Պատժամիջոցների հանգույցը սեղմում է ՌԴ տնտեսության կոկորդը. Financial Times

«Ռուսական բանկային սեկտորի համար վրա է հասնում ամենանյարդային ժամանակաշրջանը 6-ամյա վաղեմության համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո,- գրում է Նիլ Բակլին` Financial Times բրիտանական հրատարակչության լրագրողը: -Պետության հետ կապված խոշոր բանկերը, որոնց համատեղ ակտիվները կազմում են բոլոր ռուսական բանկերի ակտիվների կեսից ավելին, ըստ էության կտրված են արևմտյան ֆինանսավորումից ԱՄՆ ու ԵՄ պատժամիջոցների պատճառով, որոնք կիրառվել են ընդդեմ Ուկրաինայի Մոսկվայի ագրեսիայի պատճառով»:
«Մինչ այդ ռուբլու անկում ապրող փոխարժեքը նվազագույնը ստեղծում է այն բանի հավանականությունը, որ ռուս ներդրողները կարող են սկսել իրենց խնայողությունները հանել դեպոզիտներից ու դրանք դոլարով փոխարինել,- խորհում է լրագրողը: — Այս գործոնները, որոնց գումարվում է նաև նավթի գնի անկումը, նավթի արտահանումից ստացած դոլարային եկամուտների նվազումը, բանկային համակարգում դոլարային ֆինանսավորման սուր պակաս է ստեղծում»:
Հոդվածի հեղինակի կարծիքով` «եթե պատժամիջոցներն ուժի մեջ մնան երկար ժամանակ, իրավիճակը կարող է սրվել` վերածվելով ռուսական բանկերի ու ՌԴ տնտեսության վրա պրկվող հանգույցի»:
Capital Economics միջազգային հետազոտական կազմակերպությունն ասում է, որ չնայած վերջին ամիսներին ՌԴ-ում վարկավորման չափանիշները խստացվել են, դեռևս ոչինչ չի վկայում այն մասին, որ պատժամիջոցները հանգեցրել են բանկային վարկերի տրամադրման անկմանը կամ հասել են 2008 թ. ֆինանսական ճգնաժամի չափերին, ասվում է հոդվածում:
«Սակայն այս ու այլ կանխատեսումները վկայում են, որ պատժամիջոցների ազդեցության ուժեղացման չափով վարկավորման պայմանները կվատթարանան»,- նշում է հոդվածի հեղինակը:
«Եթե ենթադրենք, որ պատժամիջոցները չեղյալ չհայտարարվեն ու չխստացվեն, ապա լուրջ ֆինանսական ճգնաժամը կնշմարվի արդեն 2016 թ.»,- կարծում է լրագրողը:
«Սա տեսականորեն դեռևս ժամանակ է թողնում ճգնաժամի լուծման համար,- եզրափակում է հեղինակը: -Ներդրողների ու ռուս գործարարների համար վտանգը կայանում է նրանում, որ Մոսկվան վերջին ժամանակում միանգամայն պատրաստ է նրան, որպեսզի տնտեսությունից վեր դասի այն, ինչ համարում է առաջնային աշխարհաքաղաքական շահ»: