Քո ձայնը

Հրանտ Մաթևոսյանի ժամանակը

-Ո՞րն է այսօր գրողի առաքելությունը:

-Ժամանակը ընթերցելու լեզու ստեղծելը:

                                  Հրանտ Մաթևոսյան

Այսօր քսաներորդ դարի խոշորագույն հայ գրողներից Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է: Հիրավի դժվար է գերագնահատել Հրանտի ավանդը հայ գրականության մեջ: Գրողի ինքնատիպ, բազմաշերտ ու անընդհատ ճյուղավորվող լեզուն դարձավ հայ մարդու կերտվածքի հայելին̀ բացելով մեզանից ամեն մեկի աշխարհզգացողության ամենամթին անկյունները: Մաթևոսյանի կերպարում միաձուլված էին մարդը, գրողն ու հասարակական գործիչը, նրա յուրաքանչյուր տողը ներծծված էր իր ժամանակով և արտահայտումն էր բոլոր այն հույզերի, հոգսերի ու զգացմունքների, որոնք կերտում են մեզ: Մանկական միամտությունն ու խոհափիլիսոփայական խորը աշխարհընկալումը գորդյան հանգույցի նման խճճված են Հրանտի լեզվում: Գրողի մոտ հայ մարդու դարավոր ցավը բյուրեղանում է և դառնում այն պրիզման, որի միջոցով հայ գյուղացին, գրողը, արվեստագետը նայում է աշխարհին և ինքն իրեն: Ասում են գրողի մեծությունը որոշվում է նրա արդիականությամբ: Հրանտ Մաթևոսյանի արձակը դուրս եկավ գրականության և իր ժամանակի սահմաններից̀ մի ամբողջ սերնդի համար դառնալով ինքնընկալման ելակետ: Վերջին հարցազրույցներից մեկում գրողը խոստովանեց, որ իր ժամանակից կտրված արվեստագետը չի կարող արարել: Այն ինչ կատարվում էր Հայաստանում 1990-ականներից միչև օրս Հրանտի «ժամանակը» չէ: Հախուռն ոգևորությամբ դիմավորելով Արցախյան շարժումն, անմնացորդ նվիրվելով անկախ պետականության կերտման գործին` Հրանտ Մաթևոսյան մարդ անհատին վիճակված էր ապրել խորը հիասթափություն այն ամենից, ինչի ականատեսը եղավ: Իր ժողովրդի զրկանքները, պատերազմն ու պատերազմի անվան տակ դիակապտությամբ զբաղվողները դուրս էին Հրանտի «ժամանակից»: Քաղաքականության ինտրիգները, պալատական արվեստագետները, քծնանքն ու շողոքորթությունը հարիր չէին գրողի հերոսին ու մարդու ընկալմանը: Հրանտն զգաց և տեսավ, որ համաժողովրդական զարթոնքը տեղի տվեց պետական այլասերման ու ազգային նկարագրի ոչնչացման առջև: Այս ամենի գիտակցումը գրողի համար դարձավ քաղցկեղային խոց: Ցավալիորեն Հրանտ Մաթևոսյանը միայնակ չէր, և նրա կերպարում մարմնավորվեց հեռացող մտավորականությունը, որը կամաց-կամաց հայտնվեց մեր ժամանկի լուսանցքում` իր տեղը զիջելով շինծու, անդեմ ու պալատական մի գորշ զանգվածի, որը  չունի ոչ փոխվելու կարողություն, ոչ էլ ինչ-որ բան ստեղծելու ներուժ:

                                                                                                                        Աղասի Մարգարյան

Back to top button