Նորություններ

Փայլակ Հայրապետյանի եւ Աշոտ Սուքիասյանի առերեսման մանրամասները

Օֆշորային սկանդալի գործով ձերբակալված Աշոտ Սուքիասյանի և սնանկացած 78-ամյա գործարար Փայլակ Հայրապետյանի միջև, ինչպես հայտնի է, վերջերս երկու անգամ առերեսում է տեղի ունեցել՝ չնայած որ ունեզրկված գործարարն ավելի վաղ մի քանի անգամ հայտարարել էր, թե  ինքը չի ցանկանում մասնակցել ոչ մի առերեսման Ա․ Սուքիասյանի հետ, քանզի ցանկանում է տեսնել նախկին վարչապետին՝ Տիգրան Սարգսյանին ու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին։

Հիշեցնենք՝ Փայլակ Հայրապետյանը այն նույն գործարարն է, ում ունեզրկման համար, ըստ «Հետք» էլէկտրոնային օրաթերթի բացահայտումների, մեղավոր են Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերեր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը: Գործարարը այսպիսով ճանաչվել էր տուժող՝ ՔԳՎ ՀԿԳ-ի վարույթում քննվող գործի շրջանակներում:

Մեզ հետ զրույցում Փայլակ Հայրապետյանը որոշակի մանրամասներ պատմեց Ա. Սուքիասյանի հետ առերեսումից: Սուքիասյանը մասնավորապես ասել է, թե ինքը գործարք իրականացրել է «Ամերիա» բանկի հետ, եւ 2 անգամվա առերեսումից հետո ունեզրկված գործարարը եւս մեկ անգամ համոզվել է, որ բանկը մեծ դերակատարում է ունեցել օֆշորային սկանդալում. «Որ 6 հազար դոլար է վերցրել բանկից, բիզնես ծրագիրը կազմել է, որի ղեկավարը եղել է Գագիկ Սահակյանը, բիզնես ծրագիրը հետո բանկը դրել է մի կողմի վրա ու պայմանագիր է կապել Աշոտ Սուքիասյանի հետ, որով սկսել է իր այլանդակությունները, գումար  բաց թողել հանքի ամրացման համար, որ հանքի՝ չգիտեմ, եթե բանկը հիմք ուներ, որ  հանքում իրոք կար 10 հազար տոննա ոսկի, Հայաստանի բյուջեն որքան է, դա կարող էինք բերեինք աշխատացնեինք, էնպես որ ինչ արել են, կեղծիքի համար են արել, որ իմ ունեցվածքը խլեն, բանկը այդ ամենը Աշոտի հետ է արել, իմ ունեցած 100 միլիոնի ապրանքը մի տարում սկսել են ծախել, որի իրավունքը չունեին»,- ասաց Փայլակ Հայրապետյանը:

Ունեզրկված գործարարը առերեսումների ժամանակ Աշոտ Սուքիասյանից հետաքրքրվել է նաեւ, թե օֆշորային փաստաթղթերում ինչպե՞ս են հայտնվել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արքեպիսկոպոս Կճոյանի ստորագրությունները, եթե պնդում է, որ վերջիններս կապ չեն ունեցել այս գործի հետ, կամ եթե անգամ կեղծել է նրանց ստորագրություններն, ապա ի՞նչ հիմնավորմամբ.

«Իրան երեւի վերադաստիարակել են, ասում է ես կեղծել եմ ստորագրությունները բիզնեսը պաշտպանելու համար: Հարցրեցի ասի այ  Աշոտ, քո բիզնեսը որ պաշտպանում էիր, ումի՞ց էիր պաշտպանում, ո՞վ էր քո ձեռքից խլում այդ բիզնեսը, որ վարչապետին դարձնում էիր քեզ պաշտպան, վարչապետը պետք է լիներ քեզ հովանավոր, հանցագործին պետք է հովանավորեր նախկին վարչապետը, որպեսզի իր բիզնեսը չխլեին: Եթե վարչապետը հանցագործի համար կռիշ է կանգնում, ուրեմն ամենամեծ հանցագործը վարչապետն է: Ես հանգեցի նրան, որ Աշոտ Սուքիասյանը բանկի հետ միասին կազմակերպել են իմ ունեզրկումը. էս ամեն ինչի հիմքում բանկն է՝ վարչապետի, ինչպես նաեւ Կճոյանի հովանավորությամբ»,- նշեց Փայլակ Հայրապետյանը:

Տեղեկացրեց նաեւ, որ նամակ է գրել «Ամերիա» բանկի նախկին սեփականատիրոջը, ում ղեկավարման տարիներին էլ, ըստ Հայրապետյանի, տեղի է ունեցել այս հանցագործությունը. «Գրել եմ՝ հարգելի պարոն Վարդանյան, Ձեր նախագահության ժամանակ էսպիսի հանցագործություն է կատարվել, խնդրում եմ վերանայել, իմ ունեցածը, ինչպես նաեւ իմ կրած վնասներն անցած 4 տարիներին, հետ տալ:  Ես ամեն դեպքում արդարություն եմ ակնկալում, եւ հուսով եմ, որ հասնելու եմ նրան, որ իմ ունեցվածքը ստանալու եմ,սա փոքր հանցագործություն չի, երբ փոքր երեխան հարեւանի տանից շոր է գողանում, 100 հոգով գնում կալանավորում են: Աշոտին էլ մի քանի բան ասացի, ասացի՝ Աշոտ, ամոթ չի, գետինը չես մտնում, որ էստեղ ես հայտնվել, ընտանիքդ, տունդ, տեղդ թողած հայտնվել ես էստեղ, ինքը ոչ մի բան էլ չէր ասում, շշմած լսում էր»,- եզրափակեց սնանկացած գործարարը:

Ավելին
Back to top button