Նորություններ

Ղազախստանը ցանկանում է աշխուժացնել տնտեսական եւ մշակութային կապերը Հայաստանի հետ

Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը այսօր Գյումրի է այցելել՝ տնտեսական եւ կրթամշակութային կապերը աշխուժացնելու օրակարգով:

Դեսպանը սկզբում հանդիպեց Շիրակի մարզպետին՝ քննարկելու առեւտրային կապերը Շիրակի մարզի եւ Ղազախստանի միջեւ:

Ֆելիքս Ցոլակյանն առաջարկեց ներկայացնել բոլոր այն ապրանքատեսակների ցանկը, որոնք պահանջարկ ունեն Ղազախստանում: Շիրակի մարզպետը զրույցի ընթացքում ակնարկեց, որ ԱՊՀ երկրներում նախապատվությունը տալիս են թուրքական հագուստին եւ տրիկոտաժին՝ նկատի ունենալով, որ չինականը համեմատաբար որակով զիջում է, սակայն, ըստ նրա, հայկականը շատ ավելի որակով է, քան թեկուզ թուրքականը:

Իսկ դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը ասաց.

«Դեկտեմբերի 3-ին տեղի կունենա Ղազախստան – Թուրքմենստան – Իրան – Պարսից ծոց երկաթուղու բացումը: Ղազախստանը եւ Թուրքմենստանը արդեն վերջացրել են ճանապարհի իրենց մասի կառուցումը, իրանական կողմը նույնպես ավարտական փուլի մեջ է: Հարկ է նշել, որ այդ երկաթուղու միջոցով Հայաստանի համար տնտեսական համագործակցության հեռանկարներ են բացվում:

Տնտեսական հարաբերություններ զարգացնելու համար Շիրակի մարզը նույնպես կարող է խթանիչ ուժ հանդիսանալ, քանի որ այս մարզում նախկինում եղել են շատ հզոր արտադրամասեր, ես հույս ունեմ, որ ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը կրկին կկարողանա վերականգնել բոլոր կորպորատիվ համագործակցությունները:

Իսկ Գյումրու մանկավարժական ինստիտուտում մշակութահումանիտար համագործակցությանը նվիրված գիտաժողով տեղի ունեցավ, որի ժամանակ մեծ մասամբ ռուսերենով ներկայացրին Հայաստանի եւ ՄՄ անդամ մյուս երկրների, այդ թվում Ղազախստանի մշակութային կապերի մասին զեկույցներ:

Եվ երբ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի աշխատակիցը Գյումրու ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի մասի իր զեկույցը ներկայացրեց հայերենով, լսարանում մի տեսակ անհանգստացան, թե դեսպանը հայերենով չի հասկանա Գյումրու մասին, քանի որ վերջինս թարգմանիչ չուներ: Հաջորդը մանկավարժականի դասախոս Արթուր Նիկողոսյանն էր, որ հարգելով հայերենը որպես հաղորդակցության պետական լեզու, իր զեկույցը հայերենով ներկայացրեց:

Իսկ մանկավարժականի դասախոսներից Գագիկ Համբարյանը ռուսերենով հիշեցրեց Ղազախստանի դեսպանին իրենց նախագահ Նազարբաեւի՝ Ադրբեջանի նախագահի նամակը կարդալու շահագրգռվածության ու պատճառների մասին:

Հարցից անհանգստացան եւ միջոցառումը կազմակերպող գլոբալիզացիայի, եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի մասնագետները, եւ հյուրընկալող կողմի ինստիտուտի մյուս դասախոսները: Անգամ շահագրգռվածություն ցուցաբերեցին դեսպանին ուղղված Նազարբաեւին վերաբերող հարցին իրենք պատասխանել: Այնուամենայնիվ դեսպանը պատասխանեց.

«Ես կարծում եմ, որ բոլոր հայերին էլ պարզ է Ղազախստանի դիրքորոշումը: ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը լուծված է, իսկ ինչ վերաբերում է մայիսի 29-ին, ուզում եմ ասել, որ իսկապես նման նամակ եղել է: Այդ նամակը ստացել է Ալմա Աթան, բնականաբար, պատասխանատուն եղել Ղազախստանի նախագահը: Նա միայն բարձրաձայնել է նամակի գրվածը եւ ուրիշ ոչինչ: Ես նորից եմ կրկնում՝ նամակը ստացել ենք գիտաժողովի ժամանակ, այն բարձրաձայնել է Նազարբաեւը, որովհետեւ նա է եղել համակարգողը, այդ ամենի մեջ ոչ մի վիրավորական բան չպետք է տեսնել»:

Back to top button