30-40 տոկոսով պակաս գումարով հնարավոր է լուծել անօթեւանների խնդիրը․ բնակարանաշինության փոխարեն՝ ԲԳՎ

Նախօրեին արդեն ՀՀ քաղաքաշինության նախարարը փակեց Աղետի գոտում բնակարանաշինության թեման՝ հայտարարելով, որ նպատակահարմար չէ բնակարանաշինություն իրականացնելը: Փաստորեն Ս. Սարգսյանի խոստումը ՀՀ նախագահական ընտրություններից առաջ Շիրակի մարզի ընտրողի առաջ կմնա անկատար, փոխարենը ՀՀ կառավարությունը մտադիր է անօթեւանների խնդիրը լուծել՝ նրանց ԲԳՎ հատկացնելով:
ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե կառավարության այսօրվա քաղաքականության հետ ինքը համակարծիք է, չնայած որ ՀՀ քաղաքաշինության նախարարի մոտ բնակարանաշինության մեկնարկի վերաբերյալ հարց բարձրացնողներից մեկն էլ ինքն էր.
«Կարծում եմ՝ միանշանակ ճիշտ է, որ բնակարանաշինության խնդիր չլուծի պետությունը, այդ գումարները տա, որ մարդիկ կարողանան բնակարաններ գնեն, որովհետեւ այսօր, ցավոք սրտի, բնակարաններ շատ կան ազատ եւ նույնիսկ ազատ բնակարանների պատճառով շենքերի շահագործման խնդիր է առաջանում: Ամբողջ մուտքում մեկ- երկու հոգի է բնակվում եւ հնարավոր չի լինելու շահագործել, պրոբլեմներ են առաջանում: Ես այդ քաղաքականությանը կողմ եմ եւ խնդիր եմ դրել նախարարության առջեւ, իրենք էլ խոստացել են, որ դեկտեմբերին կլինի քննարկում արդեն վթարային շենքերի հետ եւ նաեւ տնակային ավանների հետ կապված, որոնց համար լուրջ մետեցում է պետք»,- ասաց գյումրեցի պատգամավորը:
Ըստ Ս. Ավետիսյանի՝ այս եղանակով հնարավոր է գումարներ տնտեսել: Ըստ պատգամավորի՝ այն գումարը, որը հատկացվելու էր Գյումրու բնակարանաշինության համար, 30-40 տոկոսով պակաս գումարով հնարավոր է լուծել անօթեւանների խնդիրը:
«Եվ նորակառույցներ, եւ վթարային շենքեր կան, որ դատարկ են, այսօր դա նշանակում է, որ մենք ունենք շուկայում բնակարաններ, այդ իսկ պատճառով Գյումրիում, հատկապես Մուշում շատ էժան են բնակարանները: Եվ այսօր փոխանակ միջոց ներդնեն բնակարան կառուցեն եւ մարդիկ չբնակվեն, ավելի լավ է ավելի էժան գնով շուկայում եղած բնակարանների հաշվին այդ հարցը լուծենք: Եթե հետագայում արդեն տեսնենք, որ իշխանությունը կդիմի այդ քայլին: Այսօրվա դրությամբ ավելի էժան եւ ձեռնտու բնակարան գնելն է եւ մանավանդ որ զուգահեռ նաեւ սպասարկման խնդիրը կլուծվի:
Գործառույթը պետք է այնպես կազմակերպել միայն, որ չստացվի վիճակ՝ սերտիֆիկատը վերցնում են, փողը ստանում, իսկ իրենք մնում դրսում: Այնպես անենք, որ քաղաքացին չմնա դոմիկում»:
Մեր այն հարցին, թե ուսումնասիրություն կատարվե՞լ է արդյոք, թե նորակառույց շենքերի բնակարանների քանի տոկոսն է չբնակեցված, ինչ պատճառներ կան դրա համար եւ մտավախությո՞ւն չկա, որ ԲԳՎ-ով գյումրեցի անօթեւանները կգնան ու բնակարան կգնեն վթարային շենքերում, ՀՀԿ պատգամավորն ասաց.
«Ուսումնասիրություն չեմ կարծում, որ հնարավոր լինի կատարել: Ուրիշ բան պետք չէ, երեկոյան պետք է դուրս գալ եւ շրջել այդ նոր թաղամասում, Մուշի նորակառույցներում հազիվ 10-40 տոկոսն է բնակեցված: Ես չգիտեմ՝ որտեղ են տերերը, մի մասը դեռեւս տնակում է, ով սեփական տուն ունի, ով Հայաստանում չէ, ոչ ոք չի կարող ասել: Վստահ ասում եմ, որ շուկայում բնակարանի պակաս չկա, եւ այդ քաղաքականությունը ճիշտ է:
Վթարայիններում տուն գնելուն դեմ եմ, կատեգորիկ դեմ եմ, որովհետեւ 2 տարի հետո նորից անօթեւանի կարգավիճակում է հայտնվելու այդ մարդը»:
Ս. Ավետիսյանն ասաց նաեւ, որ հստակ պայմանավորվածություն կա, որ 30-40 տոկոս խնայված գումարը նորից Գյումրի են բերելու, որպեսզի սկսեն վթարային շենքերի ամրացման աշխատանքները:
«Վթարային շենքերի համար Երեւանում արդեն գումար ենք հատկացնում, պետբյուջեով արդեն հատկացումներ նախատեսել են, մենք անելու ենք այնպես, որպեսզի հաջորդ տարվանից նաեւ Գյումրու վթարայինների համար ծրագիր սկսվի»,- ասաց Ս. Ավետիսյանը: