Միջազգային

Վրաստանի նախագահը դուրս է գալիս Իվանիշվիլիի ստվերից

Վրաստանի պատվիրակության առաջիկա այցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին կրկին սրել է երկրի նախագահի՝ կառավարության հետ հարաբերություններում եւ այսօրվա Վրաստանի պետական կառավարման ձեւի մասին վեճերը:

Վերջին տարիներին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջաններին ելույթ էր ունենում Վրաստանի այն ժամանակվա նախագահը, սակայն այս տարի պետության ղեկավարի համար Վրաստանի պատվիրակության մեջ տեղ չի գտնվել:

Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի այցը չի կայանա: Ըստ նախագահի` այցը Միացյալ Նահանգներ «տապալվել է»` «շատ լուրջ կազմակերպչական աշխատանքի» արդյունքում:

«Դա, իմ կարծիքով, սխալ քայլ է, որն արվել է նախագահական ինստիտուտի դեմ: Կարծում եմ, որ դա մի քայլ է, որն արվել էր՝ ոչ թե ելնելով մեր ազգային շահերից, այլ որոշակի միջգերատեսչական դիմակայությունից»,- հայտարարել է Գեորգի Մարգվելաշվիլին:

Նախագահի այցին Նյու Յորք դեմ են եղել կառավարության ներկայացուցիչները, ովքեր պնդել են, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում վրացական պատվիրակությունը կգլխավորի Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, եւ Վրաստանից երկու առաջնորդի ներկայությունը նպատակահարմար չէ:

Երկու առաջնորդների ուղեւորությունը ճոխություն է. Վրաստանի ԱԳՆ

«Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Վրաստանը պետք է ներկայացված լինի մեկ պատվիրակությամբ: Չկա ոչ մի նախադեպ տարբեր երկրների կողմից Գլխավոր ասամբլեայի այցելությունների պատմության մեջ, երբ պետության երկու բարձրագույն առաջնորդները ներկայացված լինեն այդ միջոցառմանը»,- լրագրողներին է ասել Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Դավիդ Զալկալիանին:

«Վրաստանն այն երկիրը չէ, որն այդպիսի շքեղություն թույլ տա իրեն, որպեսզի երկրի երկու բարձրագույն առաջնորդները ներկայացված լինեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում եւ նրա փոքր բաղկացուցիչ միջոցառումներում»,- հայտարարել է Զալկալիանին:

Իվանիշվիլիի քննադատությունը

«Բոլոր այն հարցերը, որոնք պիտի քննարկվեն ՄԱԿ-ի միջոցառումներում, ուղղակիորեն վերաբերում են կառավարության գործունեությանը, համապատասխանաբար, դա վարչապետի պատասխանատվությունն է, ելնելով բովանդակությունից, ինձ համար ձեւը հասկանալի է ու պարզ, այս դեպքում պետք է վարչապետը գնա»,- հայտարարել է իշխող կոալիցիայի պատգամավոր Իրակլի Սեսիաշվիլին:

Սակայն ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» կարծում է, որ նախագահի այցը ձախողվել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հրահանգով:

Ձեւականորեն Իվանիշվիլին կառավարությունում չի զբաղեցնում ոչ մի պաշտոն, սակայն, ըստ ընդդիմախոսների, մնում է այսօրվա Վրաստանի «միանձնյա ղեկավարը»:

«Կվիրիս Պալիտրա» թերթին տված հարցազրույցում Իվանիշվիլին քննադատել է Մարգվելաշվիլիին գագաթաժողովին մեկնելու մտադրության համար եւ այն բանի, որ նա, ըստ Իվանիշվիլիի, կառավարությունում եւ խորհրդարանում մրցակիցներ է տեսնում:

«Նախագահի եւ վարչապետի միջեւ հակամարտությունը բավարարում է «Ազգային շարժմանը», շատ է բավարարում…,- բացառիկ հարցազրույցում հայտարարել է Իվանիշվիլին,- արդյոք չի՞ երեւում, որ խնդիրը միայն մեկ կողմից է, արդյոք դժվա՞ր է տեսնել, որ դա վարչապետի արտոնությունն է, եւ կառավարությունը որոշում է կայացրել: Արդյոք գեղեցիկ կլինի՞ փոքր ու աղքատ երկրից Ամերիկա երկու առանձին պատվիրակություններ ուղարկելը: Բայց այդ մարդը  դրա հետ հաշվի չի նստում եւ կրկին շարունակում է մրցակցությունը»:

Մարգվելաշվիլիի ճակատամարտը

Մեկնաբանելով իր հասցեին ուղղված քննադատությունը` Մարգվելաշվիլին հայտարարել է, որ ինքը երբեք չի խանգարել կառավարությանը եւ խորհրդարանին` իրենց գործունեությունն իրականացնելիս:

Նախագահը նշել է, որ գտնվում է «քաղաքական կարիերայի գագաթնակետին», եւ ինքը քաղաքական ուժի կարիք չունի իր գործն իրականացնելու համար:

Մինչդեռ, ըստ որոշ քաղաքագետների, Մարգվելաշվիլին, ով նախագահական ընտրություններում հաղթելու քիչ հնարավորություն ուներ` առանց «Վրացական երազանքի» եւ նրա հիմնադիր Իվանիշվիլիի աջակցության, այսօր, ըստ երեւույթին, փորձում է ինքնուրույն քաղաքական խաղ սկսել:

«Կառավարության հետ մրցակցելու փորձերը` հանուն ժողովրդավարության, թաքցնում է նրա ցանկությունը ձեւավորվել որպես ինքնուրույն քաղաքական խաղացող»,- ենթադրում է վերլուծաբան Զաալ Անջապարիձեն:

Փորձագետի խոսքերով՝ Մարգվելաշվիլիից «նախագահ ծեփեցին», եւ Իվանիշվիլին այս հարցում «խաբվեց»: «Ըստ ամենայնի, քանի որ Իվանիշվիլիի շրջապատում իրական ինտելեկտուալները քիչ էին, նրա վրա խիստ տպավորություն էին գործել Մարգվելաշվիլիի այն հատկանիշները, որոնք ակնհայտորեն չէին բավականացնում մյուսներին: Դրա համար նա որոշեց առաջ քաշել, իր կարծիքով, նման անվնաս ինտելեկտուալին նախագահի պաշտոնի համար, եւ ըստ երեւույթին, վրիպել է»,- ասում է Անջապարիձեն:

Ո՞վ է առաջինը

Վրաց քաղաքագետները կարծում են, որ վարչապետի եւ նախագահի միջեւ հակասության աղբյուրը մեծամասամբ Վրաստանի Սահմանադրության անկատարության մեջ է թաքնված:

Սահմանադրության մոդելը, որն ուժի մեջ է մտել Մարգվելաշվիլիի երդմնակալությունից հետո, էապես սահմանափակել է նախագահի լիազորությունները, սակայն նա շարունակում է մնալ պետության ղեկավարը, համարվում է գերագույն հրամանատարը եւ Վրաստանը ներկայացնում է արտաքին աշխարհում:

Back to top button
Close