Նորություններ

«ԱՖԿ «Սիստեմա» ընկերության դեմ սկսված արշավը պուտինյան քաղաքականության արդյունք է, իսկ հայ գործարարները պետք է զգուշանան»

ԱՖԿ «Սիստեմա» ԲԲԸ-ի շուրջ վերջին զարգացումները Քաղաքական ու միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը պայմանավորում է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցներով:

Հիշեցնենք՝ ՌԴ քննչական կոմիտեն ԱՖԿ «Սիստեմա» ԲԲԸ  տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովին կասկածում է  փողերի լվացման մեջ. նրա դեմ մեղադրանք է առաջադրվել, ու այս պահին նա տնային կալանքի տակ է: ՌԴ իրավապահ մարմինները համարում են, որ «Սիստեմա» ընկերության ղեկավարությունն անօրինական գործարքներ է իրականացրել «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը ձեռք բերելու ընթացքում: Իսկ «Բաշնեֆտ»-ի գործով, հիշեցնենք, ձերբակալված է հայ գործարար Լեւոն Հայրապետյանը:

Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն այն կարծիքին է, որ ՌԴ իշխանությունները նման ճանապարհներով այս պահին փորձում են ինքնապահպանման խնդիր լուծել, ու դա բացատրում է հետեւյալ կերպ. «ՌԴ-ում կտրուկ վատթարանում է տնտեսության վիճակը, եւ Ռուսաստանի իշխանություններն այսօր իրենց պատկերացրած եւ իրենց հասու ճանապարհներով փորձում են լուծել  ինքնապահպանման խնդիրը եւ այդ ճանապարհին ոչնչացնում են իրենց մրցակիցներին: Եվ այն, ինչ տեղի է ունենում «Սիստեմա» ընկերության հետ, դա ուղղակի միջկլանային կոնֆլիկտների դրսեւորումներից մեկն է, որի ընթացքում գործի են դրվում պետության ռեսուրսները, այսինքն քննչական մարմինները, դատախազությունը, իրավապահ համակարգը: Իսկ «Սիստեմա» համակարգում ներգրավված են անձինք, ովքեր ժամանակին դուրս են եկել հատուկ ծառայություններից, այսինքն այստեղ մենք գործ ունենք նաեւ ներիշխանական բախումների հետ»,- նշեց Ռուբեն Մեհրաբյանը:

ՌԴ քննչական կոմիտեն գտնում է, որ ԱՖԿ «Սիստեմա» ընկերությունը «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերի փաթեթը ձեռք է բերել պայմանագրային գնից 500 մլն. դոլարով էժան, եւ քրեական գործ է  հարուցվել «Բաշնեֆտ»-ի մասնավորեցման  ընթացքում թույլ տրված խախտումների փաստով:

Ռուբեն Մեհրաբյան
Ռուբեն Մեհրաբյան

«Ռուսաստանն ինքնին շատ անկանխատեսելի երկիր է, եւ էնտեղ ոչ թե իսկական օրենքներ են գործում, այլ բանդիտական օրենքներ են, որի դրսեւորումները տեսնում ենք: «Բաշնեֆտի» գործի շրջանակներում ձերբակալված է նաեւ մեր հայրենակից Լեւոն Հայրապետյանը, ով գիտենք, դատարանում բնորոշեց վիճակը բեսպրեդել»,- գտնում է փորձագետը:

Ըստ փորձագետի, ռուսական իշխանությունները գրոհ են սկսել «Սիստեմա» ընկերության դեմ, ինչը կարող է որոշակի անդրադարձ ունենալ նաեւ Հայաստանի վրա. «Որովհետեւ «Սիստեմային» պատկանում են որոշակի ակտիվներ Հայաստանում, եւ եթե այդ ընկերության գործերը վատանան, չի բացառվում, որ հայաստանյան ակտիվների վրա դա անդրադառնա եւ ոչ միայն հայաստանյան: Ռուսական տնտեսությունն ուղղակի ապագա չունի, եւ ռեսուրսը պակասում է: Հայերն էլ պետք է որոշակի հետեւություններ անեն, որ եթե Լեւոն Հայրապետյանին են ձերբակալում, եթե «Սիստեմա» ընկերության տնօրենին են ձերբակալում, ապա ոչ մեկն այլեւս վստահություն չունի, որ հաջորդն ինքը չէ, հետեւաբար պետք է հետեւություններ անեն: Հայաստանի իշխանություններն էլ պետք է էս բոլորի մասին մտածեն, որ Ռուսաստանից հայ բիզնեսմենները որոշեն գալ Հայաստան, նրանց համար որոշակի պայմաններ ստեղծեն, եւ ոչ միայն լոզունգներով, դատարկախոսությամբ զբաղվեն»,- կարծում է Ռուբեն Մեհրաբյանը:

Նա անդրադարձավ նաեւ  ՅՈՒԿՕՍ նավթային կոնցեռնի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու խորհուրդին, որն այս հարցում տվել է Եվտուշենկովին, այն է.  «Եթե Եվտուշենկովը փոխհամաձայնության գնալու հնարավորություն ունի, ապա պետք է գնա դրան… Ես դրանում ոչ մի խայտառակություն ու անհարմար բան չէի տեսնի, եթե նա պայմանավորվեր»:

«Խոդորկովսկին ունի սեփական դաժան փորձը, գիտի ինչ է նշանակում կոնֆլիկտ ունենալ Ռուսաստանի չեկիստական իշխանությունների հետ: Ես կարծում եմ, որ Ռուսաստանը մի երկիր է, որտեղ որոշումները կայացնում է մեկ մարդ, եւ զարգացումներն էլ ընթանում են՝ հաշվի առնելով այդ հանգամանքը»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Back to top button
Close