Քո ձայնը

«Բանտը, որտեղ ես եմ, իրականում բանտ է բանտի մեջ»

Երբ սովորում էի Բժշկական ինստիտուտում, դասախոսություններից մեկի ժամանակ մեզ բացատրեցին՝ ինչ է ցավը: Դասախոսը կենդանի գորտ ցույց տվեց: Ապա ասաց, որ պետք է այն մեխենք տախտակին: Ես արագ հրաժարվեցի: Ուսանողներից մեկն, այնուամենայնիվ, կարողացավ դա անել: Հետո դասախոսը սովորականի պես /կարծես դա իր ամենօրյա գործողություն էր/ շեղբով բացեց գորտի մաշկը, հոսանք միացրեց: Սկզբում կենդանին ցնցվում էր, ցավ զգում, հետո դադարեց ցնցվել, այսինքն՝ ցավ զգալ: Նա ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ կատարեց ՝ այլևս ցավ չզգալու և մահանալու միջև:

Ես հասկացա՝ ցավն իրականում այն է, երբ արդեն ցավ չես զգում: Բանտում չարածս հանցանքի համար մահապատժի, ապա ցմահ բանտարկության այս 17 տարիներին ինձ հետ էլ նույնն է կատարվել. ես դադարել եմ ցավ զգալ, բայց դրանից անտարբեր չեմ դարձել:

Ընտրություն’ ցավ չզգալու և մահանալու միջև

Մեր ժողովուրդը, կարծում եմ, արդեն ցավ չի զգում՝ վերջին 21 տարիներին իշխանությունների գործադրած ջանքերի «շնորհիվ»: Ինքնապահպանման բնազդն ուժեղ է մեր գեներում: Բայց ցավ չզգալ, ամենևին չի նշանակում անտարբեր լինել:

Դրանում ես համոզվեցի փետրվարի 18-ին, երբ հոգսերի տակ կռացած ժողովուրդը բարձրացրեց մեջքը: Դատապարտյալները մեր երկրում ընտրելու իրավունք չունեն, ճի՛շտ է, բայց իմ՝ 17 տարի բանտում գտնվող քաղաքացու անունը ընտրացուցակներում էր 17 տարի շարունակ՝ մինչև, որ վերջին խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մամուլում չհայտնվեց իմ հոդվածը:

Այդ հրապարակումից հետո միայն իմ անունը դուրս բերվեց ընտրացուցակներից: Ու անկախ նրանից, որ դատապարտյալները մեր երկրում ընտրելու իրավունք չունեն, այդուհանդերձ, որպես քաղաքացի, ես հետևել ու հետևում եմ բոլոր պրոցեսներին: Հարազատներս միշտ ինձ մամուլից քաղվածքներ են ուղարկում: Կարդում եմ, վերլուծում, հասկանում, որ այն բանտը, որտեղ ես եմ, իրականում բանտ է բանտի մեջ: «Հայաստան» քրեակատարողական հիմնարկում կանոնները նույնն են, ինչ որ այստեղ՝ փոքր կլոր բանտում: Դատապարտյալները՝ փոքր բանտում, իսկ «ազատ» քաղաքացիները պայմանական ազատության մեջ (մեր տարբերությունը միայն զբոսանքի տարածքի մեջ է. ձերը քիչ ավելի մեծ է) անհրաժեշտություն են համակարգի համար՝ կոռուպցիան ծաղկեցնելու նպատակով:

Արտագաղթն էլ ոչ այլ ինչ է, եթե ոչ փախուստ «Հայաստան» քրեակատարողական հիմնարկից: Իսկ արտագաղթի հիմնական պատճառը, թերևս, խախտված ու չվերականգնված իրավունքներն են, այսինքն՝ ոչ թե արդարության, այլ արդարադատության դեֆիցիտը: Ես կբերեմ այն օրինակը, որն իմ աչքի առաջ է: Ցմահ ազատազրկումը այնքան հեշտությամբ է տրվում մեր վայ-դատարանների կողմից:

Պատկերացնո՞ւմ եք 104 ցմահականներից 15-ը զինվորներ են: Այս թվակազմում չկա միջին ու բարձր սպայական կազմից և ոչ մեկը: Երբ խաղաղ պայմաններում գրեթե ամեն ամիս զինվոր է սպանվում, պետությունը իր ֆունկցիաներից միայն պատժողականն է ընկալում, այսինքն՝ հետևանքի վերացումը, իսկ կանխարգելումը՝ երբեք: Հետևանքն այն է, որ «Նուբարաշենի» բանտի ցմահականների հարկաբաժնում 18-20 տարեկան շատ զինվորներ կան՝ առանց սեփական ընտանիք կազմելու հեռանկարի ու հույսի:

Իսկ անմեղ ու սխալ դատվածների, քավության նոխազների մասին շատ եմ գրել: Չէ՛, ժողովո՛ւրդ, մտքի, տեսակի հեղափոխություն է պետք՝ հանուն ինքնորոշված քաղաքացի կրթելու: Այնինչ ազգովի աղոթելու, ազգովի հացադուլ անելու, ազգովի ընդվզելու միասնական կամքը դեռ պիտի կռենք:

Ես դիմում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին

Բարև, հարգելի Րաֆֆի: Գիտեմ, որ հիմա հացադուլի մեջ եք, ու չեք կարող այցելել ինձ բանտում, բայց ես շատ կուզեի հանդիպել Ձեզ ու զրուցել, նվիրել իմ հեղինակած գիրքը՝ «Ես զրուցում եմ քեզ հետ, մարդ» վերնագրով: Ուզում եմ Ձեզ պատմել հանուն արդարության իմ պայքարի մասին: Ես պայքարում եմ չհանձնվելով, չընկճվելով, սովորելով, նոր ընկեր- ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ձեռք բերելով, ստեղծագործելով: Հիմա պարապում եմ պարտաճանաչ ուսանողի պես, որպեսզի հայ-ռուսական սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քննությունները կարողանամ լավ հանձնել:

Զուգահեռաբար ավարտեցի երկրորդ գրքիս կազմման աշխատանքները: Այս ընթացքում զբաղվում էի նաև թարգմանչական աշխատանքով: Փառք ու պատիվ այն մարդկանց, ովքեր օգնում են ինձ դրսում: Երկրորդ գիրքս վերնագրել եմ «Սա կինո չէ»: Այստեղ պատմում եմ քաղաքացիական պայքարի, ինքնորոշված քաղաքացի տեսակի, արդարադատության վաակումի մասին:

Հարգելի Րաֆֆի, համամիտ եմ դերասան Վարդան Պետրոսյանի հետ, երբ նա իր վերջին հացազրույցում խոսել էր Ազատության հրապարակում կանգնած խեղճ, բայց արժանապատիվ տատիկ-պապիկների մասին, որոնց որդիները դրսում են գումար աշխատում: Այդ դեմքերը ես էլ տեսա հեռուստացույցով: Ցավում եմ, որ ֆիզիկապես Ազատության հրապարակում չեմ՝ քաղաքացիների կողքին: Այս պայքարի մեջ ինձ ոգևորել է այն, որ տեսնում ու զգում եմ քաղաքացիական շարժում և ոչ թե կրկին քաղաքական գործչի կուռքացում:

Ոչինչ չի փոխվել

Մեծ ու փոքր բանտերում ոչինչ չի փոխվել: Դրանում համոզվեցի՝ կարդալով իմ շատ սիրելի Վարդան Պետրոսյանի օժանդակությամբ հրատարակված 23 տարի սովետական բանտում անցկացրած մի մարդու՝ Հենրիկ Շաթիրյանի «Խարան» վիպակը, որտեղ հեղինակը պատմում է սովետական բանտի մասին: Հետո իմ նոր-հին ընկեր հայագետ, կինոգետ Արծվի Բախչինյանի առաջարկով (նրա հետ նամակագրական կապի մեջ եմ) «Խարանը» թարգմանեցի ռուսերեն: Իմացա, որ Շաթիրյանը մահվանից առաջ ասել է՝ եթե երբևէ իմ գիրքը թարգմանվի, թող որ այն կատարի մեկն, ով անցել է այս դժոխքի միջով: Այդ մեկը ես եմ, ով շարունակում է դժոխքում պայքարել հանուն կյանքի: Գիտեմ, որ այժմ Ողջերի աշխարհում ձեռագրերս հավաքվում են համակարգչի վրա, որպեսզի մոտ ապագայում տպագրվի: «Խարանը» պատմում է նախորդ դարի 60-ականների բանտի մասին, բայց այդ բանտը աննշան սրբագրումներով ներկայիս Հայաստանի անկախ հանրապետության բանտի կրկնօրինակն է: Նույնիսկ բանտային լեքսիկոնը չի փոխվել:

Համոզվեք ինքներդ. մինչ օրս էլ ճաշը բերելիս՝ բանտում չեն օգտագործում ճաշ բառը, ասում են՝ «աբեդ», իսկ ճաշ բերողներին՝ «աբսլուգ»՝ ռուսերեն ծառայել բառից գոյացած անհասկանալի ձևափոխված մի բան: Զբոսանք տանելիս ասում են՝ «պրագուլկա»: Իսկ բառապաշարի մեջ այնքան բովանդակություն կա…

ՀՀ քաղաքացին վիրավորված է Սերժ Սարգսյանից

Անարդար դատավճռի հետևանքով 20 տարեկանից բանտում գտնվելուս 17 տարիներին իմ ընտանիքը, ես տասնյակ դիմումներ ենք ուղարկել Բաղրամյան 26, դիմել նաև բաց նամակներով, սակայն ձայն բարբառո անապատի. լավագույն դեպքում դրանք ուղղվում են տարբեր օղակների, օրինակ՝ դատախազություն: Անցյալ տարի էլ 33 պատկառելի մտավորականներ՝ ակադեմիկոսներ, նախագահի մրցանակակիրներ, ՀՀ ժողովրդական ու վաստակավոր արտիստներ, գրողներ դիմել էին նախագահ Սարգսյանին, որպեսզի անդրադարձ կատարվի իմ բախտակից ընկեր, ղարաբաղյան պատերազմի մասնակից, հետախույզ Սաղոմոն Քոչարյանի (ում հետ և երկու անգամ փախուստ եմ կատարել բանտերից 2004 և 2009 թթ-ին) և իմ ճակատագրերին:

Սակայն գեթ մեկ ֆորմալ թուղթ չի ստացվել նախագահական ապարատից: Փոխարենը օրեր առաջ բացահայտեցի, որ նույն Բաղրամյան 26-ը շատ օպերատիվ է աշխատում, երբ նամակ է ստանում, ասենք, հանրահայտ ռոք-աստղ Սերժ Թանկյանից: Ինչպիսի քաղքենի մոտեցում…և դեռ պարոն Սարգսյանը իր ելույթներում նշում է, որ յուրաքանչյուր քաղաքացու նախագահն է: Ես, որպես ՀՀ քաղաքացի, վիրավորված եմ և պահանջում եմ իմ ու իմ ընտանիքի բոլոր դիմումների ու նամակների պատասխանները: Ամփոփում խեղճ ու կրակ ժողովուրդ ասելով՝ հավանաբար նկատի ունենք՝ որտեղ խեղճ, այնտեղ էլ՝ կրակ:

Խեղճությունը հաղթահարել ենք, անցել կրակին: Իշխանությունը միշտ ուզում է կրակը մարել ու նորից ժողովրդին խեղճության մեջ պահել: Ստացվում է, որ մեր ժողովուրդը բանտված է «ազատ» ու «անկախ» գաղութում: Բայց ես, 100 կողպեքով ու քառաշերտ ճաղերով հասարակությունից մեկուսացված լինելով, տեսնում ու զգում եմ, որ սրտացավ տասը մարդ-քաղաքացին իսկ կարող է փոփոխություն բերել մեր երկրում: Ուրեմն՝ պայքար մինչև ՍԿԻԶԲ, չէ՞ որ ազնիվ պայքարը հենց ՍԿԶԲԻ համար է:

Մհեր Ենոքյան

Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող, ցմահ բանտարկյալ՝ «Նուբարաշենի» կլոր գերեզմանոցից

Հ.Գ. Ողջ աշխարհում կալանավայրերը գրեթե միշտ անմասն չեն մնում հեղափոխական շարժումներից: Շատ անգամ հենց այնտեղից էլ սկվում է ամեն ինչ: Մեզ մոտ «Բաստիլի գրավման» տարբերակը չի աշխատում: Ինչո՞ւ…պատասխանը թողնում եմ ընթերցողին:

Ավելին
Back to top button