Նորություններ

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված չէ ոչ Ռուսաստանի և ոչ ՆԱՏՕ-ի միջև ընտրություն կատարելու վրա». Կորյուն Նահապետյան

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված չէ ոչ Ռուսաստանի և ոչ ՆԱՏՕ-ի միջև ընտրություն կատարելու վրա: Հայաստանը  պարզ գիտակցում է ազգային անվտանգության պահանջները, իսկ ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը կարևորում են Հայաստանի դերակատարությունը միջազգային և տարածաշրջանային անվտանգության գործում: Վեհաժողովի կարևորագույն հարցերից էր և տարածաշրջանային հակամարտությունները: Դաշնակից երկրներին ուղղված սպառնալիքների առանցքը այսպես կոչված հիբրիդ պատերազմներն էին»:

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ազդեցությունը Հայաստանի և Հարավային Կովկասի վրա» քննարկման շրջանակներում նման տեսակետ հայտնեց ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Ինչ վերաբերում է գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահի մասնակցությանը, Կ. Նահապետյանը նշեց, որ Ալիևը իր ելույթում բացի Աֆղանստանում իր երկրի բավականին շոշափելի մասնակցությունից անդրադարձավ նաև բոլոր այն թեմաներին, որոնք  սովորաբար նրա կողմից ներկայացվում են միջազգային նման հարթակներում: Խոսքը տարածքային ամբողջականության մասին է` գրավված տարածքներ, փախստականներ և այլն: Ըստ Կ. Նահապետյանի՝ Հայաստանն այս առնչությամբ իր  դիրքորոշումը հայտնել է ամենաբարձր մակարդակներում, այդ թվում նաև Բաքվում կայացած ՆԱՏՕ-ի վեհաժողովի շրջանակներում և դրա համար  կարիք չկար ևս մեկ անգամ անդրադառնալ դրանց: «Ադրբեջանը գագաթնաժողովին ցանկանում էր ներկայացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի փոփոխման անհրաժեշտությունը, սակայն, ըստ իս, դա նրան չհաջողվեց»:

Ինչպես հայտնի է, Վիլնյուսյան գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և Ջոն Քերրիի եռակողմ նախապես չհայտավորված հանդիպումը: Կորյուն Նահապետյանը նշեց, որ կարճ ժամանակահատվածում սա երկրորդ հանդիպումն էր  Սոչիում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումից հետո: Բացի այդ, նախատեսվում է նախագահների երրորդ հանդիպումը արդեն Ֆրանսիայում. «Այդ հանդիպումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը և անվտանգության պահպանման հարցը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար առաջնահերթություններից է, չնայած որ  ՆԱՏՕ-ն այդ հարցով չի զբաղվում: Սակայն Սարգսյան-Ալիև Նյուպորտի հանդիպումը կարևոր է և ՆԱՏՕ-ի համար Ռուսաստանի հետ հակամարտության համատեքստում միջնորդության մենաշնորհը Ռուսաստանի ձեռքից վերցնելու ակնկալիքով: Հանդիպման մասին նախապես տեղեկատվություն չէր տարածվում՝ Ռուսաստանի կողմից այս մակարդակում ավելորդ մեկնաբանություններ չլինելու համար»:

Ինչ վերաբերում է հայկական կողմի  դժգոհությանը, Կորյուն Նահապետյանը մեկնաբանում է. «Մենք գտնում ենք, որ Ուելսի գագաթնաժողովի ժամանակ այն դրույթում, որը վերաբերում է Մոլդովայում և Հարավային Կովկասում հակամարտությունները կարգավորելու հարցին, ներառվել են ձևակերպումներ, որոնք ընդհանրացված են կամ ընտրովի մոտեցում են արտահայտում քաղաքական որոշ զարգացումներում` նշելով տարածքային ամբողջականության մասին, սակայն ուղղակիորեն չնշելով ազգերի ինքնորոշման  ժողովուրդների հավասար իրավունքների մասին: Եվ բնական է, որ մենք կարծում ենք, որ այս ընտրողական մոտեցումը կարող է բանակցությունների վրա բացասական անդրադարձ ունենա, քանզի Ադրբեջանն ընդունում է երկակի այդ ստանդարտները, իր երկակի ստանդարտները ռազմատենչ հռետորաբանությամբ»:

Ամփոփելով խոսքը` Կ. Նահապետյանն ասաց. «Հայաստանի Հանրապետության որոշումը` անդամակցել Մաքսային միությանը, չպետք է  դիտարկել որպես ՆԱՏՕ-ի  հետ զարգացող հարաբերությունները կանխող գործընթաց»:

Back to top button
Close