Նորություններ

«Լինելու է քաղաքական դատավճիռ, Շահենի հորը, պապին իրենք թշնամիներ են համարում»

Օրերս Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազ Գևորգյանը միջնորդեց Շանթ Հարությունյանին դատապարտել 7 տարվա, իսկ նրա անչափահաս որդուն՝  Շահեն Հարությունյանին՝ 5 տարվա ազատազրկման: Մեղադրողը միաժամանակ միջնորդեց Վահե Մկրտչյանին դատապարտել ութուկես տարվա, Ալբերտ Մարգարյանին՝ ութ տարվա, Վարդան Վարդանյանին, Ավետիս Ավետիսյանին, Լիպարիտ Պետրոսյանին 6,5-ական տարվա, Ալեք Պողոսյանին ու Հայկ Հարությունյանին՝ 6 տարվա, Մկրտիչ Հովհաննիսյանին՝  5,5 տարվա, Սևակ Մնացականյանին, Տիգրան Պետրոսյանին ու Արմեն Հովհաննիսյանին` 4-ական տարվա ազատազրկման, իսկ Միսակ Առաքելյանին` 50 հազար ՀՀ դրամի տուգանքի:

Բացի այդ, դատախազի գնահատմամբ  դատաքննության ընթացքում լիովին հիմնավորվել է նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքն առ այն, որ Շանթ Հարությունյանը և ևս 13 ամբաստանյալ խմբով, զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարել են խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:

Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը, մեզ հետ զրույցում նշեց, թե ինքը շարունակում է  քաղաքական պատվեր համարել այս գործը, որի շրջանակներում իշխանություններն, ըստ նրա, ամենադաժան հաշվեհարդարը տեսնում են իր անչափահաս որդու նկատմամբ. «Քանի որ Շահենը ոչ մի գործողություն  չի արել, ընդամենը ինքնապաշտպանվել է, հորն է պաշտպանել: Եվ դրա համար էսօր 5 տարի ազատազրկում տալ, դա մարդկայնորեն անընդունելի է, եւ եթե օրենքով են իրենք շարժվում, օրենք առաջին հերթին մարդու համար պետք է գործի: Կամ օրենքով մի հարվածի համար երեխային 5 տարվա ազատազրկման են դատապարտո՞ւմ»,- ասաց տիկին Ռուզաննան:

Գործի քննության ընթացքից ելնելով՝ Շանթ Հարությունյանի կինը պնդում է, որ ՀՀ իշխանությունները ոստիկանական համակարգի օգտագործմամբ գործ են սարքել: Տիկին Ռուզաննան կարծում է, որ դա նորություն չէ ՀՀ քաղաքացիների համար, պայքարող մարդկանց կամ բանտարկում են, կամ այլ կերպ լռեցնում. «Հիմա սա Վլադիմիր Գասպարյանի հրահանգն է, թե ումը՝ չգիտեմ: Բայց միանշանակ է, որ ամբողջ գործը սարքել են, կեղծ ցուցմունքները, ոստիկաններին տուժող ճանաչելը, բնականաբար էդ ամենը իրենք հաշվահարդար տեսնելու համար էին անում եւ գնալով որոշեցին, որ ավելի խիստ պետք է պատժեն, քանի որ տեսան, որ տղաները չկոտորվեցին, հետ չկանգնեցին իրենց գաղափարներից, պայքարից: Երեւի սպասում էին, թե բոլորը գնան ներողություն խնդրեին, բայց երբ որ տեսան, որ բոլորը պայքարող մարդիկ են, որոշել են խստագույնս պատժեն բոլորին, հատկապես Շահենին, որովհետեւ էս տարիքից են փորձում վերահսկել»,- կարծում է նա:

Արդար դատավճռի հույս տիկին Ռուզաննան չունի, քանի որ իր կարծիքով այն լինելու է քաղաքական դատավճիռ, այնուամենայնիվ դրա հրապարակումից հետո կորոշեն հետագա անելիքների մասին.  «Շահենը անչափահաս է, եւ նրա այն տարիքն է , որ այդ ամենը կարող է շատ վատ անդրադառնալ իր վրա այդ տարիները, նա պետք է այդ տարիքում կրթություն ստանա, բայց անմարդկային աններելի քայլ են անում: Շահենի հորը, պապին թշնամիներ են համարում, դարավոր թշնամիներ, այդ պատճառով էլ էս անգամ որոշեցին դաժան գտնվել նաեւ Շահենի նկատմամբ»,- ասաց մեր զրուցակիցը:

Back to top button
Close