Նորություններ

«Այն տպաւորութիւնն է, որ Տէր Վահրամը կամ չի տիրապետում տեղեկատուական համակարգին, կամ էլ արհեստավարժ զրպարտիչ է»

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 Տարօրինակ զարմանքով ընթերցեցի Մայր Աթոռի Տեղեկատուական համակարգի տնօրէն Վահրամ քահանայ Մելիքեանի տարածած հապճէպ հաղորդագրութիւնները՝ իբրեւ արձագանգ իմ հրաժարական նամակի: Այս առիթով հարկ եմ համարում հանրութեան ուշադրութեան արդար դատին յանձնել առ այդ հետեւեալ անհրաժեշտ լուսաբանութիւնները:

Որեւէ քահանայի, առաւել եւս՝ Վեհափառ Հայրապետի մամլոյ խօսնակի համար անյարիր է Մայր Աթոռի պաշտօնական խողովակներով տարածել յերիւրալից ապատեղեկատուութիւն: Այն տպաւորութիւնն է, որ Տէր Վահրամը, լինելով Տեղեկատուական համակարգի տնօրէնը, կամ չի տիրապետում տեղեկատուական համակարգին, կամ էլ արհեստավարժ զրպարտիչ է: Ես անձնապէս ուզում եմ հաւատալ, որ իր պարագային առաջին վիճակն է: Բարեբախտաբար, ինչ ճանաչող անձերն անհամեմատ աւելի շատ են, քան թէ ինչ չճանաչողները: Սակայն որպէսզի հասարակութեան մօտ թիւր պատկերացումներ չձեւաւորուեն եղելութեան մասին, մանրամասնօրէն պիտի ներկայացնեմ ողջ իրականութիւնը՝ յանուն ժողովրդավարական թափանցիկութեան եւ ի սէր ճշմարտութեան: Այսկերպ ես նաեւ հանգիստ կը լինեմ իմ խղճի առաջ եւ ճակատաբաց՝ Աստուծոյ դիմաց:

Նախ, եթէ իմ հրաժարական նամակը յանձնուել է Կարգապահական յանձնախմբին ի քննութիւն, ապա պատշաճ կը լինէր, որ իմ նամակին արձագանգէր այդ յանձնախումբը՝ յետքննութեան: Բայց քանի որ արդէն հնչել են մեղադրանքներին իմ հոգեւոր ծառայութեան եւ վարքի հետ կապուած, ստիպուած պիտի լինեմ բացել այդ ամբաստանութիւնների բոլոր փակագծերը:

Գերազանցութեամբ աւարտելով թիւ 179 միջնակարգ դպրոցը՝ տասը տարուայ ընթացքում դպրոցիս տնօրինութեան կողմից արժանացել եմ ութ գովասանագրերի՝ «վարքի հետ կապված խնդիրների» պատճառով:  Ապա առաջին յայտով ընդունուել եմ Երեւանի պետհամալսարանի Աստուածաբանութեան կրթաճիւղը, որն աւարտել եմ բարձր առաջադիմութեամբ: Ներշնչուելով հոգելոյս Ուսուցչիս՝ Շահէ արքեպիսկոպոս Աճէմեանի՝ տիպար եկեղեցականի կերպարից՝ փափագ ունեցայ հոգեւորական լինել, ինչի համար դիմեցի Գէորգեան ճեմարան՝ Աստուածաբանութեան ամբիոնի երաշխաւորութեամբ: Նոյն տարում առանց քննութիւնների ընդունուեցի Գէորգեան ճեմարանի չորրորդ լսարան՝ Մանկավարժական խորհրդի երաշխաւորութեամբ եւ Վեհափառ Հայրապետի օրհնութեամբ:

Ճեմարանի հինգերորդ լսարանում ուսման առաջադիմութեամբ զբաղեցրել եմ առաջին տեղը, որի համար արժանացել եմ բարձր մրցանակի, իսկ միւս մրցանակն էլ՝ հոգեւոր մամուլում ջանադիր թղթակցութեան համար: Ճեմարանական ուսման տարիների ընթացքում տեսչութեան կողմից որեւէ բանաւոր կամ գրաւոր նկատողութեան չեմ հանդիպել: Հակառակ սրան՝ ճեմարան մուտք գործելու առաջին օրուանից ունեցել եմ հիասթափութիւններ՝ կապուած ճեմարանի յոռի բարքերի եւ խիստ աշխարհիկ մթնոլորտի հետ: Հոգեւոր նկարագիր ունեցող մի քանի ուսանողներ ինձ ետ են պահել ճեմարանից դուրս գալու որոշումից: Հայհոյանքը, ծխելը, գողութիւնը, սիրուհիների «բարեմասնութիւններից» օգտուելը, ապերոյական հաշուեհարդարները սովորական բան էին ճեմարանի ուսանողների համար: Խուլ եւ կոյր ձեւանալով՝ մի կերպ աւարտեցի այդ հաստատութիւնը:

Ապա Գէորգեան ճեմարանի տեսչութեան տուած փայլուն բնութագրի շնորհիւ, որն իմ անձնական գործերի մէջ պէտք է որ լինի, նշանակուեցի Կաթողիկոսարանի դիւանատուն՝ որպէս գործավար քարտուղար: Յաջորդ տարին Վեհափառ Հայրապետի օրհնութեամբ արժանացայ կուսակրօն քահանայական ձեռնադրութեան, որից յետոյ տեսչութեան կողմից հրաւիրուեցի ճեմարան՝ դասավանդելու «Հայ եկեղեցու պատմութիւն առարկան»:

2010 թուականին, արժանանալով Վեհափառ Հայրապետի յատուկ ուշադրութեանը, Վատիկանի հրաւէրով մեկնեցի Փարիզ՝ շարունակելու իմ աստուածաբանական կրթութիւնը: Ուսումնառութեանս աւարտին համալսարանի ղեկավարութիւնը շնորհակալագիր ուղարկեց Վեհափառին՝ իմ«վարքի հետ կապված խնդիրների» պատճառով: Թէեւ Ֆրանսիայում գտնւում էի ուսման առիթով, սակայն ընդառաջ թեմակալ Առաջնորդի խնդրանքին՝ համատեղութեամբ հոգացել եմ նաեւ Ֆրանսայի թեմի հոգեւոր կարիքները: Այդ միջոցին ծագեց Նիսի թնջուկը, որի մասին եւ ակնարկում է Տէր Վահրամը: Լուսաբանելով խնդիրը՝ ասեմ, որ Նիսի եկեղեցու նորակազմ վարչութիւնը ինձ հրաւիրեց իրենց մօտ Սուրբ Պատարագ մատուցելու, քանի որ տեղի հոգեւոր հովիւը գտնւում էր Հայաստանում: Ինձ խոստացան հոգալ ճանապարհածախսը, որը կազմում էր իմ երկու ամսուայ կրթաթոշակը: Ես նոր էի ստացել այն եւ անմիջապէս տրամադրեցի տոմսեր գնելուն, որպէսզի Առաջնորդի օրհնութեամբ գնամ Նիս եւ չուշանամ Պատարագից: Սակայն ի զարմանս ինձ՝ Նիսի եկեղեցու նորակազմ վարչութիւնը հրաժարուեց իր խոստումից եւ չփոխհատուցեց տոմսերի արժէքը: Փաստօրէն, մէկ օրուայ մէջ աղքատութեան մատնուեցի՝ ուսանողական կարիքների եւ օտարութեան պայմաններում: Խնդրի լուծման համար նախ դիմեցի Առաջնորդին, ապա գրաւոր կերպով՝ Ֆրանսայի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետին, սակայն «ձայն բարբառոյ յանապատի»: Աւելի ուշ գտնուեցին բարեացակամ անձինք, ովքեր մեղմեցին իմ նիւթական վնասը: Երբ Վեհափառն իմացաւ այդ մասին, միջամտեց հարցին, քանի որ իմ յուսախաբութեան մէջ նամակով դիմեցի ազատ կացուցել ինձ Սուրբ Էջմիածնի միաբանութեան անդամութիւնից: Ցաւօք, ինչպէս այդ անգամ, այնպէս էլ հիմա, միտումնաւոր կերպով կամ թիւրիմացաբար, իմ դիմումը ընկալուեց իբրեւ կարգաթողութիւն: Մինչդեռ որեւէ եկեղեցական միաբանութիւնից հրաժարուելը երբէք չի ենթադրում կարգաթողութիւն: Այդ երկուսը ոչ հոմանիշ են, ոչ էլ՝ նոյնանիշ: Ինչեւէ, Վեհափառն ինձ մխիթարեց, որ եկեղեցական ասպարէզում նախանձութիւնն ու չկամութիւնը աւելի շատ են, քան՝ աշխարհիկ կառոյցներում: Նաեւ հաւաստիացրեց, որ եթէ շարունակեմ մնալ միաբանութեան մէջ, ապա աւելի գոհունակ պիտի լինեմ: Ես հաւատացի եւ հնազանդ գտնուեցի Վեհափառ Հօր յորդորներին՝ ետ վերցնելով հրաժարական դիմումս: Նոյն տարում վերադարձայ Սուրբ Էջմիածին, եւ շատ գնահատուած զգացի, որ Վեհափառն ինձ նշանակեց Գէորգեան ճեմարանի փոխտեսուչ՝ միաժամանակ դասաւանդելով զանազան հոգեւոր առարկաներ ինչպէս Գէորգեան ճեմարանում, այնպէս էլ Սեւանի Վազգէնեան դպրանոցում:

Աշխատանքային առաջին իսկ շաբաթը անցաւ անհաճոյ մթնոլորտի մէջ: Մտքովս չէր անցնում, որ ճեմարանի տեսուչը նոր անակնկալներ էր պատրաստել ինձ համար: Նա ի սկզբանէ դէմ էր, որ ես ճեմարանում աշխատէի, սակայն մի առիթով խոստովանեց, որ իմ՝ ճեմարան գալուն չընդդիմացաւ, որպէսզի ես փոխուեմ ճեմարանի հոգեզուրկ մթնոլորտում:

Ուսանողական տարիներիս ընթացքում իմ ճանաչած ճեմարանը աւելի էր գորշացել, եւ իմ առաջնահերթ անելիքն էր, ճեմարանում ապահովել հոգեւոր մթնոլորտ: Ինձ համար անընկալելի էր, թէ ինչպէս հոգեւոր կոչուող կրթական հաստատութիւնում բացակայում են աղօթական կեանքը, Սուրբ Գրքի տեւական ընթերցանութիւնը, հոգեւոր ապրումները: Փոխարէնը ճեմարանում պատահականօրէն յայտնուել էին այնպիսի աննկարագիր ուսանողներ, ովքեր իրենց փողոցային պահուածքով եւ «գողական» մտածելակերպով չէին տարբերւում դրսի տղաներից: Երբ փորձեցի կարգի հրաւիրել այդ սաներին, տեսչութեան կողմից հանդիպեցի լուրջ դիմադրութեան, քանի որ, ինչպէս յետագայում բացայայտեցի, այդ անձինք տարբեր եկեղեցականների ծանօթ-ազգականներն էին: Սրանք վատ օրինակ էին հանդիսանում ճեմարանի մնացեալ սաների համար: Տեսուչը նրանց հետ այնքան բիրտ ու դաժան էր վարւում, որ ես սարսափում էի: Մի քանի անգամ տարբեր դասախօսների ներկայութեամբ սաներին նոյնիսկ անուանել է«անասուններ»՝ մոռանալով, թէ ով է ինքը եւ ուր է գտնւում:

Ի վերջոյ, չդիմանալով տեսչի անօրինակ ճնշումներին եւ բռնապետական աշխատելակերպին՝ ես ազատուեցի փոխտեսչի պաշտօնից: Այս անգամ տեսուչն իմ դէմ գործեց լուսարարապետի միջոցով: Վերջինիս նոյնպէս ձեռնտու էր դա, քանի որ այդ հովանաւորեալ սաներից մէկն էլ լուսարարապետի ազգականն էր, ով խիստ նկատողութեան էր արժանացել տեսչութեան կողմից՝ հարբած վիճակում իր լուսանկարը համացանցում տեղադրելու համար:

Այս անառողջ յարաբերութիւնների արդիւնքում ձեռք բերեցի անքնութիւն եւ ողնաշարի ցաւեր: Երբեմն ի վիճակի չէի լինում ներկայ լինել եկեղեցական ծէսերին, որոնց մասին նախապէս տեղեակ էի պահում լուսարարապետութեանը: Սա այն դէպքում, երբ միաբանների կէսից աւելին առհասարակ չի մասնակցում ամէնօրեայ ժամերգութիւններին: Այս պատրուակով յետագայում լուսարարապետն ինձ զրկեց Մայր Տաճարում փիլոն կրելուց՝ հրահանգելով ժամերգութիւնների ընթացքում անկիւն կանգնել Մայր Տաճարի բեմի երրորդ աստիճանի վրայ դէմքով դէպի պատը: Ցարդ, լուսարարապետի տնօրինած պատիժները մնում են հակականոնական, անհիմն եւ քմահաճ, հետեւաբար եւ՝ անընդունելի: Կարգապահական յանձնախմբի ատենապետի մօտ անգամ զարմանք յարուցեցին այս կարգադրութիւնները: Իսկ մի անգամ էլ լուսարարապետը վրաս յարձակուեց, երբ ես վանատուն էի մուտք գործել. իբրեւ թէ միաբանների մուտքը վանատուն արգելուած է: Նախ, ես տեղեակ չէի այդ մասին, յետոյ երբ հարցրի պատճառը, ասաց, որ միաբանները գնում են այնտեղ, եւ իրենց ետեւից օղու շշերն ենք հաւաքում:

Իսկ մի առիթով էլ, երբ Փարիզի եկեղեցու հոգաբարձուներից մէկը այցելել էր Մայր Տաճար, ինձ խնդրեց աջակողմեան դասում նստել ազատ աթոռներից մէկի վրայ, քանի որ գիշերը ճամբորդած լինելով՝ բաւական յոգնած էր: Լուսարարապետը մերժեց նրա խնդրանքը՝ ասելով, թէ մենք ամէն աղբի եկեղեցում տեղ չենք տալիս: Դէ եկ, վարդապետ, ու մի խենթացիր… Այսպիսով, լուսարարապետի որդեգրած ժխտողական կեցուածքն ազդեց ողջ միաբանութեան վրայ: Միայն հոգեւորից զուրկ միջավայրերում են նման կերպ վարւում:

Հարկ է նշել, որ Ֆրանսիայից վերադառնալուց յետոյ դիւանապետի հետ առհասարակ առիթ չեմ ունեցել յարաբերուելու: Միայն մի անգամ նրա հետ խօսքի փոխանակում եմ ունեցել Ջերմուկում, ուր բուժման ըթացքի մէջ էի: Ի դէպ, բուժզննման տեղեկագրերը մէկ ամիս առաջ ուղարկել էի Մայր Աթոռ: Իսկ Վանական խորհուրդն ինձ առհասարակ Մայր Աթոռ չի հրաւիրել: Միայն մէկ անգամ դիւանապետն է կանչել, ում այդպէս էլ չկարողացայ տեսնել:

Վերջում, այս իրականութեան լոյսի ներքոյ Տէր Վահրամին յուշեմ նաեւ «վարքի հետ կապված խնդիրներիցս» մի քանիսը՝ չեմ ծխում, չեմ հայհոյում, ալկոհոլ չեմ գործածում, հեռուստասերիալներ եւ «կարգին» հաղորդումներ չեմ դիտում, կանանց նկատմամբ թուլութիւններ չեմ ցուցաբերում, իսկ Տեղակատուական համակարգի հաղորդագրութիւնները կարդում եմ մեղմ ժպիտով…. Երեւի մեծն Կոմիտասն էլ վարքի հետ կապուած խնդիրներ ունէր, որ իր նանակի մէջ աղաչում էր օրուայ Մատթէոս կաթողիկոսին՝ իրեն արձակելու Սուրբ Էջմիածնի միաբանութիւնից եւ ուղարկելու Սեւանի մենաստան, քանի որ տեսաւ միայն որոգայթ եւ ոչ՝ արդարութիւն:

 Եղիա աբեղայ Խաչատրեան

Ավելին
Back to top button