա Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ հրաժարվելով մեկնաբանել, թե ինչու:

Back to top button
Close