Քո ձայնը

Կեցցե ՀՀ ոստիկանությունը

«Այսօր հայ ժողովուրդը տոնում է ՀՀ ոստիկանության օրը»: Ոչ մի կերպ չի ստացվում այս նախադասությամբ խոսք սկսել: Ինչ է յուրաքանչյուր քաղաքացու մեջ առաջացնում ոստիկանություն ասվածը, արդյո՞ք բերկրանք կամ հրճվանք, թերևս՝ ոչ, առավելագույնը` ոչինչ չի առաջացնում, իսկ նրանք, ովքեր տեսել են ոստիկանական մահակի «համը», դժվար թե մեծ հիացմունք ապրեն ոստիկանական տոնախմբությունից: Յուրաքանչյուրս թերևս ցավով ենք տեսնում պատանեկան դեմքերով ոստիկաններին, ովքեր հաճախ իրենք էլ չգիտեն, թե ինչու են իրենք և իրենց հարազատ քաղաքացիները բարիկադների տարբեր կողմերում, նրանցից շատերը, համոզված եմ, ամենանվիրական ու ազնիվ մղումներով գալիս են աշխատելու մի համակարգում, որն ի սկզբանե կոչված է ծառայելու հանրային շահերին: Սակայն հանրային շահը մեր այլասերված համակարգը յուրացրել և նույնացրել է սեփական շահի հետ, իսկ ոստիկաններին ու ոստիկանությանը վերածել հասարակ մահակի: Դժվարությամբ եմ ինձ ստիպում չհիշել, որ անտիկ Հունաստանում ոստիկանական գործառույթներն իրականացնում էին ստրուկներից կազմված ջոկատները, քանզի Աթենքի քաղաքացու պատվից ցածր էր` ձերբակալել կամ կարգի հրավիրել մեկ այլ քաղաքացու:

Արդյոք մենք, ի դեմս ոստիկանների, գործ ունենք հասարակ ստրկամտության հետ կամ, որ ավելի վատ է՝ ծառայամտության: Իհարկե, մեծագույն սխալ կլիներ բոլորի մասին խոսել և հասկանալի է, որ ասվածը վերաբերում է արթուրղազարյանների տեսակին, եթե նրանք տեսակ ունեն: Սակայն այդ տեսակի գոյությունը մեր շարքերում, ոստիկանության շարքերում և ընդհանրապես, ամենուր վարկաբեկում է մի ամբողջ համակարգ ու կառույց: Թերևս այսօր ականատես կլինենք հերթական սովետական ճոռոմաբանության ու զանազան պարգևատրումների ու ներբողների, սակայն, գուցե լավագույնը կլիներ մի փոքրիկ քայլը ավելի լավը դառնալու համար, եթե առանց բարձրաձայնելու, առանց աղմուկի, ոստիկանությունն ու մեր կյանքի մյուս ոլորտները «մաքրվեին» այն մակաբույծներից, ովքեր հիմնավորապես բույն են դրել մեր մեջ:

Շնորհավոր տոնդ՝ հայրենի ոստիկան….

Աղասի Մարգարյան

Back to top button