Նորություններ

Հ. Աբրահամյանի կառավարությունը լռեցրեց առեւտրականներին. բողոքի ցույցերը չկայացան

Առեւտրականների 10-օրյա գործադուլներից, բողոքի ցույցերից հետո երեկ վերջապես ՀՀ կառավարությունը՝ Հովիկ Աբրահամյանի ղեկավարությամբ, գլխի ընկավ, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի մասին» օրենքում առկա են տեխնիկական որոշակի խնդիրներ եւ ՀՀ կառավարության կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն որոշվեց Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու նպատակով եռօրյա ժամկետում մշակել և կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան օրենքի նախագիծ, համաձայն որի գույքագրման պահանջը սույն թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակից կերկարաձգվի մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը:

Այսպիսով այսօր արդեն առեւտրականների վաղօրոք պլանավորած բողոքի ակցիաները չկայացան ոչ մայրաքաղաքում, ոչ էլ Գյումրիում, առեւտրականները որոշեցին անցնել աշխատանքի:

ԲՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, գնահատելով կառավարության այս քայլն, ասաց, որ այն փոքրիկ դրական տեղաշարժ է, հետո ավելացրեց, որ հնարավոր է, որ այս կերպ նաեւ նպատակ կա ժամանակ ձգելու:

«Գույքագրման հետ էլ կապված խնդիրներ կան,  այսինքն հիմա օրենքով 10-օրյա ժամկետում հոկտեմբերի 10-ին բոլոր տնտեսվարող սուբյեկտները պետք է  գույքագրում անցկացնեն մի քանի հազար ապրանքների մասով:  Եվ բավականին բարդացված է մեխանիզմը, բարդ է այդ ամենը անելը, եւ որպեսզի դա կարողանան իրականացնել, հետաձգեցին ձեւաչափ մշակելու այդ ձեւաթերթիկը պարզեցնելու,  վերապատրաստելու շատերին, որ կարողանան անել:

Կարծում եմ նաեւ, որ մինչեւ փետրվարի մեկը նաեւ ուրիշ լուծումներ էլի  կլինեն, ամեն դեպքում սա  փոքրիկ առաջ քայլ է:

Սա նշանակում է, որ մինչեւ փետրվարի 1-ը գույքագրում չի լինելու, ստուգում էլ չի լինելու: Սա կարող է նաեւ  որոշակի ժամանակ շահելու նման մի բան է, որ օրենքի գույքագրման պահանջը չլինի: Հիմա կյանքը թող գնա առաջ, այս դեպքերն էլ անցնեն, տեսնենք խնդիրներին ինչ լուծում ենք տալիս: Փոփոխությունը օրենքի նախագծով է գալիս: Հենց օրենքի նախագիծը գա, քննարկումների ժամանակ արդեն  մեր անելիքն է, թե ոնց կանենք»:

ԲՀԿ պատգամավորը կարծում է,որ այս ամենը պայմանավորված չէ քաղաքական գործընթացների, այդ թվում հոկտեմբերի 10-ին սպասվող հանրահավաքի հետ:

Նա հորդորեց չքաղաքականացնել:

Եռյակի մյուս ուժերից Ժառանգություն կուսակցության  խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի կարծիքով՝ ճիշտ հակառակը, կառավարության այս քայլը պայմանավորված է  քաղաքական վերջին զարգացումներով:

«Չորս ամսով հետաձգումը դա ավելի շատ ժամանակի վրա խաղալ է նշանակում: Քաղաքական գործընթացները հաշվի առնելով՝պետք է նկատել, որ  միայն ժամանակ են ձգում: Այն, որ իսկապես այդ օրենքը չէր կարելի ընդունել, եւ մենք էլ ի սկզբանե դեմ ենք քվեարկել, դա փաստ է, այդպես էլ պետք է լիներ, բայց նորից կրկնում եմ՝ կառավարության քայլը միանշանակ քաղաքական գործընթացներով է պայմանավորված, իսկ քաղաքական գործընթացների կուլմինացիան հոկտեմբերի 10-ն է»:

Back to top button