«Մենք Ռուսաստանի վրա ճնշման քիչ լծակներ ունենք…». վրացի փորձագետներ

Դաշնակցային հարաբերությունների ամրապնդման մասին պայմանագիրը, առաջարկված Ռուսաստանի կողմից Աբխազիային, մեծ դժգոհություն է առաջացրել Թբիլիսիում: Վրաստանի խորհրդարանն այն գնահատել է որպես «անեքսիայի փորձ», իսկ կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին նախարարություններին ու գերատեսչություններին հանձնարարել է պատասխան միջոցառումների ծրագիր մշակել: Ընդդիմությունը, միեւնույն ժամանակ, խորհուրդ է տալիս միջազգային մակարդակի վրա Աբխազիայի եւ Ղրիմի թեման իրար կապել, ինչպես նաեւ աջակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: «Lenta.ru»-ն խնդրել է Վրաստանի փորձագետներին պարզաբանել, թե կոնկրետ ինչով կարող է Թբիլիսին պատասխանել ռուս-աբխազական համաձայնագրին:
Լեւան Բերձենիշվիլի, Վրաստանի խորհրդարանի Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, Վրաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդներից մեկը
«Վրաստանն ակնկալում է, որ մեր աբխազ եղբայրները կհասկանան ու կուրորեն չեն ստորագրի Ռուսաստանի կողմից առաջարկված համաձայնագիրը: Իսկ եթե աբխազական կողմն ամեն դեպքում ստորագրի այդ փաստաթղթի տակ, ապա մեր հաջորդ քայլը կդառնա դիմումը մեր ընկերներին Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում: Դուք ինքներդ էլ հասկանում եք, որ մենք, ցավոք, Ռուսաստանին ճնշելու շատ քիչ լծակներ ունենք: Մենք փոքր երկիր ենք: Մենք տեսնում ենք, որ ագրեսիայի ակտերը, ցավոք, անպատիժ են մնում: Ինչ կարելի է ասել Վրաստանի մասին, երբ Ուկրաինայի նման մեծ երկիրը տուժեց այս առումով: Սա բարդ հարց է…
Մենք հուսով ենք, որ Աբխազիայում կան մարդիկ, ովքեր հավանություն չեն տալիս այդ համաձայնագրին, իսկ այդպիսինները կան Աբխազիայում: Այնտեղ կան մարդիկ, ովքեր ցանկանում են Աբխազիայի անկախությունը ոչ միայն Վրաստանից, այլեւ Ռուսաստանից: Իսկ այդ համաձայնագիրն Աբխազիան դարձնում է Ռուսաստանի մի մասը: Այսինքն, մենք հույս ենք դնում աբխազների եւ միջազգային հանրության վրա: Ճնշման այլ լծակներ մենք չունենք: Դուք հասկանում եք, որ երբ Ռուսաստանի գլխավոր դիվանագետն ասում է, որ ոչ ոք չի կարող խանգարել Ռուսաստանին, սա մատնանշում է, որ երկիրը կորցրել է վերահսկողությունը, եւ նրա ղեկավարությունը, հավանաբար, իրեն անպատժելի է զգում ամբողջ աշխարհի նկատմամբ: Բայց ես կարծում եմ, որ պատմությունը կգտնի այս բոլոր հարցերի պատասխանները, ոչ այսօր, վաղը՝ հաստատ…»:
Սոսո Ցիսկարիշվիլի, «Փորձագետների անկախ ակումբի» նախագահ
«Ես կարծում եմ, որ առաջին հերթին Վրաստանի ինչպես նախորդ, այնպես էլ այժմյան իշխանությունները պետք է ճանաչեն սեփական սխալները եւ փորձեն ջանքերն ուղղել աբխազների հետ կապին, ուղղակի շփումներին: Վրաստանին ահրաժեշտ են անմիջական շփումներ աբխազների հետ: Ես կարծում եմ, որ մենք չպետք է փորձենք ամեն ինչ բարդել Ռուսաստանի վրա, Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունը ոչ այսօր, ապա վաղն ամեն դեպքում կվարկաբեկի իրեն աբխազների աչքերում: Միայն աբխազները կարող են որոշել՝ արդյոք նրանք ցանկանում են լինել մեկ պետություն Վրաստանի հետ, թե ոչ:
Այսինքն կարեւորը, ինչը պետք է Վրաստանն անի հիմա, նախաձեռնի ակտիվ ջանքեր աբխազների հետ անմիջական երկխոսության հասնելու համար, դիմել Աբխազիայի բնակչությանը: Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա այն պետք է հասկանա Ժնեւյան գործընթացի արհեստական եւ ապարդյուն: Նման բանակցություններում միշտ Ռուսաստանն է հաղթում, քանի որ ձեւաչափը նրան հնարավորություն է տալիս»:
Պետրե Մամրաձե, Կառավարման ռազմավարական ինստիտուտի ղեկավար
«Վրաստանի ղեկավարությունը որեւէ արդյունավետ միջոց սույն պայմանագրի շուրջ չի կարող ընդունել: Պետք է հասկանալ, որ ռուս-աբխազական համաձայնագրի շուրջ աղմուկը, որը «ազգայնականներն» են բարձրացրել (նախկին իշխող, այժմ ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները), շատ պարզ նպատակ է հետապնդում. նրանք փորձում են Վրաստանի տարածքային ամբողջականության խախտումները բարդել ներկայիս կառավարության վրա: Եվ պետք է ասել, որ «Վրացական երազանքի» շատ ներկայացուցիչներ կտցահարել են դա, երբ սկսեցին խոսել Ռուսաստանի կողմից անեքսիայի մասին, կարծես թե դա հենց նոր է սկսվել: Եվ գրեթե ոչ ոք, բացառությամբ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, չասաց, որ Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը` 2008 թվականի օգոստոսին Միխայիլ Սաակաշվիլիի ռազմաքաղաքական արկածներից հետո: Այդ ժամանակ Ռուսաստանն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ համաձայնագիր է ստորագրել, եւ ես կարծում եմ, որ նոր առանձին պայմանագիրը ոչինչ չի փոխում: Թեեւ, իհարկե, Վրաստանի կողմից զուսպ հայտարարության մակարդակով արձագանքն անհրաժեշտ է:
Գիա Խուխաշվիլի, Վրաստանի Զարգացման ինստիտուտի ղեկավար
«Ես չեմ տեսնում ոչ մի հնարավորություն, որպեսզի վրացական իշխանություններն այդ ուղղությամբ կարողանան ինչ-որ արդյունավետ եւ գործող բան նախաձեռնել: Միակ բանը, որը մենք կարող ենք անել, այս խնդրի վրա Արեւմտյան հանրության, մեր գործընկերների ուշադրությունը հրավիրելն է եւ տվյալ գործընթացը դատապարտելու համար որոշակի մեխանիզմներ գործադրելը: Այդ գործընթացը կասեցնելու հնարավորությունները շատ քիչ են: Ցավոք, այսպիսին է իրավիճակը: Իհարկե, աբխազական հասարակության մի մասի կողմից տվյալ պայմանագրի վերաբերյալ կան բողոքական տրամադրություններ, սակայն նրանք բավականաչափ ուժեղ չեն, որպեսզի ազդեն համաձայնագրի ճակատագրի վրա: Աբխազիայի խորհրդարանն ամեն դեպքում կքվեարկի դրա օգտին: Բայց ես կարծում եմ, որ սա վերջը չէ, քանի որ Աբխազիայում փոխվում են տրամադրությունները»: