Նորություններ

Թանկացել է բանջարեղենը, ձուն, շաքարավազը, սուրճը, կակաոն. գնաճն արտարժույթի թանկացման հետեւա՞նք է

Հայկական դրամի կտրուկ արժեզրկումն ամերիկյան դոլարի նկատմամբ կհանգեցնի մարդկանց կենսամակարդակի կտրուկ անկմանը, օրերս լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ միեւնույն ժամանակ փոխարժեքի տատանումները կարող են դրական ազդեցություն ունենալ գործարարների վրա:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն Աբրահամյանի այս տեսակետը կիսում է, միեւնույն ժամանակ նշում է, թե հայկական արժույթը մշտապես կրել է ածանցյալ բնույթ՝ մասնավորապես դոլարի, եվրոյի եւ ռուսական ռուբլու նկատմամբ, եւ հետեւաբար ցնցումները չէին կարող շրջանցել հայկական դրամը, որի արժեզրկումը տնտեսագետը որոշ իմաստով սպասելի էր համարում:

Մյուս կողմից, Վարդան Բոստանջյանի գնահատմամբ, դրամի փոխարժեքը լողացող ռեժիմում է ձևավորվում, և շուկան պետք է որոշի դրա չափը: Հայաստանը ներկրող երկիր է, հետևաբար եթե թանկանում է արտարժույթը, թանկանում են նաև ապրանքներն ու ծառայությունները: Վերջին մի քանի օրերի ընթացքում  զգալիորեն աճել են առաջին անհրաժեշտության ապրանքների գները: Թանկացել է կաթնամթերքը, ընդեղենը, ձուն: Գյուղատնտեսական ապրանքների գները եւս ենթարկվել են փոփոխության:

Потребительская-корзинаՆշենք, որ Ազգային վիճակագրական ծառայությունն այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ պարենային ապրանքների 2.5% գնաճ է արձանագրել: Ընդ որում, թանկացել են գրեթե բոլոր ապրանքները: Բանջարեղենի՝ մասնավորապես կարտոֆիլի գները նույն ժամանակահատվածում աճել են 22.7 տոկոսով, կաթնամթերքի գները՝ 2.3%-ով, ձվի գները՝ 1.8%-ով, շաքարավազի գները՝ 0.1%-ով, սուրճի, թեյի, կակաոյի գները՝ 0.4%-ով, ոգելից խմիչքի և ծխախոտի գները՝ 0.4%, հացամթերքի գները՝ 0.5% -ով:

ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում մայրաքաղաքի բնակիչները նշեցին, որ գնային փոփոխությունները ոչ այնքան պայմանավորված են առաջիկա տոներով, որքան փոխարժեքի տատանումներով: Եթե դոլարը թանկանում է, ներկրողներն արհեստականորեն բարձրացնում են գներն անհրաժեշտ քանակությամբ դոլար գնելու համար: Վարդան Բոստանջյանն էլ հավելում է՝ Կենտրոնական բանկը պետք է իր դրամավարկային քաղաքականության շրջանակներում պայքարի նաև գնաճի դեմ: Բայց այս իմաստով սպասել իրավիճակի կայունացման երկարատև ժամանակահատվածի համար, հնարավոր չէ:

Back to top button