Ռուսաստանյան աշխատանքային շուկայում ներգաղթյալների թվի կրճատումն անխուսափելի կլինի

Ռուսաստանյան աշխատանքային շուկայում միգրանտների թվի կրճատումն անխուսափելի կլինի։ Ռուսաստանի տնտեսական ակտիվությունը, տնտեսագետների հավաստմամբ, նվազում է, գործունեության ոլորտների ու ծավալների հետ կապված էլ դաշտի նեղացման միտում է նկատվում։ Նշենք, որ այդ թվում և այն ոլորտների մասին է խոսքը, որտեղ զբաղվածություն ունեն հայ ներգաղթյալները։
Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանի և Հայաստանի միջև համաձայնագիր ստորագրվեց, որով Ռուսաստանում հայ միգրանտների աշխատանքային պայմաններն ավելի դյուրացվեցին։ Եթե Ռուսաստանի վրա ներկայիս պատժամիջոցների կիրառման քաղաքականությունը շարունակական բնույթ կրի, ապա սույն համաձայնագրից հայկական կողմն օգուտ քաղել չի կարող, քանզի Ռուսաստանը սեփական բնակչությանը դժվարությամբ աշխատանքով կապահովի։

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում այս համատեքստում նախ նկատեց ՌԴ-ից Հայաստան մտնող տրանսֆերտների կտրուկ նվազումը։ Ըստ տնտեսագետի՝ սա կանխատեսելի էր և պայմանավորված է Ռուսաստանի տնտեսական իրավիճակի, ռուբլու արժեզրկման հետ։ Ինչ վերաբերում է աշխատանքային կրճատումներին, տնտեսագետը մեկնաբանեց․ «Աշխատանքային կրճատումներն անխուսափելի կլինեն, քանի որ Ռուսաստանի տնտեսական ակտիվության ցուցիչն ընկնում է, գործունեության ոլորտներն ու ծավալներն էլ բավականին կնեղանան։ Այս գործընթացն ավելի խորանալու միտում ունի՝ սա դեռ սկիզբն է, և այս պահի դրությամբ կարող ենք չպատկերացնել, թե ինչ մասշտաբներ կընդունեն, եթե Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաները շարունակվեն, ու այսօրվա դրությամբ ամեն ինչ հենց դրան էլ տանում է, որ ոչ միայն կշարունակվեն սանկցիաները, այլև կխորանան։ Մենք տրանսֆերտների հետ կապված լուրջ խնդիրներ կունենանք՝ ծավալների կրճատման առումով»։
Տնտեսագետ Եղիազարյանի համոզմամբ՝ եթե Ռուսաստանը նախկինում ուներ աշխատողների պահանջարկ, միգրանտների պահանջարկ, և եթե Ռուսաստանը նախատեսում էր տնտեսական զարգացման մի ընթացք, որը միգրանտների հոսքի վրա էր հիմնվելու, ապա կիրառվող պատժամիջոցներն իրավիճակը փոխում են։
«Ռուսաստանում կար բնակչության սակավություն, և միգրանտները պետք է լրացնեին այն սեկտորները, որոնք նախատեսվում էին ՌԴ կառավարության կողմից, սակայն այս պարագայում արդեն ավելցուկ էլ կարող է ունենալ և չկարողանա աշխատանքով ապահովել անգամ իր բնակիչներին։ Ռուսաստանի էկոնոմիկան հիմնված է նավթի վրա՝ հումքի արդյունահանման վրա, նավթի գների անկման, շուկաների նեղացման համար պատժամիջոցների այդ ամբողջ շրջանակում Ռուսաստանը լուրջ խնդիրներ կունենա»,- մեկնաբանեց տնտեսագետը։
Աշոտ Եղիազարյանը նշեց, թե դա կունենա իր բացասական հետևանքներն անմիջապես մեր տնտեսության վրա։ Եթե տնտեսական առումով հետևանքները բացասական են, ապա քաղաքական առումով, ըստ տնտեսագետի, գուցե և օգուտ տան: «Լավատեսորեն մոտենալու դեպքում կարող ենք ասել, որ վերջապես մեր կախվածությունը կնվազի Ռուսաստանից, ինչը շատ դրական է։ Այս համատեքստում դիտարկելով՝ կարող ենք ենթադրել, որ կկրճատվի արտագաղթի թիվը։ Սա երկարաժամկետի մասին է խոսքը, ինչ վերաբերում է կարճաժամկետին, ապա սոցիալական խնդիրներն անխուսափելի են»։