«Տղավարի» զրույց Հովիկ Աբրահամյանի եւ առեւտրականների միջեւ

Առեւտրականները պատասխանի ակնկալիքով այսօր հերթական անգամ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 2-ին բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսի հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր եռօրյա ժամկետում առաջարկել իր լուծումները «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետ կապված առեւտրականների բարձրացրած մտահոգությունների առնչությամբ։ Հավաքվածների խոսքերով՝ չնայած ֆինանսների նախարարը հայտարարել էր՝ օրենքի որոշ դրույթներ փաստացի առկախված են, և ստուգումներ այս պահին չեն արվում, սակայն դա իրենց համար երաշխիք չէ:
Բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսին հերթական անգամ ընդունեց Հովիկ Աբրահամյանը:
Նկատենք, որ Աբրահամյան- առեւտրականներ հանդիպմանը լրատվամիջոցներին ներկա գտնվել թույլատրվեց ընդամենը մի քանի րոպե:
«Տղավարի» զրույց է լինելու՝ պատճառաբանում էին վարչապետի մոտ բարձրացողները: Հանդիպման ժամանակ առեւտրականները մեկ անգամ եւս բարձրացրեցին իրենց խնդիրը՝ դեմ են նոր օրենքին, քանի որ այն վտանգում է ՓՄՁ-ների հետագա գործունեությունը: Աբրահամյանը համակարծիք չէր:
Հանդիպման ավարտից հետո ձեւավորված պատվիրակության անդամները դրսում հավաքվածներին ներկայացրեցին որոշ մանրամասներ: Պարզվում է՝ Աբրահամյանի տրամադրությունից եւ դեմքի արտահայտությունից առեւտրականները պարզել են, որ նա հակված է այս թնջուկը լուծելու: Հովիկ Աբրահամյանը բողոքի ակցիայի մասնակիցներին խորհուրդ է տվել հանդիպել Գագիկ Խաչատրյանին:
Կառավարության որդեգրած քաղաքականությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ հավաքվածների սրտով չէր: Նրանք հայտարարեցին, որ եթե Գագիկ Խաչատրյանի հետ հանդիպումը անարդյունավետ լինի, ապա վաղվանից նոր թափով կշարունակեն իրենց պայքարը: