Քո ձայնը

«Հայտարարագրել են տվել, որ հետո «քցեն». համ եղում են, համ դեղում են»

Երեկ ուշ գիշերին տաքսիով վերադառնում էի տուն: Փողոցներում ամեն օրվանից տարբերվող եռուզեռ էր տիրում, տեղ-տեղ մարդիկ կային հավաքված: Դա չվրիպեց նաև տաքսու վարորդի աչքից:

-Ընտրություններ էին, ավարտվեցին: Պարտվողները երևի հավաքվել են` հասկանալու, թե ինչու այդպես ստացվեց, իսկ հաղթողներն էլ տոնում են իրենց հաղթանակը,- ասացի ես:

-Հա, երևի էլի: Միակ լավ բանն էն է, որ թուր ու թվանքով իրար դեմ դուրս չեկան,- ասաց:-Թե չէ` անիմաստ մարդասպանությունները ոչինչ էլ չեն փոխի:

Տաքսու վարորդը 50-ն անց մի մարդ էր: Թեև տեղամասերում ընտրությունները նոր-նոր էին ավարտվել, բայց նա գիտեր, թե քաղաքական որ ուժն էր հաղթել:

-Ինչի ո՞ւմ համար էր նորություն: Էն օրը մարդամեկը նստել էր իմ տաքսին, հեռախոսով շեֆի հետ էր խոսում: Ով պտի հաղթի էս ընտրություններում` հարցրեց: Տո հիմար, ասեց, պարզ չի թե ով պտի հաղթի` Տարոն Մարգարյանը: Ոնց ուզում եք` արեք, ասեց:

Հետո չմոռացավ հիշել հայտնի բնորոշումներից մեկը` ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարին… Գրեթե

ամբողջ ճանապարհին խոսում էր վարորդը: Իսկ ես լսում ու երբեմն գլխով հավանություն էի տալիս նրա ասածներին:

-Վերջացան ընտրությունները: Եվս 5 տարի կշարունակենք ապրել նույն ձևով, նույն պայմաններում` եթե ոչ ավելի վատ: Ժողովրդի մոտ ոչ մի լավատեսության հույս չկա ու նա կարիքից խեղդված` ստիպված կշարունակի արտագաղթել: Իսկ իշխանությունների մոտ ամեն ինչ կսկսվի նորից. նախորդ 5 տարվան կգումարեն ևս 5 տարվա միլիոններ: Ու չեն էլ ամաչում, ամեն ինչ բացեիբաց հայտարարագրում են,- արձագանքեցի ես:

-Էէէէ, բալիկ ջան, կարծում ես դա նա՞ ա անում: Նրան թելադրում են, որ բացահայտ ասի: Թե չէ, որ նորմալ նախագահ լիներ, կկանչեր մոտը, կասեր` էս դու քանի՞ գլխի տեր ես, էս փողերը քեզ որտեղի՞ց:

-Այսինքն` ուզում եք ասել, որ էնքան են լկտիացել, որ թքա՞ծ ունեն մեր կարծիքի վրա, որ բացահայտ ասում են` դիզել ենք, լավ ենք արել, աչքներդ էլ հանե՞լ ենք,- հարցրեցի:

-Չէ´, բալես,-ասաց,- հայտարարագրել են տվել, որ հետո, երբ պետք լինի, «քցեն»: Երբ ուզենան, հանգիստ կարան բռնեն ու քթից բերեն: Համ եղում են, համ դեղում են: Նա ո՞վ ա: Նա իրանց կամակատարն ա:

Արմինե Վարդանյան

Back to top button