Քո ձայնը

Քաղաքական «ծաղրածուների» «գաստրոլները»՝ ընտրությունների նախաշեմին

Ամբոխավարության «հաց եւ զվարճանք» վաղեմի սկզբունքն եմ մտաբերում, երբ տեսնում եմ, թե ինչ է կատարվում շուրջս: Քանի որ հացի պակասն իր հերթին է «սեղմում», իշխանավորները զոռ են տվել զվարճանքին եւ իսկական կրկեսային «գաստրոլներ» են անում:

Ցանկացած նորմալ երկրում ընտրությունները լրջագույն  իրադարձություններ են թե՛ ժողովրդի համար, թե՛ ղեկավարության: Ընտրությունները երկրի զարգացման ուղին նախանշող գործընթաց են: Բայց դա, ինչպես արդեն նշեցի, նորմալ երկրներում:

Հայաստանում համապետական ընտրությունները վերածվել են զվարճալի միջոցառման: Թեկնածուների առաջադրումից մինչեւ քարոզարշավ, եւ, ըստ երեւույթին, նաեւ բուն ընտրությունները կատակերգությունից այն կողմ չեն անցնում:

Որքան էլ հարգանքով վերաբերվեմ յուրաքանչյուր քաղաքացու պայքարելու իրավունքին եւ մարտավարության, միեւնույն է, թեկնածուներին չեմ կարող հասկանալ: Ի՞նչ անուն տալ, օրինակ, Անդրիաս Ղուկասյանի հացադուլին եւ նրա պահանջին, եթե ոչ մարդկանց ուշադրությունն իր վրա սեւեռելու ապարդյուն ջանքեր: Նրա հացադուլը քիչ է, մյուս թեկնածուն՝ Պարույր Հայրիկյանն է հայտարարում, որ վատ չէր լինի` մի քանի օր ինքն էլ հացադուլի նստեր: Երրորդն իր հերթին է պնդում, որ ինքն էլ է մոտավորապես նույն մարտավարությունը ընտրելու, պարզապես կփոխի հացադուլի վայրը՝ կտեղակայվի ԿԸՀ-ի դիմաց, մի քանի օր ինքն էլ հաց չի ուտի, ապա ինքնաբացարկ կհայտարարի:

Նրանք, ովքեր հացադուլ չեն անում, այլ գործով են զբաղված, սեփական PR արշավի շրջանակներում անպայման նախատեսում են այցելել հացադուլավորներին եւ լրատվամիջոցները հեղեղել այդ նշանակալի այցով: Էպոսագետն իր հերթին եւ իր կարծիքով «սենսացիոն» հայտարարություններ անելով է զբաղված: Եւ այդ ամենն ասում է դեմքի այնպիսի լուրջ արտահայտությամբ, որ դիմացինին կթվա, որ ինքն է ինչ-որ բան շփոթում, այլ ոչ թե էպոսների գիտակը:

Անդրադառնանք ԲՀԿ-ին, որի անդամները մեկը մյուսի հետեւից հայտարարում են Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Գյումրիի քաղաքապետ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, ԳՊՄԻ ռեկտորը, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: Նրանք իրենց դիրքորոշմանը մոտավորապես այս բացատրությունն են տալիս, որ չնայած կուսակցությունը պաշտոնապես այլ բան է հայտարարել, բայց ինքն անձամբ մտածում է, որ ընտրելու եւ սատարելու է Սերժ Սարգսյանին: Չեմ զարմանա, որ շուտով Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարի, որ ինքը գնահատում է գործող նախագահին եւ նրան է ընտրելու՝ անկախ կուսակցության որոշումից:

ՀԱԿ-ի մասին, կարծում եմ, չարժե որեւէ բան գրել՝ հասկանալի պատճառներով: Ավելի լավ է լռել, քան մեկնաբանել: Պարզ ասած, կատարյալ խեղկատակություն է շուրջբոլորը…

Ցավալի է, որ օրհասական այս շրջանում մեր երկրում նման իրավիճակ է: Երբ ռեժիմը,  չունենալով որեւէ դրական բնութագիր (տապալված արտաքին քաղաքականություն, խայտառակ տնտեսական իրավիճակ, անպատժելիության մթնոլորտ, ծաղկող կաշառակերություն, անկատար իրավական համակարգ, արտագաղթ, կոծկված Մարտի 1 եւ այլն), վերարտադրվելու ռեալ պոտենցիալ ունի: Սա ամոթ է նախեւառաջ ժողովրդի համար եւ ամոթ բոլոր նրանց,  ովքեր այս կամ այն կերպ ունենալով հնարավորություն՝ իրավիճակային փոփոխությունների գնալու, ստանձնել են «ծաղրածուի» անփառունակ դերակատարությունը, եւ ասեմ` լավ էլ խաղում են…

 Նռանե Պապոյան

Back to top button