ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Նոր ծառայություն Դյուսելդորֆի օդանավակայանի ուղեւորների համար

Նրանք, ովքեր մեկնել են ճանապարհորդության, օգտվելով Դյուսելդորֆի օդանավակայանից, արդեն կարողացել են գնահատել եւս մեկ հարմարավետ ծառայություն: Խոսքն այն մասին է, որ այլեւս անհրաժեշտություն չկա մեքենան անձամբ կայանել ավտոկայանատեղիում: Դրա համար կա հատուկ ռոբոտ աշխատող:

Որպեսզի համակարգն աշխատեր, պահանջվում էին ինժեներական մտքի վերջին ձեռքբերումները, ծրագրային հատուկ  ապահովում, լազերային ցուցիչներ:

Նրան, ով կայանում է ավտոմեքենաները, անվանում են Ռեյ: Վերջինս միայնակ սպասարկում է 249 տեղանոց մեքենաների ավտոկայանատեղին:

Պատմում է նախագծի համահեղինակ Թոմաս Նագելը. «Այս նորույթի ներդրումից ստացվում է պատկառելի խնայողություն՝ փողի, ժամանակի եւ տարածքի: Երբ սկսեցինք կյանքի կոչել մշակումը, մենք հիմք ընդունեցինք հատկապես տարածքն օպտիմալացնելու ցանկությունը»:

Parking-Robot-Ray_1

Առաջին հայացքից գործընթացը հիշեցնում է «Tetris» համակարգչային խաղը: Ռոբոտները գործում են որպես ինքնաբարձիչներ` մեքենաները փոխադրելով այն վայրերը, որոնք համապատասխանում են դրանց չափերին:

Օդանավակայանի աշխատակից Թոմաս Կյոտտերի գնահատականը. «Սա դեռեւս փորձնական փուլն է:Եթե ​​արդյունքները գոհացուցիչ լինեն, ապա համակարգը կարող է կիրառվել ոչ միայն օդանավակայանի ավտոկանգառներում, այլեւ ուրիշ վայրերում»:

Նրանք, ովքեր ցանկանում են օգտվել ռոբոտ Ռեյի  ծառայություններից եւ թռիչքից առաջ  չվատնել թանկարժեք ժամանակը տհաճ մանրուքների վրա, կարող են նախօրոք պատվիրել: Արդեն գործում է հավելված` նախատեսված  բոլոր տեսակի սմարթֆոնների համար:

Back to top button