Սերժ Սարգսյանի փորձը եւ Տարոնի «չխոսկանությունը»

Կարծես թե իրական են դառնում օրեր առաջ տարածված լուրերն այն մասին, որ ՀՀԿ վերնախավում խորհուրդ են տվել Տարոն Մարգարյանին հնարավորինս քիչ խոսել ԶԼՄ-ների հետ: Իհարկե, թերևս ավելի լավ խորհուրդ դժվար թե կարողանային տալ երիտասարդ գործչին իր ավագ ընկերները, մանավանդ, եթե հիշենք Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի «դառը» փորձը: Կարծես թե նույնիսկ Հանրապետականում արդեն հասկանում են, որ իրենց կեղծիքն ու սուտը հոգնեցրել ու անտանելի են դարձել հասարակության համար: Սակայն այստեղ էլ կրկին հանդիպում են անելանելի վիճակի, քանի որ հենց խոսում են, ժողովրդին են զայրացնում, չեն խոսում, այդ նույն լրատվամիջոցները գրում են, որ իրենց արհամարհեց Հանրապետականի ցուցակի առաջին համարը ու կրկին`կազուսային իրավիճակ: Բայց արտաքուստ ամեն ինչ կարգին է, բացի Տարոն Մարգարյանից բոլորն էլ խոսում են, ներբողներ ձոնում քաղաքապետին, արձանագրում վերջին տարիների հսկայական քայլերով առաջընթացը Երևանում, մի խոսքով, բոլորս էլ տեսնում ենք և լսում:
Մի բան սակայն հարցական է մնում, ինչո՞ւ ոչ ոք իր մաշկի վրա չի զգում դրական փոփոխությունները, գուցե իսկապես էլ լրատվամիջոցների ստեղծած գաղջ մթնոլորտն է պատճառը, որ լավ բաներն անտեսվում են: Եթե այդպես է, ուրեմն Տարոնը շատ էլ լավ է անում. ինչու խոսել մթնոլորտը գաղջ դարձնողների հետ, ինչ անենք, որ դրանով իրավունք է խախտվում, էթիկա է խախտվում: Ամեն օր մեր աչքի առաջ իրավունքներ են խախտվում ու ոտնահարվում, այնպես որ մի հատ ավել, մի հատ պակաս, սակայն ի՞նչ տարբերություն:
Այսօր շատ պատահականորեն լսեցի, թե ինչպես է ՕԵԿ ավագանու ցուցակի բավական բարձր հորիզոնականում գտնվող թեկնածուն պատմում է, որ իրենք ակականատես են լինում Հանրապետականի բաժանած ընտրակաշառքներին, սակայն, քանի որ գործընկերներ են, այդ մասին չեն ասելու: Սա, իհարկե, ՕԵԿ-ի կարծիքը չէ միայն, այլ հասարակության մի ամբողջ հատվածի վերաբերմունքը իր շուրջ կատարվող իրադարձություններին: Շատ շատերը պարզապես նախընտրում են լռել՝ երևի մթնոլորտը գաղջ չդարձնելու համար: Թերևս հենց այս գաղջության ֆոնին Հանրապետականները հասկացել են ու հասկացրել Տարոն Մարգարյանին, որ այդ գաղջությունը ոչ թե ԶԼՄ-ներն են ստեղծում, այլ իրենց ցանկացած կեղծ խոսքերը, ուստի՝ Տարոն Մարգարյանը համոզված «չխոսկան» է դարձել:
Աղասի Մարգարյան