Առեւտրականներին ես չեմ ուղղորդել, այլ ընդդիմությունը, հակառակը, ես ասել եմ, որ ակցիա չանեն՝ Ա. Աղաբաբյան

Հոկտեմբերի մեկից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքն առաջացրել է փոքր ու միջին բիզնեսով զբաղվողների դժգոհությունը: Ինչպես հայտնի է, երեկ Երեւանի մի քանի տոնավաճառների աշխատակիցներ բողոքի ակցիա էին իրականացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ պահանջով՝ չեղյալ համարել օրենքի փոփոխությունները, որոնք չեն բխում փոքր ու միջին գործարարի շահերից: Նկատենք՝ օրենքի փոփոխությունը նախատեսում է շրջանառության հարկի դրույքաչափը նախկին 3,5%-ի փոխարեն կսահմանել 1%: Իսկ տոնավաճառի աշխատակիցների դժգոհությունը կայանում է նրանում, որ համաձայն այդ օրենքի՝ առեւտրականները պետք է իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնեն համապատասխան մարմիններին, սակայն խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հաճախ ապրանքների վերաբերյալ փաստաթղթեր չեն տրամադրում փոքր ու միջին ձեռնարկատերերին, քանի որ խոշորները գործում են ստվերում:
Նոր փոփոխությամբ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկատերը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով:
Իսկ այն դեպքում, երբ փաստաթուղթը բացակայում է այն պատճառով, որ խոշոր գործարարները չեն տրամադրում փոքր տրամաչափի տնտեսվարողներին, այդ դեպքում, ըստ առեւտրականների, իրենք պետք է հարկային մարմիններին տեղյակ պահեն, որ այս խոշոր ընկերությունը փաստաթուղթ չի տրամադրում: Որպեսզի այս կերպ կարողանան խոշոր տնտեսվարողին եւս բերել հարկային դաշտ եւ պարտադրել հարկային պարտավորությունները կատարելու:
Բողոքի ակցիա իրականացնում էին «Հրազդան», «Մալաթիա», «Ֆիրդուսի» շուկա կոչվող տարածքների առեւտրականները:
«Հրազդան» տոնավաճառը, ինչպես հայտնի է, կապվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի անվան հետ, իսկ «Մալաթիայի» շուկան՝ ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ:
Մեր ունեցած տեղեկություններով՝ փոքր ու միջին ձեռնարկատերերի բողոքի ակցիա իրականացնելու հարցում նաեւ շահագրգռված են եղել հիշյալ պատգամավորները:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նախ հայտարարեց, որ շրջանառության հարկը նախկին 3,5%-ի փոխարեն եթե սահմանվի 1%, հետեւյալ պայմանով դժվարություններ է առաջացնելու փոքր տնտեսվարողի համար. «Որեւիցե ապրանք առնելիս կամ ծախելիս պետք է փաստաթուղթ ունենան, որը մի քիչ հնարավոր չէ՝ արտասահմանից նման փաստաթղթեր ստանալ, հարկավոր է տամոժնիում մտցնել սիստեմ, որ ապրանքը գալիս է այնտեղ գրանցվի, որ որեւիցե փաստաթուղթ ավելի շուտ ձեռք բերվի, որով փորձեն առեւտուր կազմակերպեն, եւ եթե նրանք մեծածախ առեւտուր են անում, պետք է այդ փաստաթուղթը ունենան, որ կարողանան որեւիցե մեկին վաճառելուց փաստաթուղթ ներկայացնեն»,- ասաց ԱԺ պատգամավորը՝ հավելելով, որ այս ամենն արված է, որպեսի գրանցվի ապրանքաշրջանառությունը, եւ մարդիկ հարկային դաշտից դուրս չմնան: «Սա է ընդամենը, որը կազուս է առաջացրել վաճառողի, փոքր ձեռնարկատերերի եւ օրենքի մեջ, այն իմաստով, որ նրանք արտասահմանից ապրանք բերելուց փաստաթուղթ չեն ունենում»,- նշեց Ա. Աղաբաբյանը:
Մեր դիտարկմանը, թե առեւտրականները նաեւ պնդում են, որ խոշոր ընկերությունները շատ հաճախ չեն ներկայացնում փաստաթուղթ, ապա ըստ ԱԺ պատգամավորի՝ եթե ունեն եւ չեն ներկայացնում, ապա դա իրենց համար արդեն իսկ խնդիր է:
ՀՀԿ-ական պատգամավորը գտնում է, որ տոնավաճառի աշխատողների ակցիան արդարացված չէ: «Որովհետեւ մենք արդեն մի շաբաթից ավել է, իմ տնօրենս իրենց հետ բացատրական աշխատանքներ է տարել (ի նկատի ունի Հրազդան տոնավաճառի առեւտրականներին՝ Փ. Ֆ.), քննարկել են խնդիրը, եւ այն իմ միջոցով հասել է պառլամենտ, որտեղ տեղյակ են այդ մասին, որ այո, կա որոշակի դժգոհություն, որի լուծման ձեւաչափը պիտի գտնենք եւ կգտնենք»,- նշեց Ա. Աղաբաբյանը: Նա զրպարտանք որակեց այն տեղեկությունները, թե ակցիան ուղղորդողներից մեկն էլ ինքն է եղել: Ավելին, ըստ Ա. Աղաբաբյանի. «Ես, ընդհակառակը, արգելել եմ, որ ակցիա կատարեն, բողոքի ցույց անեն, որովհետեւ ամեն ինչ հարկավոր է լուծել ավելի խելքին մոտ միջոցառումներով, քան թե ակցիաներով»:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե ստորագրահավաք են արել, որ բոլոր առեւտրականները ներկայանան բողոքի ակցիային, ապա Աղաբաբյանն ասաց, թե այս ստորագրությունները արվել են իրենց բողոքի հիման վրա, եւ այդ դժգոհությունները հասցվել են ԱԺ, որտեղ նախատեսված է լսումներ կազմակերպել: ՀՀԿ-ական պատգամավորը նշում է, որ ակցիա կազմակերպելը ընդհանուր առմամբ ընդդիմության ձեռքի գործը կարող է լինել: «Ցույցերը, միտինգները դրանք ընդդիմությանն են, մեզ ինչի է պետք, որ ես էլ լինեմ մասնակիցը»,- ասաց նա: