«Մեր թիրախը պետք է լինի խոշորը». Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ առեւտրականներին հրահրում են

Փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչների մտահոգությունն անտեղի ու անհիմն է, կառավարությունը որևէ խնդիր չի դրել, որպեսզի ՓՄՁ-ներին ճնշի:
Այս մասին ՀՀ կառավարության նիստում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով Շրջանառության հարկի մասին նոր օրենքից ՓՄՁ-ների դժգոհություններին: «Հակառակը, այս փաթեթով ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ՓՄՁ-ները կայանան: Մենք չենք հանդուժելու, որ ՓՄՁ-ները դառնան հարթակ, որպեսզի նպաստեն խոշորների կողմից հարկերը թաքցնելուն: Մեր թիրախը պետք է լինի խոշորը»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ վարչապետն ապա հանձնարարեց ՀՀ ֆինանսների նախարարությանը ձեռնպահ մնալ ՓՄՁ-ներում որևէ անհիմն ստուգումներից: Հ. Աբրահամյանի խոսքով՝ կան հրահրողներ, որոնք փորձում են տարածել անհիմն տեղեկատվություն, թե կառավարությունը փորձում է ճնշել ՓՄՁ-ներին: Ըստ նրա՝ անհիմն և անհասկանալի է, որ ՓՄՁ-ները ցանկանում են վերադառնալ «Շրջանառության հարկի» 3,5 տոկոս դրույքաչափին, քանի որ նոր օրենքում այն նվազել է մինչև մեկ տոկոս: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ևս իր խոսքում նշեց, թե զարմանալի և անհասկանալի են ՓՄՁ-ների աշխատակիցների անհանգստությունները հոկտեմբերի մեկից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի վերաբերյալ: «ՓՄՁ-ներն անհանգստանալու ոչինչ չունեն, օրենքն ունի երկու կարգավորում, հարկային բեռի թեթևացում՝ 3,5 տոկոսից մինչև մեկ տոկսս, որն աննախադեպ հարկային թեթևացում է: Երկրորդ՝ փաստաթղթաշրջանառության ապահովում:
Օրենքը ոչ թե վարչարարական հսկողություն իրականացնելու նպատակ ունի, այլ օրենքով գործիք է հանդիսանում՝ հնարավորություն ընձեռելով խոշոր ձեռնարկատիրության նկատմամբ իրականացնելու վերահսկողություն»,- նշեց փոխնախարարը: Նրա խոսքով՝ օրենսդրությամբ վարչարարությունն ուղղվել է խոշորին, ՓՄՁ-ները ֆինանսների նախարարության նպատակը չեն: Միաժամանակ, Միրումյանի խոսքով, այս օրինագիծը բազմաթիվ հանրային քննարկումներ է անցել, այդ թվում ՓՄՁ-ների ներկայացուցչությունների մասնակցությամբ: Վ. Միրումյանն ասաց, որ հարկային մարմիններն անհարկի միջամտություններից ձեռնպահ են պահելու ՓՄՁ-ներին, որևէ միջամտություն ՓՄՁ-ների մասով տեղի չի ունենալու: «Ընդամենը ռիսկային սուբյեկտների նկատմամբ տարբեր զգուշացումներից հետո իրականացվի հսկողություն և վարչարարական գործողությունները կուղղվեն միայն նրանց դեմ»: