«Իմ ընտրատարածքում առեւտրական չի եղել, ես ինչի՞ պետք է առեւտրականների լսեմ». ՀՀԿ պատգամավոր

Գյումրիում երեք օր շարունակ բողոքի ցույց իրականացրին փոքր ու միջին ձեռնարկատերերը, որով նրանք էլ իրենց հերթին իրենց դժգոհությունները ներկայացրին հոկտեմբերի մեկից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ:
Հիշեցնենք, որ ըստ այդ օրենքի՝ շրջանառության հարկի դրույքաչափը նախկին 3,5%-ի փոխարեն կսահմանվի 1%: Եվ առեւտրականները պետք է հաշիվ-ապրանքագրերով աշխատեն, այսինքն՝ իրենց ապրանքաշրջանառությունը ցույց տան Պետեկամուտների կոմիտեին: Նոր ուժի մեջ մտնող օրենքի պահանջներով հաշիվ-ապրանքագիր չներկայացնելու դեպքում առաջին անգամ փոքր եւ միջին ձեռնարկատերերը նախազգուշացում են ստանալու, երկրորդ անգամ տուգանվելու են 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Առեւտրականները կառավարությունից պահանջում են հաստատագրված գումար սահմանել եւ իրենց ազատել այդ քաշքշուկներից:
Այս օրենքի փոփոխությունը ՀՀ կառավարության կողմից ներկայացվում է որպես Հ. Աբրահամյանի նախաձեռնած՝ ստվերում գործող տնտեսվարողներին հարկային դաշտ բերելու համատեքստում: Տրամաբանությունն այն է, որ ոչ միայն փոքր տնտեսվարողը չի կարողանալու հարկեր թաքցնել, այլ նաեւ փոքր տնտեսվարողների միջոցով խոշոր գործարարին են բերելու հարկային դաշտ:
Գյումրեցի փոքր ու միջին ձեռնարկատերերը օրեր շարունակ պահանջում էին, որպեսզի իրենց բողոք-դժգոհությունները լսեն Շիրակի մարզից ընտրված հանրապետական պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել օրենքի ընդունմանը: Այնինչ իշխող կուսակցության ներկայացուցիներ Արման Սահակյանն ու Աշոտ Աղաբաբյանը որեւէ կերպ չարձագանքեցին նրանց պահանջներին:
Թիվ 33 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը մեզ հետ զրույցում մասնավորապես նշեց հետեւյալը. «Շիրակի մարզում իմ ընտրատարածքում առեւտրական չկա, իմ մոտ բոլորը մտավորականներ են, սպորտի գործիչներ են, էնպես որ թող էդ առեւտրականներն ինձ չկանչեն, ինչ վերաբերում է շրջանառության հարկին, դրա մասին մենք բոլորս մտածում ենք, ասում ենք մի հատ կիրառման մեջ դրվի, թերությունները տեսնենք, որ հղկվի: էստեղ ես ավելի շատ բան գիտեմ, քան պետք է գայի իրենց էդտեղ լսեի»,- ասաց Աշոտ Աղաբաբյանը:
Այնուհետեւ ավելացրեց, թե ամեն դեպքում առեւտրականների կողմից բարձրացվող հարցերից տեղյակ է ու գտնում է, որ բիզնեսով զբաղվող ցանկացած անձ այս երկրում պետք է հարկատու լինի. «Էս երկրում պետք է բոլորը հարկատու լինեն: Եթե որեւիցե գործունեությամբ զբաղվում եք ու փող եք վաստակում, պետք է հարկ վճարեք: Ես էդ հարցից տեղյակ եմ, զբաղվում ենք, դրա պատասխանները մոտ օրերս կտանք»,- նշեց նա:
Բայց մյուս կողմից էլ որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ գտնում է, որ կառավարությունը փոխզիջման գնալու տեղ չունի, քանի որ օրենքն արդեն ընդունված է. «Կառավարությունն ինքը այնպիսի օրենքներ է մշակում, որ փոխզիջման խնդիր չլինի, եթե ես պետք է օրենք ընդունեմ, որը փոխզիջման կարիք ունի, ինչի՞ պետք է ընդունեմ, դրա համար մենք գտնում ենք, որ կառավարությունն ու ԱԺ-ն, հանրապետական ֆրակցիան, որ նման խնդիրներ չունենք, մենք չենք կարող մի բան անել, որ ժողովրդին դուր չգա, եթե որոշ մարդկանց դա դուր չի գալիս, դա դեռ ժողովուրդ չի»,- եզրափակեց նա: