Միջազգային

Ուկրաինայում ազատ են արձակել Պուտինի դեմ մահափորձ նախապատրաստած Ադամ Օսմաևին

Պրիմորսկի շրջանային դատարանը ազատ է արձակել Ադամ Օսմաևին, ով մեղադրվում էր ՌԴ նախագահի նկատմամբ մահափորձ նախապատրաստելու մեջ: Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս-Ուկրաինան», Օսմաևին մեղավոր են ճանաչել Ուկրաինայի ՔՕ 3 հոդվածներով: Նա արդեն կալանքի տակ է անցկացրել 2 տարի ու 9 ամիս, և դատարանն այս ժամկետը բավարար պատիժ է համարել:

Հոկտեմբերի վերջին Ուկրաինայի դատախազությունը մեղադրական եզրակացությունից բացառել է երկու հոդվածներ՝ ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու և մասնակցելու, ինչպես նաև պետական գործչի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մասին: Այսպիսով մեղադրանքում մնացել են Ուկրաինայի ՔՕ 3 հոդվածներ. «Պայթուցիկ նյութերի ապօրինի պատրաստում», «Անզգուշությամբ գույքի վնասում» ու  «Կեղծված փաստաթղթերով Ուկրաինայի սահմանի հատում»:

Դրանից հետո մեղադրող կողմը Օսմաևի համար պահանջել է առավելագույն պատժաչափը՝ 5 տարի ազատազրկում: Իր հերթին պաշտպանական կողմը հայտարարել է, որ Օսմաևն ընդունում է իր մեղքը 3 հոդվածներով ու ավելի մեղմ պատիժ է խնդրել:

Ծնունդով Չեչնիայից Օսմաևը ձերբակալվել էր Օդեսայում 2012 թ․ փետրվար ամսին ղազախ Իլյա Պյանզինի հետ միասին: Հետաքննության ընթացքում ձերբակալվածները հայտարարել են, որ մահափորձ են նախապատրաստել Պուտինի ու Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի դեմ:

Back to top button