Նորություններ

«Մեկը մեկի վրա գործ տալու տարբերակը չի աշխատի: Ոչ թե խոշորին են հարկային դաշտ բերելու, այլ փոքր ընկերություններն են փակվելու»

Երեկ ՀՀ կառավարության շենքի մոտ Երեւանի մի շարք տոնավաճառների աշխատակիցներ («Հրազդան», «Մալաթիա», «Հայաստան», «Ֆիրդուս») բողոքի ակցիա իրականացրին:

Մասնակիցներն իրենց բողոքն էին արտահայտում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ, նրանք սպառնում էին գործադուլ հայտարարել, եթե նշված օրենքը չեղյալ չհամարվի:

Բանն այն է, որ ըստ այդ օրենքի՝ շրջանառության հարկի դրույքաչափը նախկին 3,5%-ի փոխարեն կսահմանվի 1%: Եվ առեւտրականները պետք է հաշիվ-ապրանքագրերով աշխատեն, այսինքն՝ իրենց ապրանքաշրջանառությունը ցույց տան Պետեկամուտների կոմիտեին: Նոր ուժի մեջ մտնող օրենքի պահանջներով հաշիվ-ապրանքագիր չներկայացնելու դեպքում առաջին անգամ փոքր եւ միջին ձեռնարկատերերը նախազգուշացում են ստանալու, երկրորդ անգամ տուգանվելու են 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Առեւտրականները կառավարությունից պահանջում են հաստատագրված գումար սահմանել եւ իրենց ազատել այդ քաշքշուկներից:

Այս օրենքի փոփոխությունը ՀՀ կառավարության կողմից ներկայացվում է որպես Հ. Աբրահամյանի նախաձեռնած՝ ստվերում գործող տնտեսվարողներին հարկային դաշտ բերելու համատեքստում: Տրամաբանությունն այն է, ոչ միայն փոքր տնտեսվարողը չի կարողանալու հարկեր թաքցնել, այլ նաեւ փոքր տնտեսվարողների միջոցով խոշոր գործարարին են բերելու հարկային դաշտ:

Ներքին աուդիտի մասնագետ Մուշեղ Մկրտչյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ իրականում սա հերթական օրենքն է փոքր գործարարի նկատմամբ ճնշումներ գործադրելու:

boxoq«Դա լրացուցիչ փաստաթղթաշրջանառության հիմքեր է դնում մարդկանց վրա: Մեծ լծակներ, որ ցանկացած պահի կարողանա հարկայինը մտնել ստուգումների առանց հանձնարարագրի:

Խոսքը զուտ առեւտրի մասին է, եթե գործարարները փաստաթուղթ չտրամադրեն»:

Մուշեղ Մկրտչյանի խոսքերով՝ այն դեպքում, երբ փոքր ու միջին ձեռնարկատերին խոշոր ընկերությունը փաստաթուղթ չի տրամադրում, օրենքով նախատեսված միջոց կա. «Նրանք կարող են հարկային տեսչությանը դիմել էլեկտրոնային տարբերակով, որ այս կազմակերպությունը մեզ փաստաթուղթ չի տվել, հարկայինը կարող է ստուգել եւ տեսնել, եւ պատասխանատվությունը փոքր գործարարի վրայից ելնում է, այսինքն մեկը մեկի վրա գործ տալու տարբերակն է դրված, այդ համակարգն է»:

Մասնագետի խոսքերով՝ ոչ մի ընկերություն էլ այդպես չի վարվի, փոխարենը կարող են հրաժարվել այս կամ այն խոշոր ընկերության հետ աշխատելուց, սակայն դա էլ երաշխիք չէ, որ մյուսի հետ աշխատելու դեպքում նույն խնդրին չեն բախվի:

«Ամբողջ գաղափարն այն է, որ ինքը (նկատի ունի փոքր տրամաչափի տնտեսվարողին) դրված է փաստաթուղթ վերցնելու վրա: Հիմա եթե խոշորը չի տալիս փաստաթուղթ, մանրն ի՞նչ պիտի անի: Կամ պիտի լուռումունջ մնա ու ստիպված սպասի՝ երբ հարկայինը կգա նախազգուշացում կտա կամ կտուգանի, կամ էլ պետք է ինքնափակման գնա:

Լրիվ կամայական սկզբունք է, նախկինում այդ խնդիրը չկար, մարդը կարող էր աշխատել ազատ»:

Ներքին աուդիտի մասնագետ Մուշեղ Մկրտչյանը համոզված է, որ դարձյալ փոքր տնտեսվարողները չեն կարողանալու դիմակայել եւ փակելու են իրենց ձեռնարկությունները:

«Ստիպված կլինեն սնանկանալ: Ոչ թե խոշորին հարկային դաշտ տեղափոխելու տարբերակն է, այլ մանրին վերացնելու տարբերակն է գործում, ես այդպես եմ հասկանում:

Հարյուր լծակներ ունի պետությունը իր ձեռքի տակ, որ խոշորին բերի հարկային դաշտ, այս կերպ խեղճ ու կրակ միջին ձեռներեցը չի կարող գոյատեւել: Աբսուրդի հասնող բան է»,- գտնում է նա:

Back to top button