Քո ձայնը

Դու ես իշխանության կրողը և դու պիտի տեր լինես քո ձայնի իրավունքին

Քաղաքացիական ակտիվիստ Զառա Հովհաննիսյանը ֆոյսբուքյան իր էջում գրել է. «Բարև Ձեզ: Հիմա ես խոսում եմ մի խումբ ՀՀ քաղաքացիական ակտիվիստների անունից: Մեզ համար այս պահին ակնհայտ են մի քանի փաստեր. փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց ընտրական իրավունքի միջոցով հստակ ՈՉ են ասել գործող հանցավոր համակարգին, ՀՀ ընտրող քաղաքացիների մեծամասնությունը իր ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին՝ նրա վրա դնելով իրենց ձայներին տեր կանգնելու պատասխանատվությունը: Բազմաթիվ ընտրական տեղամասերում, լինելով դիտորդներ, մենք ականատես ենք եղել, թե ինչպես են կեղծվել ընտրությունները:

Հետևաբար մեր խորին համոզմամբ այս ընտրության պաշտոնական արդյունքները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը: Թեպետ մենք՝ որպես քաղաքացիական ակտիվիստների խումբ, չենք եղել որևէ քաղաքական թիմի մաս, խմբով չենք սատարել որևէ թեկնածուի և մեզանից բնավ ոչ բոլորն են իրենց ձայնը տվել Րաֆֆի Հովհաննիսյանին, այսօր մեր խումբը պաշտպանում է այն բոլոր քաղաքացիների քվեն, ովքեր իրենց ձայնը տվել են նրան՝ կազմելով մեծամասնություն: Մենք՝ որպես ՀՀ քաղաքացիներ, վերցնում ենք ընտրության իրավունքը պաշտպանելու պատասխանատվությունը մեզ վրա, ինչպես պաշտպանում ենք զինվորի կյանքի իրավունքը բանակում և պայքարում ենք արդարադատության կայացման համար, ինչպես պաշտպանում էինք հանրային տարածքը և հանրային շահը Մաշտոցի պուրակում, ինչպես Թեղուտում պայքարում ենք հանուն սոցիալական արդարության, հանուն հանրային ունեցվածքի և առողջ ու բարեկեցիկ միջավայրում ապրելու մարդու իրավունքի: Այս բոլոր պայքարների ընթացքում մենք առաջնորդվել ենք բացառապես ՀՀ սահմանադրությամբ ամրագրված մեր իրավունքներով:

Այս պայքարում էլ շարունակելու ենք կրել մեր որդեգրած արժեքներն ու սկզբունքները՝ իրավունքի գերակայություն, հանրային բաց և թափանցիկ քննարկումներ, բոլոր ցանկացողների ներգրավումը որոշումներին՝ չընդունելով որևէ փակ որոշում, պայմանավորվածություն կամ գործարք: Մեր առաջին գործն արդեն արված է. մենք մերժել ենք ԵԱՀԿ-ի ընտրությունների վերաբերյալ իրականությունը չարտացոլող հաշվետվությունները՝ ընտրության հաջորդ օրն այդ մասին հայտարարելով հենց իրենց ասուլիսի ժամանակ: Չնայած ՀՀ քաղաքացիները վկա են եղել և արձանագրել են բազմաթիվ խայտառակ ընտրակեղծիքներ և ընտրախախտումներ, միջազգային դիտորդները շարունակում են լեգիտիմացնել կեղծված ընտրությունները՝ դրանով ոտնահարելով իրենց իսկ որդեգրած ժողովրդավարական արժեքները և կիրառելով երկակի ստանդարտներ: Նման արժեքները տեղ չունեն մեր պետությունում: Մենք գտնում ենք, որ պետք է չեղյալ համարել կեղծ ընտրությունների արդյունքները և անցկացնել նոր ընտրություններ:

Մենք կկենտրոնացնենք մեր ամբողջ ռեսուրսը արդար ընտրությունների կայացման համար: ՀՀ հանրապետությունը պետք է ունենա օրինական ընտրված նախագահ: Անկախ քաղաքական դիրքորոշումից, կատարած ընտրությունից, կուսակցական պատկանելությունից, անձնական հակակրանքներից՝ կոչ ենք անում բոլոր քաղաքացիական նախաձեռնություններին, կուսակցություններին, նախագահի թեկնածուներին, անհատներին, մի խոսքով ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ միավորվել հանուն արդար ընտրությունների: Միաժամանակ հորդորում ենք բոլոր քաղաքացիներին, հատկապես երիտասարդներին և ուսանողությանը՝ հանդես գալ ուղղակի քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողություններով՝ իրականացնելով գործադուլներ և դասադուլներ՝ պահանջելով չեղյալ համարել ընտրության արդյունքները: Մենք չենք ճանաչում և չենք ընդունում որևէ հերոս կամ փրկիչ: Մենք հավատում ենք և ընդունում ենք միայն քեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որովհետև դու ես իշխանության կրողը և դու պիտի տեր լինես քո ձայնի իրավունքին»:

Back to top button