ԱՄՆ-ն սպառնում է խստացնել ընդդեմ Մոսկվայի պատժամիջոցները

Սպիտակ տունը սպառնացել է ընդդեմ Մոսկվայի նոր պատժամիջոցներ կիրառել, եթե այդ երկիրը հրաժարվի Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնագրի իրագործումից,- հաղորդում է BBC-ն:
«Եթե Մոսկվան շարունակի արհամարհել Մինսկում իր վրա վերցրած պարտականություններն ու շարունակի իր ապակայունացնող ու վտանգավոր գործողությունները, ապա նա թանկ կվճարի»,- հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Բերնադետ Միհենը:
Նրանից անմիջապես հետո ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակին դատապարտել է ռուսամետ անջատողականների կողմից Դոնեցկում ու Լուգանսկում անցկացրած ընտրությունները:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել այդ ընտրությունների մասին, որում ոչ մի խոսք չի ասվում Դոնբասն Ուկրաինային պատկանելու մասին:
ԱՄՆ-ում Մոսկվայի նման մոտեցումը գնահատում են որպես ապօրինի ընտրությունների արդյունքներն օրինականացնելու փորձ: «Այս կեղծ ընտրությունները հակասում են Ուկրաինայի սահմանադրությանը, Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքին ու բոլոր ընտրական նորմերին»,- ասել է Բերնադետ Միհենը: